Լրահոս
Օրվա լրահոսը

Աչաջրի երեխաները ընթերցանության նոր անկյուն ունեն

Հոկտեմբեր 07,2019 15:41

Հոկտեմբերի 5-ին վերաբացվեց Տավուշի մարզի Աչաջուր համայնքի գրադարանը։ Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան «IBBY Հայաստանի» նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, մշակույթի գործիչներ: Ներկա էին նաև գրքոլորտի տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ, հյուրեր:

Ռուզան Տոնոյանը շնորհավորեց ներկաներին գրադարանի վերաբացման առիթով՝ նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա համայնքի մտավոր ներուժը կենտրոնացնելու և մյուս համայնքներին օրինակ ծառայելու համար։ «Աչաջրի մշակույթի տան շենքում գործող գրադարանն իր դռներն է բացում ընթերցասերների առջև բոլորովին նորոգված, տեխնիկապես վերազինված և նոր գրքերով համալրված…Նախաձեռնությունը ևս մեկ խորհուրդ ունի՝ հերթական անգամ արժևորել գրադարանների դերն ու նշանակությունը ընթերցանության կազմակերպման և խթանման գործում», – հավելեց նա։  ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշեց, որ Տավուշի մարզը Հայաստանի իր ամենասիրելի վայրն է դարձել, իսկ գրադարանը՝ երեխաների ամենասիրելի վայրը պետք է լինի: «Կարծում եմ, սա ամենակարևոր իրադարձությունն է ձեր երեխաների կյանքում», – դիմեց նա աչաջուրցիներին։

Աչաջուր համայնքի երեխաների մասնակցությամբ միջոցառումից հետո ՀՀ Ջուն Յամադան ու Ռուզան Տոնոյանը Աչաջրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանի հետ կտրեցին բացման ժապավենը։

Հիշեցնենք, որ գրադարանը վերաբացվել է IBBY-ի հայաստանյան ներկայացուցչության և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ IBBY Yamada դրամաշնորհային ծրագրով։ Վերանորոգման աշխատանքներին աջակցել են Տավուշի մարզպետարանն ու Աչաջրի համայնքապետարանը, մի շարք գործարարներ, իսկ գրադարանի հավաքածուն համալրվել է «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Անտարես», «Ջի Էս Էմ» հրատարակչությունների և «Նոյյան Տապան», «Բուկինիստ» գրախանութների կողմից նվիրաբերված նոր ավելի քան 500 միավոր, հիմնականում մանկապատանեկան, գունազարդ գրքերով։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին նախաձեռնության բոլոր աջակիցներին:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031