Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի արտգործնախարարը հեղափոխության մասին պետք է համեստորեն լռի»

Հոկտեմբեր 30,2019 12:00

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի համոզմամբ՝  «Հայաստանը արտաքին քաղաքական առումով այնտեղ է, որտեղ եղել է մինչեւ թավշյա հեղափոխությունը»

– Պարոն Բաբաջանյան, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC հեռուստաընկերության HardTalk հաղորդաշարին բուռն քննադատության է արժանացել: Արդարացվա՞ծ է քննադատության այս չափաբաժինը:

– Այո, քննադատությունը միանգամայն արդարացված է եւ տեղին: Ընդ որում, հարցազրույցը քննադատության է արժանի երկու ասպեկտներով՝ նման հարցազրույցի կայացումն ինքնին եւ հարցազրույցի բովանդակությունը: Խնդիրն այն է, որ պետության բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում արտգործնախարարների՝ նման ձեւաչափերով հարցազրույցները ուղղակի հարցազրույցներ չեն, դրանք պետք է լինեն դիվանագիտական աշխատանքի արդյունք: Այսինքն՝ այդ հարցազրույցին պետք է նախորդեր հսկայական աշխատանք, սկսած տեխնիկական դետալների համաձայնեցումից, մինչեւ հարցերի եթե ոչ հստակ հաջորդականություն, ապա առնվազն շրջանակ: Զոհրաբ Մնացականյանի պատասխաններից ակնհայտ էր, որ այդ հարցազրույցին նման աշխատանք չի նախորդել, այլապես նա չէր լինի այդքան անպատրաստ: Սա, կրկնում եմ, մեր դիվանագիտության խայտառակ բացթողումն է, ինչի համար Զոհրաբ Մնացականյանն ուղղակի պատասխանատվություն է կրում:

Եվ խնդիրը միայն արտգործնախարարին ուղղված հարցերը, դրանց սադրիչ բնույթը չէին: Հաղորդավար Սակուրն իր հարցերով ակնհայտորեն ծաղրում, հեգնում էր Հայաստանի Հանրապետությանը, նրա ընտրված իշխանություններին, ինչը բազմապատկում է Զոհրաբ Մնացականյանի պատասխանատվությունը նման խայտառակության համար:

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը

Ինչ վերաբերում է հարցազրույցի ընթացքում Զոհրաբ Մնացականյանի հնչեցրած պատասխաններին, ապա դրանց վերաբերյալ հնչած ու հնչող քննադատությունները եւս միանգամայն արդարացված են: Մնացականյանը չափազանց մակերեսային էր, թողնում էր ոչ թե արտգործնախարարի, այլ դիլետանտի տպավորություն, նա իր պատասխաններով ընդհանրապես չէր կարողանում պաշտպանել հայկական պետության շահերը, ներկայացնել մեր նպատակներն ու տեսլականները, այն դեպքում, երբ նման համաշխարհային հեղինակություն ունեցող լրատվամիջոցի տաղավարը այդպիսի բացառիկ հնարավորություն էր:

– Հատկապես ո՞ր թեմաներում է արտգործնախարարը թերացել այդ հարցազրույցի ընթացքում, ո՞ր հարցերին պատասխանելիս նա ինչ պետք է պատասխաներ, որը չի ասել:

– Զոհրաբ Մնացականյանի ամենացցուն թերացումը վերաբերում էր ղարաբաղյան հակամարտությանը, «Ղարաբաղը հայկական տարածք չէ» հաղորդավարի սադրիչ որակմանը նրա թույլ հակադարձմանը: Հայաստանի արտգործնախարարն ընդհանրապես չխոսեց ղարաբաղյան հակամարտության բուն էությունից, դրա պատմաքաղաքական նախադրյալներից ու հակամարտությունը ծնած պատճառներից: Մենք ոչինչ չլսեցինք 1990-ականներին Ադրբեջանի կողմից իրականացված մարդասպանությունների, ցեղասպանական գործողությունների մասին, մենք չլսեցինք փաստարկներ, որ Ադրբեջանի տարածքում գտնվելը ուղղակի սպառնալիք է հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը: Այս ամենը Զոհրաբ Մնացականյանը պետք է ասեր ի պատասխան միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներից Սակուրի մեջբերումների:

Հայաստանի արտգործնախարարը պետք է խոսեր նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի, դրա ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունների, խաղաղ բնակիչներին կացնահարելու մասին, նա պետք է հիշեցներ Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը՝ աշխարհին ցույց տալու համար, որ Ադրբեջանը ֆիզիկական վտանգ է ներկայացնում Արցախի ժողովրդի համար: Ի պատասխան Սակուրի՝ հայկական կողմից հրադադարը խախտելու մասին հարցին, Զոհրաբ Մնացականյանը պետք է ներկայացներ Ադրբեջանի կողմից մեր ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման շատ ավելի ցցուն վիճակագրությունը, նա պետք է հատուկ շեշտեր, որ Ադրբեջանը կրակահերթեր է արձակում ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ, նա պետք է հնչեցներ միայն վերջին ամիսներին Տավուշի մարզում այդ կրակահերթերից զոհված զինծառայողների ու վիրավորված խաղաղ բնակիչների անունները: Եվ հենց այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը պետք է աշխարհին, այո, աշխարհին, ոչ թե Սակուրին, հիշեցներ 2016 թվականի ապրիլից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հրադադարի խախտման մեխանիզմների ներդրման մասին, պետք է հիշեցներ ու շեշտեր, որ հայկական կողմն ամբողջությամբ պատրաստ է դրան, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է դրանից: Այս ամենի փոխարեն մենք Հայաստանի արտգործնախարարի շուրթերից լսեցինք դասին անպատրաստ դպրոցականի խեղճացած հիմնավորումներ հիշեցնող արդարացումներ՝ ըստ էության, խայտառակվելով ամբողջ աշխարհի առաջ:

– Հայաստանի արտգործնախարարը նշյալ հարցազրույցում եւ ոչ միայն այդ հարցազրույցում, իր ելույթներում, գործընկերների հետ հանդիպումների ընթացքում մշտապես անդրադառնում է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, կարեւորում է հեղափոխությունը, նկատելի է, որ նրա խոսքում այդ թեմաները հիմնական մեխն են: Կարծում եք՝ Հայաստանի հեղափոխական բրենդն իրեն սպառե՞լ է, թե՞ պետության արտգործնախարարի կողմից այդ թեմային անընդհատ անդրադառնալն է անհարկի:

– Հայաստանի հեղափոխական բրենդը, եթե անգամ իրեն դեռ չի սպառել, հաստատ այն թեման չէ, որը պետք է այդքան շոշափի արտգործնախարարը: Խնդիրն այն է, որ թավշյա հեղափոխությունը՝ ունենալով հսկայական ներքին վերափոխումների պոտենցիալ, գրեթե չի առարկայացվել, չի կապիտալիզացվել արտաքին քաղաքականության մեջ: Հայաստանը, չնչին բացառություններով, այսօր էլ վարում է այն արտաքին քաղաքականությունը, վեկտորալ ուղղվածություն ունեցող այն դիվանագիտությունը, որը վարվել է նախորդ իշխանությունների կողմից: Եվ այդ առումով Հայաստանի արտգործնախարարը հեղափոխության մասին պետք է համեստորեն լռի: Հեղափոխության արդյունքում Հայաստանն, այո, ժողովրդավարացել է, էական առաջընթաց է արձանագրվել դեմոկրատական արժեքների ու ազատությունների առումով, սակայն դրա հետ զուգահեռ՝ Հայաստանը շարունակում է մաս կազմել ավտորիտար պետությունների ակումբ հանդիսացող ԵԱՏՄ-ին: Աշխարհում դա տեսնում եւ համարժեք են գնահատում եւ որքան էլ Զոհրաբ Մնացականյանը թմբկահարի թավշյա հեղափոխությունը, աշխարհը տեսնում եւ գնահատում է փաստերով, իսկ փաստն այն է, որ Հայաստանը արտաքին քաղաքական առումով այնտեղ է, որտեղ եղել է մինչեւ թավշյա հեղափոխությունը:

– Պարոն Մնացականյանը հայտնի է՝ որպես ժամանակին ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի վրա աշխատած, եվրոպացի գործընկերների հետ հիմնական ջանքեր գործադրած դիվանագետ: Կարծում եք, որպես պետության արտգործնախարար, նա իր տեղում չէ՞:

