Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկանում ենք, որ Զանգեզուրն Ալիեւի մտատանջությունն է»

Հոկտեմբեր 26,2019 14:30

Ըստ Շիրակ Թորոսյանի, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ կարեւոր միջանցքը ոչ միայն պահպանենք, այլեւ ամրապնդենք:

Բրատիսլավայում առաջիկայում սպասվելիք ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի, բանակցային գործընթացի հերթական հանդիպումն է, թեեւ ակնկալիքները մեծ չեն: «Դեռեւս չկա մի փաստաթուղթ, որի շուրջ կողմերը թեկուզ նախնական պայմանավորվածություն կունենային՝ սեղանի շուրջ նստելու եւ քննարկումներ կազմակերպելու: Նախկինում եղած փաստաթղթերն այսօր, ըստ երեւույթին, պաշտոնապես չեն համարվում բանակցային հիմք»,-«Առավոտ»-ի հետ զրույցում նշեց Շիրակ Թորոսյանը: «Եթե, օրինակ, «Մադրիդյան սկզբունքները» կարողանան մեկնաբանվել այնպես, որ կողմերի դիրքորոշումները մերձեցվեն, ապա հնարավորություն կառաջանա առավել առարկայական բանակցային գործընթաց սկսելու»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններից մեկին՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», Շիրակ Թորոսյանը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը:

Նա ընդգծեց. «Նորություն չէ, որ Արցախը Հայաստան է: Չկա առողջ մտածող որեւէ հայ, որն այդպես չի կարծում: Մի անգամ չէ, որ Ալիեւն իր ագրեսիվ, չհիմնավորված եւ պահանջատիրական հայտարարություններով «աչք է դնում» ոչ միայն Արցախի, այլեւ ՀՀ տարածքների վրա: Քանիցս ասել է, թե մեր մայրաքաղաքն իբրեւ «Երեւանի խանություն» է: Իսկ օրերս Բաքվում հայտարարեց, թե Զանգեզուրն ապօրինի է միացվել մեզ: Հասկանում ենք, որ Զանգեզուրն Ալիեւի մտատանջությունն է… Զանգեզուրը թուրքական աշխարհի, այսինքն՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ միջնորմ է հանդիսացել: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ կարեւոր միջանցը ոչ միայն պահպանենք, այլեւ ամրապնդենք: Զանգեզուրը հայկական է եւ մնալու է հայկական: Լրջորեն պետք է մտածենք նաեւ մեկ այլ ապօրինության հարցում արդարությունը վերականգնելու ուղղությամբ:

1921թ.-ին, առանց Հայաստանի կարծիքը լսելու, տեղի ունեցավ քեմալ-բոլշեւիկյան դավադրություն. Մոսկվայի հայտնի պայմանագրով Նախիջեւանը հանձնվեց Ադրբեջանին՝ չպատճառաբանված կերպով, առանց ընդհանուր սահմաններ ունենալու: Կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը պետք է պնդի վերանայել այդ ամենը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031