Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում այսօր սկսվեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով նիստը: Սամվել Բաբայանը պահանջում է կարճել 2017 թվականին իր դեմ հարուցված քրեական գործը: Դատախազն այսօր ներկայացրեց մեղադրանքը:
Հիշեցնենք, Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականին «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակում: Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) և դատապարտել 6 տարվա ազատազրկման։ 2018-ի հուլիսի 15-ին կալանավայրից ազատ արձակվեցին «Իգլայի» գործով մեղադրյալներ Արմեն Պողոսյանը, Սանասար Գաբրիելյանն ու Սամվել Բաբայանը։ Վճռաբեկ դատարանն այդ օրը ոչ միայն նրանց կալանքը փոխելու որոշում էր կայացրել, այլ նաեւ Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով դատավճիռն էր բեկանել ու այն ուղարկել վերաքննության։
«Սերժ Սարգսյանը պատվեր էր տվել, գործը սարքել էին»,- վճռի բեկանումից հետո հայտարարել էր Սամվել Բաբայանը:
Ի դեպ, նիստը նախագահող դատավորը մերժեց Սամվել Բաբայանի միջնորդությունը՝ թույլատրել լրատվամիջոցներին տվյալ գործի ամբողջական ծավալով տեսանկարահանումներ եւ ուղիղ հեռարձակումներ դատարանի դահլիճից: Դատավորը թույլատրեց լուսանկարահանում եւ տեսանկարահանում միայն 10 րոպե: Նիստի մնացյալ ժամանակահատվածում լրագրողները կարող են միայն ձայնագրել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































