Լրահոս
Օրվա լրահոսը

39-րդ զուգահեռականի ուժը. ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել է Հայաստանին

Սեպտեմբեր 02,2026 22:21 Share

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն այսօր կոչ է արել ամրապնդել եվրոպական միասնությունը՝ ի պատասխան աճող աշխարհաքաղաքական մարտահրավերների՝ սկսած Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմից ու Մերձավոր Արևելքում անկայունությունից՝ մինչև միգրացիա և արտաքին միջամտություն։

Մոնակոյում, որտեղ ամառային դադարից հետո տեղի էր ունենում Նախարարների կոմիտեի առաջին նիստը, գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմը սրվել է աննախադեպ մակարդակի։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը հեռու է կարգավորվելուց և անմիջական հետևանքներ ունի Եվրոպայի համար։

«Մեր անդամ պետություններում քաղաքական դինամիկան կարող է փոխել հարաբերական հավասարակշռությունն ու կայունությունը, որոնց մենք սովոր էինք սառը պատերազմի ավարտից ի վեր», — ասել է նա՝ հավելելով, որ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունը, ինչպես նաև արհեստական բանականությունը, գործընթացները դարձնում են շատ ավելի անկանխատեսելի, քան նախկինում։

Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունները ներկայացնող դեսպանների առջև իր ելույթում Բերսեն նշել է, որ այս ճգնաժամերը միասին մեկ սպառնալիք են ժողովրդավարական անվտանգության համար, ուստի դրանց պետք է պատասխանել միասնական կերպով։ Նրա խոսքով՝ կազմակերպության բարեփոխումն էլ պետք է առաջնորդվի նույն տրամաբանությամբ։

Արևելք՝ 39-րդ զուգահեռականի երկայնքով

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը շարժվում է դեպի արևելք՝ մեկ կարևոր ճշգրտմամբ․ «Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը դեպի արևելք է տեղափոխվում հյուսիսային լայնության 39-րդ զուգահեռականի երկայնքով։ Այդ առանցքն անցնում է անդամ չորս պետությունների միջով»։

Նրա խոսքով՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան գտնվում են Ուկրաինայի պատերազմի, Մերձավոր Արևելքի պատերազմի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում քաղաքական և տնտեսական տեղաշարժերի խաչմերուկում, որոնց մասշտաբը Եվրոպան, ըստ նրա, դեռ լիարժեքորեն չի գիտակցել։

Վաշինգտոնի հռչակագրից մեկ տարի անց՝ Բերսեն ասել է, Հայաստանը և Ադրբեջանը իրական հնարավորություն ունեն առաջընթացը վերածելու կայուն խաղաղության, իսկ Հայաստանն ու Թուրքիան քայլեր են ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Խոսելով Թուրքիայի մասին, որը բնակչությամբ Եվրոպայի խորհրդի ամենամեծ անդամ պետությունն է և ՆԱՏՕ-ի երկրորդ խոշորագույն զինված ուժերն ունի, նա ուղիղ ձևակերպել է․ «Այս մայրցամաքում անվտանգության, ինչպես նաև ժողովրդավարական անվտանգության վերաբերյալ որևէ լուրջ քննարկում չի կարող տեղի ունենալ առանց նրա»։

Նրա խոսքով՝ կառավարությունների միջև խաղաղությունը բավարար չէ։ Այն պահանջում է վստահություն հասարակությունների միջև, իրավունքների հարգում և հաշտեցումն ամրապնդելու ունակ ինստիտուտներ, ինչը հնարավոր է ընդհանուր իրավական տարածքի միջոցով։

Այդ տարածքի ուժը, Բերսեի զգուշացմամբ, «կախված է բոլոր անդամ պետությունների՝ առանց բացառության նորմերին համապատասխանելուց, ինչպես նաև վստահությունից, թափանցիկությունից և երկակի չափանիշների բացակայությունից»։

Թարգմանությունը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել