«Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի սկսած ռազմական գործողությունները տարածաշրջանում ապակայունացնող իրավիճակ են ստեղծում: Ռազմական գործողությունները 600 կմ ճակատ են ներառում, ինչն աննախադեպ է անգամ վերջին տասնամյակների պարագայում: Այսպիսով, տարածաշրջանի բոլոր սառեցված եւ կիսասառեցված հակամարտությունների համար սա պարարտ հող է՝ «արթնանալու» համար»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողություններին, ասաց թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը:
Նրա գնահատմամբ՝ եթե Թուրքիան այս ռազմական գործողությունները «մարսի», հաջորդ ռազմական գործողությունները տեղի են ունենալու հյուսիսային Իրաքի՝ Իրաքյան Քրդստանի տարածքում. «Եթե Թուրքիայի հայացքն ուղղվի արեւելք, ապա, հնարավոր է՝ որոշ ժամանակ անց նայի նաեւ ՀՀ սահմանին: Մյուս կողմից, չի բացառվում, որ Թուրքիան միջնորդավորված կերպով հակամարտություն սկսի՝ Ադրբեջանի միջոցով հակամարտության մեջ մտնելով ՀՀ-ի հետ: Մի խոսքով, տարածաշրջանում անվտանգության առումով պայթյունավտանգ է»:
Կարեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում տեղի հայերի համար. «Հյուսիսային հատվածում այս պահին էթնիկ եւ կրոնական զտումներ են տեղի ունենում, ուստի հայերի համար եւս վտանգավոր է, հատկապես՝ Կամիշլիի պարագայում: Այս ռազմական գործողությունների հետեւանքով տեղի հայերի կյանքը, անշարժ գույքն ու ունեցվածքը վտանգված են, մինչդեռ այդ հատվածում ամեն ինչ հանգիստ էր մինչեւ այս պահը: Իմ ուսումնասիրություններով՝ Կամիշլիում այս պահին 450-500 հայ է բնակվում: Այս պահի դրությամբ՝ տեղի հայերին որեւէ վնաս չի հասցվել, ինչը չէի ասի Սարի Քանի քաղաքի մասին, որտեղից բոլոր հայ ընտանիքները տարհանվել են: Իսկ Կամիշլիում կարծես թե Հալեպից օգնության հասած հայերը փորձում են հետեւակային հարձակման դեպքում անցնել ինքնապաշտպանության»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































