Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Թուրքիան Հայաստանի վրա հարձակվելու պլա՞ն էր մշակել. «Nordic monitor»-ի հրապարակման հետքերով. Region Monitor

Նոյեմբեր 29,2019 19:12

Հայկական մամուլում լայնորեն տարածվում է Շվեդիայում գործող «Nordic monitor» կայքի հրապարակումը այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագիր է մշակել:

Հրապարակման մասին

Հրապարակման հեղինակ Աբդուլլահ Բոզքուրթը նշել է, որ Թուրքիայի ռազմական ծրագրի մասին իրենք տեղեկացել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ին մակագրված և 2016թ. մայիսի 23-ով թվագրվող ներքին օգտագործման գաղտնի փաստաթղթից, որի պատճենը հայտնվել է իրենց տրամադրության տակ:

Ըստ «Nordic monitor»-ի այս գաղտնի փաստաթղթում նշվել է, որ Թուրքիայի ԶՈւ-ի «ALTAY» ծածկագրով գործողությունների ծրագրից անհետացել են մի քանի էջ, որոնք վերաբերում են Հայաստանի դեմ ավիահարվածների՝ «OĞUZTÜRK» օդային գործողության պլանին։ «Nordic monitor»-ի ձեռք բերած գաղտնի փաստաթղթի այն հատվածում, որը վերաբերում է Հայաստանի դեմ ռազմական գործողությանը, նշվել է, որ օդային գործողության ծրագիրը վերջնական տեսքի է բերվել 2001թ հուլիսի 13-ին:

Տեղեկանքի մեջ նշվել է, որ գործողության պլանը դեռ ուժի մեջ է, իսկ օդային գործողությանը վերաբերող էջերի անհետացումը բացասական ազդեցություն չի ունենա «ALTAY» գաղտնագրով գործողությունների պլանի վրա:

«Nordic monitor»-ի գործունեության մասին որոշ մանրամասներ

«Region Monitor»-ի իրականացրած հետաքննության արդյունքում հայտնի դարձավ, որ «Nordic monitor» կայքը պատկանում է Շվեդիայում գրանցված «Nordic Research Monitoring Network» ոչ առևտրային կազմակերպությանը: Այն համակարգում են թուրք լրագրողներ Աբդուլլահ Բոզքուրթը, Լևենթ Քենեզը և անվտանգության հարցերով մասնագետ Մուրադ Չեթիները: Նրանք երեքն էլ համարվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ), այլ կերպ՝ Գյուլենական համայնքի անդամներ: Նրանցից Աբդուլլահ Բոզքուրթը գյուլենականներին պատկանող «Zaman» թերթի լրագրող է եղել, նույնը նաև Լենթ Քենեզը: Վերջինը նաև «Meydan» թերթի գլխավոր խմբագիրն է եղել:

Կազմակերպության նպատակների մասին նշված է, որ այն միտված է բարձրացնել Եվրոպայում արմատական ծայրահեղականության միտումների  մասին իրազեկվածությունը: Կայքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքներն առնչվում են մեծամասամբ Թուրքիային: Դրանք հիմնականում երկրի իշխանություններին ակնհայտ  քննադատող հակաէրդողանական նյութեր են:

Նշենք, որ գյուլենականները և այդ համայնքի հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի ներկայիս իշխանությունների թիվ մեկ թշնամին են: Գյուլենը մեղադրվում է 2016թ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը համակարգելու և հրահանգելու մեջ: Հեղաշրջման փորձից հետո իշխանություններն ակտիվ պայքար սկսեցին գյուլենականների դեմ: Այդ պայքարի շրջանակներում փակվեցին նաև գյուլենական համայնքին պատկանող լրատվամիջոցները՝ այդ թվում նաև «Զաման» թերթը:

«Nordic Research Monitoring Network» կազմակերպության գործունեությունն ուսումնասիրելիս պարզվեց, որ կազմակերպության համակարգողները ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք ունեն Թուրքիայի ներկայիս իշխանությունների հանդեպ: Նրանց գործունեությունը՝ նախագծերը և հրապարակումները պետք է դիտարկել Գյուլեն-Էրդողան կամ գյուլենականներ-Թուրքիայի իշխանություններ հակամարտության համատեքստում:

Այնուամենայնիվ, սա բնավ չի նշանակում, որ Հայաստանի դեմ թուրքական ռազմական գործողության պլանի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ցայժմ եղած տեղեկատվության վերլուծությունից որևէ կերպ հնարավոր չէ հաստատել կամ հերքել այդ փաստաթղթի գոյությունը, անգամ, եթե դրա աղբյուրը Թուրքիայի իշխանություններին ծայրահեղ ընդդիմադիրը ուժի ազդեցության ներքո գտնվող ռեսուրսն է:

Ի՞նչ նպատակներ է հետապնդում նման լուր տարածող կայքը

Շվեդիայում գործող, գյուլենական թուրքերի կողմից համակարգվող անգլալեզու կայքի՝ նման լուր հրապարակելու դրդապատճառների մասին «Region Monitor»-ը զրուցել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ։

Վեզիրյանը, ուշադրությունը հրավիրելով բանի վրա, որ կայքի ղեկավարները ծայրահեղ ընդդիմադիր կեցված ունեն Թուրքիայի իշխանությունների հանդեպ, ասաց.

«Կարծում եմ, որ նրանց ընդդիմադիր կողմնորոշումն ազդել է լրատվության մատուցման վրա: Հեղինակը ներկայացրել է այնպես, կարծես Թուրքիան պատրաստվել է հարձակվել Հայաստանի վրա, այնինչ ավելի շուտ խոսքը գնում է գործողությունների պլանի կամ սցենարի մշակման մասին, որն ի դեպ չի վերանայվել մոտ 15 տարի: Նշեմ, որ ես փաստաթուղթը արժանահավատ եմ համարում, քանի որ տարբեր երկրներ, իրենց ազգային անվտանգությունից ելնելով, կարող են պատրաստել նման փաստաթղթեր։ Կարելի է ասել նույնիսկ դա տվյալ երկրի ռազմական կառույցի պարտականութուններից մեկն է։ Ուշագրավ է, որ ըստ այդ գաղտնի փաստաթղթի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների պլանից էջերի անհետացումը չի համարվել լուրջ վնաս Թուրքիայի ԶՈւ-ի «ALTAY» ծածկագրով գործողությունների ծրագրին: Այսինքն ենթանդրելի է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություն իրականացնելը օրակարգային չի եղել և կամ գոնե կարճաժամկետ պլանում Թուրքիան Հայաստանի վրա հարձակվելու նպատակ չի ունեցել»։

Ըստ փորձագետի՝ ամեն դեպքում պետք չէ թերագնահատել Թուրքիայի մտադրության լրջությունը հարմար առիթի դեպքում Հայաստանի դեմ գործողություններ կատարելու հարցում:

«Հակառակը կարծում եմ, սա լավ առիթ նաև մեզ համար պատկերացում կազմելու, թե Թուրքիան ինչպես կարող է գործել և ըստ այդմ հետևություններ անել և զգոն լինել», -ասաց Վեզիրյանը:

Region Monitor

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930