ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում բնակվող բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ Medicare պետական բժշկական ապահովագրության ծրագրի դեմ ավելի քան 45 միլիոն դոլարի խարդախության համար։ Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
45-ամյա Մայիլյանը սեփական բժշկական կենտրոնի՝ Healthy Way Medical Center-ի միջոցով Medicare-ին կեղծ հաշիվներ է ներկայացրել բոտոքսի ներարկումների համար, որոնք բժշկական առումով անհրաժեշտ չեն եղել կամ ընդհանրապես չեն կատարվել։
ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Medicare-ը փոխհատուցում է բոտոքսի ներարկումները, երբ դրանք անհրաժեշտ են քրոնիկ միգրենի փաստագրված դեպքերի բուժման համար։ Սակայն Մայիլյանը հաշիվներ է ներկայացրել հազարավոր ներարկումների դիմաց, որոնք չեն կատարվել, իրականացվել են բացառապես կոսմետիկ նպատակներով կամ արվել են առանց քրոնիկ միգրենի բուժման համար անհրաժեշտ բժշկական ուղեգրի։
Քննությամբ պարզվել է նաև, որ Մայիլյանը Medicare-ին ավելի քան 19 միլիոն դոլարի հաշիվներ է ներկայացրել այն օրերի համար, երբ իր կլինիկան փակ է եղել։ Նա ծառայությունների մատուցման մասին հաշիվներ է ներկայացրել նաև այն ժամանակ, երբ գտնվել է արձակուրդում՝ Մեքսիկայում, Հավայան կղզիներում, Լաս Վեգասում, Փենսիլվանիայում և Նյու Յորքում։
Կարդացեք նաև
Մասնավորապես, ըստ դատախազության, Մայիլյանը Կալիֆոռնիայում հիվանդներին բոտոքսի ներարկումներ կատարելու համար ավելի քան 200 հազար դոլարի հաշիվներ է ներկայացրել այն ժամանակ, երբ հանգստացել է Մեքսիկայի Կաբո քաղաքում։
Հետաքննության ընթացքում պարզվել է նաև, որ դաշնային քննիչների ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո բժիշկը կեղծել է բժշկական փաստաթղթեր և Medicare-ի շահառուների ստորագրություններ։ Կեղծված փաստաթղթերը նա ներկայացրել է քննիչներին՝ ստեղծելով տպավորություն, թե բուժում է իրականացրել այն հիվանդների նկատմամբ, որոնց իրականում չի ընդունել։ Նրանց թվում եղել է նաև մի մարդ, որը բուժման ենթադրյալ օրը գտնվել է դաշնային բանտում։
Մայիլյանը մեղավոր է ճանաչվել խարդախության 9 և առողջապահական հանցագործության քննությանը խոչընդոտելու 3 հոդվածներով։ Մեղադրական դատավճիռը կայացվել է 2026 թվականի մայիսին՝ վեցօրյա դատավարությունից հետո։
Բացի 15 տարվա ազատազրկումից, դատարանը պարտավորեցրել է նրան Medicare-ին վճարել 32,904,049.41 դոլարի փոխհատուցում և բռնագրավել ավելի քան 16 միլիոն դոլարի գույք, այդ թվում՝ անշարժ գույք, անձնական ունեցվածք, արժեթղթեր և բանկային միջոցներ։
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ խարդախության արդյունքում ստացված գումարներով Մայիլյանը ձեռք է բերել երկու Tesla ավտոմեքենա, այդ թվում՝ Cybertruck, Կալիֆոռնիայում հինգ անշարժ գույք, 12 հազար դոլար արժողությամբ 17-րդ դարի աղեղ և 3 հազար դոլար արժողությամբ նկար։
Գործը հետաքննել են ՀԴԲ-ն և ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության գլխավոր տեսուչի գրասենյակը։



















































