Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Այն գործընթացը, որ տեղի ունեցավ այսօր, մեր հայտարարությունների տրամաբանական ավարտն է»

Նոյեմբեր 21,2019 21:50

ՀՖՖ գործկոմի նիստի ավարտից հետո գործադիր կոմիտեի անդամները հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց. «Այսօր տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, որին մասնակցեցին գործկոմի գրեթե բոլոր անդամները: Նիստը նվիրված էր հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի քննարկմանը: Բոլորդ գիտեք, որ մեր հավաքականը Իտալիայում պարտություն կրեց 1:9 աննախադեպ հաշվով, որը իրականում մեր համար շատ մտահոգիչ է, եւ պետք է այս հարցի լուծումները տրվեն:

Քննարկման արդյունքում ես որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ առաջարկեցի եւ հայտարարեցի գործկոմի անդամներին, որ ընդունեն իմ հրաժարականի դիմումը: Գործկոմում ունեցանք երկար քննարկում, որը գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը կմանրամասնի»: Արթուր Վանեցյանը նաեւ մի շատ կարեւոր հայտարարություն արեց. «Երբ 2018 թվականի հոկտեմբեր ամսին ընտրվեցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ես այն ժամանակ եւս հայտարարել էի, որ երկար ժամանակով չեմ եկել ՀՖՖ, որովհետեւ զբաղված եմ այլ աշխատանքով եւ ունեմ այլ առաքելություններ: Այն ժամանակ ասել էի, որ մենք բոլորս՝ ես, որպես ֆեդերացիայի նախագահ եւ գործկոմի անդամները եկել են մեկ նպատակով՝ առողջացնելու հայկական ֆուտբոլը, ստեղծելու մի միջավայր, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ընտրություններ, ընտրել նոր գործկոմի անդամներ եւ ֆեդերացիայի նախագահ, որը կզբաղվի ֆուտբոլի առողջացմամբ եւ ֆուտբոլի զարգացմամբ: Եվ այս գործընթացը, որը տեղի ունեցավ, մեր հայտարարությունների տրամաբանական ավարտն է»:

Ռուբեն Ռուբինյանը հավելեց. «Նախ, վերջին արդյունքից ելնելով, քննարկել ենք վերջին շրջանում ֆուտբոլի վիճակը, եւ քննարկման ընթացքում պարոն Վանեցյանն իր որոշմամբ հրաժարական տվեց ՀՖՖ նախագահի պաշտոնից: Մենք ընդունել ենք հրաժարականը, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, գնահատել միասին ունեցած մեր հաջողությունները: Բացի այս, ընդհանուր համատեքստում գնահատելով իրավիճակը՝ եկել ենք եզրակացության, որ ֆեդերացիան եւ ընդհանրապես հայկական ֆուտբոլը պետք է առողջանա եւ պետք է սկսել առողջացման գործընթաց: Եվ այս առումով, թե գործկոմը ամբողջությամբ, թե պարոն Վանեցյանը միասին եկել են հայտարարի, որ առողջացման գործընթացը պետք է սկսվի պարոն Վանեցյանի հրաժարականից հետո: Որոշում է կայացվել, որ դեկտեմբերի 23-ին հրավիրվելու է ընդհանուր ժողով, որի ընթացքում պետք է ընտրվի նոր նախագահ եւ նոր գործկոմ: Իսկ մինչ այդ, շատ կարեւոր աշխատանք է սպասվում: Կա ուղիղ մեկ ամիս: Հայտնի է, որ ժողովում ներկայացված ՀԿ-ների մի մասը ֆուտբոլի հետ առանձնապես կապ չունի, մի մասը կասկածելի կապեր ունի: Մաքրման գործընթացը պետք է տեղի ունենա, եւ պետք է ապահովենք հայկական ֆուտբոլի առողջացում, արդարություն եւ, ի վերջո, բոլորս հաջողություն մաղթենք նոր գործկոմին եւ ֆեդերացիայի նոր նախագահին»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե գործկոմը հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի համար մեղավորության իր բաժինն զգո՞ւմ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Փաստացի այն, որ գործկոմը նույնպես հրաժարվում է, խոսում է այն մասին, որ մենք նույնպես գիտակցում ենք այն ամենը, ինչ մասին խոսվեց»: Իսկ Արթուր Վանեցյանն էլ ավելացրեց. «Այստեղ պատասխանատվության հարց չի, թե ով ընդունում է իր մեղքը, կամ չի ընդունում: Մենք բոլորս եկել ենք որոշման, որ պետք է բոլորս հեռանանք, մաքրենք այդ դաշտը եւ ապահովենք նոր ընտրություններ, որի արդյունքում կընտրվի նոր գործկոմ, ֆեդերացիայի նոր նախագահ, որի վերաբերյալ որեւէ կասկած եւ հանրային անվստահություն չի լինի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930