Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոստոլի տղան» ոտքը մեխել էր եւ չէր ընդունում, որ եկեղեցուց գանձանակ է գողացել

Դեկտեմբեր 12,2019 14:30 Share

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Հարությունյանի  դատավճռով Գագիկ Վասիլյանն անցյալ տարվա հունվարի 29-ին դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Գագիկն ինքնավնասումներ է կատարում, մեկ ոտքն է մեխել, մեկ՝ վերջերս կախվելու փորձ արել: Նա ունի առողջական խնդիրներ, եւ նրա ինքնավնասումներն ըստ էության դատավճռի դեմ են:

Դատական գործընթացի ժամանակ նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց «Ստորագրություն չհեռանալու մասին», որից հետո, դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո, տարվել է նախ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», ապա՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Այս տարվա սեպտեմբերի 8-ին՝ դատավճռից մեկ տարի ութ ամիս մեկ օր հետո, նա բողոք է բերել: Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բողոքն առանց քննության թողնելու մասին:

Դատարանը հիշեցրել է, որ խախտվել են ժամկետները, նաեւ որոշման մեջ նշել է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստին ներկա է գտնվել դատապարտյալը, որին պարզաբանվել է դատական ակտի բողոքարկման կարգը, ժամկետը եւ մարմինը:

2018 թվականի փետրվարի 1-ին առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինակն ուղարկվել է Գ. Վասիլյանի փաստացի բնակության վայրի՝ Երեւան, Օհանովի 32/26 հասցեով, սակայն ծրարն առաջին ատյանի դատարանում հետ է ստացվել «Տեղափոխված» նշումով: Գագիկն «Առավոտին» ասում է, որ դա իր հասցեն չէ, այնտեղ մեկ-մեկ է գնում, երբ որպես տաքսու վարորդ պատվեր կատարելիս հարկ էր լինում մնալ Երեւանում: Այդտեղ մնում է իր տատը: Եվ որ իր հասցեն Լոռու մարզում է՝ Ալավերդի, Դեբեդի 1/8-ում: Եթե Գագիկն այդ հասցեից չէր ստանալու իր դատավճիռն ու ծանուցագրերը, ապա ինչո՞ւ էր ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա. Ուլիխանյանը որոշում  կայացրել կալանք դնել Ալավերդի քաղաքի Դեբեդի 1/8 հասցեում գտնվող բնակարանի` մեղադրյալ Գագիկ Վասիլյանի մասնաբաժնի վրա: Չէ՞ որ մինչ օրս չի ընդունվում այն, որպես Գագիկի բնակատեղի:

Հետեւաբար, Գագիկը գտնում է, որ ինքը չի ստացել դատավճիռը, զրկված է եղել այն բողոքարկելու հնարավորությունից: Ըստ նրա  եռահատոր քրեական գործում տեղ գտած փաստաթղթերից մեկի, 2018 թվականի մարտի 6-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի կողմից կազմվել է տեղեկանք առ այն, որ տվյալ օրվա դրությամբ դատարանի գրասենյակում նշյալ «քրեական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բողոք չի ներկայացվել»:

2018 թվականի մարտի 22-ին առաջին ատյանի դատարանում ստացվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետի գրությունն առ այն, որ որոշմամբ որպես պատժի կրումից խուսափող դատապարտյալ՝ Գագիկ Վասիլյանի նկատմամբ 2018 թվականի մարտի 14-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել է հետախուզական գործը:

Գագիկն ասում է, որ նա մի անգամ մարզի դատարանի մոտից զանգել է ոստիկանություն, բայց որեւէ մի հետախուզման մասին ակնարկ չի եղել. «սպասել են, որ գնամ Երեւան, այնտեղ բռնեն»:

2018 թվականի ապրիլի 26-ից Գագիկ Վասիլյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է։

Միայն այս տարվա օգոստոսի 23-ին է առաջին ատյանի դատարանում ստացվել  դատապարտյալի դիմումը՝ իր վերաբերյալ կայացված դատավճիռը ստանալու խնդրանքի մասին։ Օգոստոսի 27-ին դատավճռի օրինակն ուղարկվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ուր գտնվում էր դատապարտյալը:

Գագիկի գործով կա տուժող, որի ներկայացուցիչ Ռոբերտ Ասատրյանի կողմից ներկայացված է քաղաքացիական հայցի պահանջ` 382.400 ՀՀ դրամի վերաբերյալ: Դատարանն այդ մասով մասնակի է բավարարել պահանջը. Գագիկ Վասիլյանից հօգուտ Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի բռնագանձել 332.400 ՀՀ դրամ` որպես հանցագործության հետեւանքով պատճառված վնասի հատուցում: Քաղաքացիական հայցի մնացած մասը թողել է առանց քննության:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

Ըստ գործի նյութերի, նա ապօրինի մուտք է գործել Հաղպատ վանական համալիրի մասնաշենք եւ դրամարկղից գողացել 182.400 ՀՀ դրամ գումար ու մետաղյա գանձանակ, որի մեջ եղել է 150-200.000 ՀՀ դրամ գումար՝ Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմին պատճառելով զգալի չափերի՝ 332.400 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ի դեպ, քննիչի որոշում կա, որ Գագիկը մենակ չէր, ներգրավել էր Արսեն Պալոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Վասիլյանի եւ քննությամբ դեռեւս ինքնությունը չպարզված անձի հետ համատեղ, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, Երեւան քաղաքի բնակչի անունով հաշվառված, սակայն Գագիկ Վասիլյանի կողմից վարած «Օպել Վեկտրա» մակնիշի, 34 ON 077 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել են Լոռու մարզի Հաղպատ գյուղում գտնվող նույնանուն վանական համալիր, որտեղ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Մեծ Գավիթի մասնաշենքի մուտքի դուռը, ապօրինի մուտք են գործել հիշյալ մասնաշենք եւ կատարել հիշյալ գողությունը:

Թե նախաքննության ժամանակ, թե դատարանում, թե դատավճռից հետո Գագիկ Վասիլյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ «Դայվո» մակնիշի կարմիր գույնի մեքենայով իրեն անծանոթ երկու ուղեւոր է տարել Հաղպատի վանական համալիր: Ուղեւորները մոմ վառելու նպատակով մտել են համալիր: Նա ասել է նաեւ, որ «Օպել» մակնիշի 34 977 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Հաղպատ չի գնացել:

Վկաներից մեկն ասել էր, թե նկատել է վարորդի ձեռքի դաջվածքները:

Նա բացառեց, որ գիշերը, տարածության վրա, վկան կարողանար տեսնել իր ձեռքի դաջվածքները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031