– Այո, Զոհրաբ Մնացականյանը մեծ ջանքեր է գործադրել ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի մշակման հարցում, ինչի համար նրան պետք է արժանին մատուցել: Միեւնույն ժամանակ Զոհրաբ Մնացականյանը որեւէ քաղաքացիական դիրքորոշում չի արտահայտել այն ժամանակ, երբ իր իսկ կողմից այդքան բանակցված համաձայնագրի ստորագրումը տապալվեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ին: Ավելին, նա դրանից հետո զբաղեցրեց ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը եւ նրա ղեկավարությամբ ու իրականցմամբ Հայաստանը ՄԱԿ-ում կողմ քվեարկեց մեր շահերից չբխող եւ Ռուսաստանի շահերը սպասարկող բազմաթիվ բանաձեւերի: Նկատի ունեմ՝ Զոհրաբ Մնացականյանը գուցե լավ դիվանագետ է որպես կատարող, սակայն նույնը չեմ կարող ասել նրա գաղափարական, ստեղծարարական, նորարարական տեսակների մասին: Այս ամենով հանդերձ ու դրանից բացի, կարծում եմ՝ Զոհրաբ Մնացականյանը պետք է արդեն իսկ հրաժարական ներկայացրած լիներ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնից՝ հաշվի առնելով այս վերջին խայտառակ հարցազրույցն ու դրա նկատմամբ հանրային վերաբերմունքը:

– Տպավորություն է ստեղծվում, որ ընդդեմ Զոհրաբ Մնացականյանի նաեւ հակաքարոզչություն է իրականացվում, երբեմն մամուլում նրա հրաժարականի մասին լուրեր են նետվում: Հնարավո՞ր եք համարում այս իրավիճակում ՀՀ ԱԳ նախարարի հրաժարականը:

– Տեղյակ չեմ Զոհրաբ Մնացականյանի նկատմամբ հակաքարոզչության մասին, գուցե եւ այդպիսի բան տեղի ունի: Սակայն, անկախ դրանից՝ նշեցի բոլոր այն պատճառները, որոնք պետք է ստիպեին Զոհրաբ Մնացականյանին քաղաքացիական եւ մասնագիտական խիզախություն ցուցաբերել եւ հրաժարական տալ: Հակառակ պարագայում, կարծում եմ, նա պետք է պաշտոնանկ արվի:

– Իսկ ի՞նչ եք կարծում, հե՞շտ է լինել Նիկոլ Փաշինյանի կառավարության արտգործնախարարը: Փաշինյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունում ունի՞ նպատակներ, առաջնահերթություններ, կողմնակի՞ց է նախաձեռնողական քաղաքականության, այս ընթացքում մենք ո՞ւր ենք հասել:

– Ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ, կարծում եմ իրավացի եք՝ այո, այնքան էլ հեշտ չէ զբաղեցնել արտգործնախարարի պաշտոնը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում: Նպատակների, տեսլականների, առաջնահերթությունների առումով գործող կառավարությունը չի փայլում, վարչապետը, այո, անում է հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, խնդրահարույց են, ինչպես օրինակ՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը, ինչի մասին ես այդ ժամանակ մտահոգություններ հայտնել եմ: Մյուս կողմից, սակայն, արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է գիտակցի այս իրողություններն ու բարդությունները եւ եթե անձնային ու մասնագիտական որակներով ունակ չէ իրականացնելու այդ խնդիրները, չպետք է շարունակի պաշտոնավարել:

Ինչ վերաբերում է հարցին, թե այս ընթացքում մենք ուր ենք հասել, ապա կարծում եմ՝ արտաքին քաղաքականության առումով մենք դեռեւս դեգերումների մեջ ենք, որովհետեւ կա անհամապատասխանություն մեր ներքին օրակարգի, մեր ներքին ժողովրդավարական իրավիճակի ու վարվող՝ ըստ էության, դեպի ավտորիտարիզմն ուղղված արտաքին քաղաքականության միջեւ: Թավշյա հեղափոխությունն ամբողջությամբ ժողովրդավարական ակտ էր, դրանից հետո կայացած ընտրություններն ամրապնդեցին մեր ժողովրդավարական իմիջը, դրանով հանդերձ, սակայն, մենք անցած մեկուկես տարիների ընթացքում դեռեւս չենք կարողացել ցանկալի մակարդակով ինտեգրվել ժողովրդավարական աշխարհին, մենք դեռեւս շարունակում ենք այն արտաքին քաղաքականությունը, որը վարվել է նախկին ավտորիտար իշխանության կողմից: Հույս ունեմ, որ այս դեգերումների ընթացքում մենք կկարողանանք համապատասխանեցնել մեր արտաքին քաղաքականությունը ներքին ժողովրդավարական օրակարգին, դա հասկանալիորեն երկարատեւ, բազմագործոն, ջանք ու աշխատանք պահանջող գործընթաց է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 29.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031