Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ամենամեծ հարստութիւնը Հայերն են». «Մոնթե Մելքոնեան եւ Լեոնիդ Ազգալդեան» հայրենասիրական երեկոյ՝  Մոսկուային մէջ

Դեկտեմբեր 12,2019 16:55 Share

2019 թ. դեկտեմբերի 6 -ին Մոսկուայի դեսպանատանը պատիւ ունեցայ կազմակերպել ու անցկացնել «Մոնթե Մելքոնեան եւ Լեոնիդ Ազգալդեան» հայրենասիրական երեկոյն, նուիրուած մեր ազգային հերոսների հերթական ամեակներին: Այդ օրը նաեւ մեր «Տիր» հայագիտական կենտրոնի 3 -ամեակն էր:

Ամեն անգամ նման նախաձեռնութիւնները Հայերէն անցկացնելով փորձում ենք օրինակ ծառայել Սփիւռքում բնակուող եւ համայնքի մշակոյթային կեանքում դերակատարութիւն ունեցող մեր հայրենակիցներին:

Երեկոյն բացեցին ՀՄԸՄ (Հոմէնըթմէն) սկաուտները, ովքեր շարքով դուրս եկան, բերելով իրենց հետ մեր եռագոյնը: Այնուհետեւ դեսպանատան մշակոյթային կենտրոնի Էթնո միւզիք փռոջեքթ (Ethno music project) խումբը կենդանի ձայնով կատարեց Հայաստանի պետական հիմներգը՝ «Մեր Հայրենիք» -ը: Հագեցած ծրագիրը վարեցի դասախօսութեան ձեւաչափով:

Երեկոյն իրենց ելոյթներով գեղեցկացրեցին Բալաշիխա քաղաքի «Նոյ» կրթամշակոյթային կենտրոնի եւ Դոլգոպրուդնիի սուրբ Գրիգոր Նարէկացու անուան Հայկական կիրակնօրեայ դպրոցի սաները, Ռուսաստանի գրողների միութեան եւ ՄՀԵԱ անդամ Քրիստինա Տէր-Գրիգորեանցը, Յովհաննէս Ղազարեանի դուդուկի մոսկովեան դպրոցի սան Տիգրան Յովհաննիսեանը, «Նուբար» ֆոլկ անսամբլի գեղարուեստական ղեկավար Լուսինէ Նազարեանը եւ մշակոյթային գործիչ, դաշնակահարուհի Քրիստինա Ասատրեանը, երիտասարդ բանաստեղծուհի Սառա Մալեանը, տաղանդաւոր բանաստեղծ ու բլոգեր Արամո Յունանեանը: Միջոցառումը փառահեղ Յարխուշտայով փակեց «Նժդեհ» խումբը:

Մեր համայնքի մշակոյթային ձեռնարկների պատմութեան մէջ առաջին անգամ ցուցադրուեց Workout, որն իրենից ներկայացնում է ուժային շատ դժուար վարժութիւնների շարք: Դրա համար հատուկ հրաւիրել էի իմ լաւ ընկերներ, Գինեսսի ռեկորդների գրքի եւ մեր դիցազնագրքի բազմաթիւ ռեկորդակիրներ Մանուել Մամոյեանին եւ Ահարոն Վիրաբեանին: Վերջինս նաեւ Street Workout -ի աշխարհի չեմպիոն է:

Այդ օրը խօսքով հանդէս եկան նաեւ ՌԴ Հայաստանի դեսպանի տեղակալ Բորիս Սահակեանը, ՀՀ ԱԺ պատգամաւոր, Լուսաւոր Հայաստան կուսակցութեան ղեկավար Էդմոն Մարուքեանը, ՀՅԴ Մոսկուայի կոմիտեի անդամ Արթուր Փայտեանն, ով նաեւ արտասանեց Պարոյր Սեւակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ Հայ են ասում» -ը: Երեկոյի վերջում բոլոր մասնակիցներին շնորհակալագրեր յանձնուեցին դեսպանատան մշակոյթային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբէի կողմից:

«Հայաստանի ամենամեծ հարստութիւնը Հայերն են» ասում էր Լեոնիդը, տալով լաւագոյն գնահատականը Հայ մարդուն:
Մոնթեն իր հերթին տալիս է առաջատար մարդու ապրելու, պայքարելու եւ յաղթելու բանաձեւը՝ «Կռուիլ, առաջ երթալ, խրամատաւորուիլ, պահել, հակահարձակում ընդունիլ, անոր ալ ջարդել ու վերջ!»:

Ազգալդեանին 1990 թ. Մայիսեան հերոսամարտերի օրերին բախտ վիճակուեց պաշտպանել մայրաքաղաք Երեւանը, ինչն իր տեսակով մի նոր «Փետրուարի 18» էր: Երեւանի պատմութեան թանգարանում մշտական ցուցադրութեան մէջ պէտք է ներառուեն այդ օրերի մասին վկայող փաստեր, ինչպէս նաեւ 1921 թ. Փետրուարեան ապստամբութեան մասին նիւթեր:

Յ.Գ. Երկար տարիներ մեր քաղաքական կեանքում մեծ տարածում ունի «Արցախեան հիմնախնդիր» եզրոյթը: Լեոնիդն ու Մոնթեն այդ կարծիքին չէին եւ մեզ այլ պատգամ են թողել: Նրանք երազում էին Արեւմտեան Հայաստանի, Արեւելեան Հայաստանի գերուած հողերի, Արարատի մասին: Արցախեան խնդիրը նրանց համար Հայկական հարցի մի մասն էր եւ դա մենք պիտի իմանանք: Հիմնախնդիրը՝ Հայկական հարցն է, մեր պահանջատիրութիւնը, Ցեղասպանութեան հետեւանքների վերացումը եւ պատմական հողերի ազատագրումն է:
Արցախը Հայաստան է եւ վերջ!

Դաւիթ ԱՂԱՋԱՆԵԱՆ
Տիր հայագիտական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031