Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուրճի հարվածով» ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների մեկնարկը. Ա. Խզմալյան

Դեկտեմբեր 12,2019 23:25

Դեկտեմբերի 12-ին, Գևորգ Քոչար 21 հասցեում ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների մեկնարկը: Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, տնօրեն Արամ Խոջոյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը, մտավորականներ, թատրոնի դերասանական կազմը և լրագրողներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը բոլորին շնորհավորել է երկար սպասված այս իրադարձության առիթով և նշել, որ փաստաթղթային խնդիրները կարգավորված են, հատկացումները՝ հաստատված, և արդեն վստահաբար կարելի է ասել, որ Երևանի մնջախաղի պետական թատրոնն ունենալու է իր հանգրվանը՝ ստեղծագործական օջախը:

««Մուրճի հարվածով» արդեն ազդարարվել է թատրոնի շինարարական աշխատանքների մեկնարկը: Այս տարի 46 միլիոն 243 հազար կհատկացվի վարչական հատվածի շինարարական աշխատանքների համար: Ի սկզբանե նախատեսվում էր 3 տարվա ընթացքում պարբերաբար ծածկել ծախսերը, բայց հաջորդ տարի կհատկացվի շինարարության համար անհրաժեշտ ամբողջ գումարը՝ 166 միլիոն 373 հազար դրամ»,- տեղեկացրել է Ա. Խզմալյանը։ Նրա խոսքով՝ շենքի հետ կապված փոփոխությունները չեն եղել ի վնաս շենքի տեսքի ու պատմամշակութային արժեքի:
«Մենք աշխատել ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի կարողանանք օրենքի, իրավունքի շրջանակում այնպես անել, որ որևէ շեղում, խախտում չլինի: Նախագիծն անցել է նաև համապատասխան հանձնաժողովով: Բծախնդիր մասնագետներ էին նստած, եթե որևէ բան սխալ լիներ, ուղղակի հնարավոր չէր լինի սկսել շինարարությունը»,- նշել է Ա. Խզմալյանը և շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարին՝ մնջախաղի թատրոնի շենքի հետ կապված բոլոր խութերը շրջանցելու և վերջնական «հանգրվանին» հասցնելու համար, ինչպես նաև բոլոր նրանց՝ ովքեր իրենց ջանքերն են ներդրել այս կարևոր գործում:

Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն ասել է, որ թատրոնի նախագիծն երկու տարի առաջ ավարտված էր, սակայն կային բազմաթիվ խնդիրներ նախագծի, ընտրված լուծումների հետ կապված:

«Վերանայել ենք նախագիծը, կատարել անհրաժեշտ փոփոխություններ, դրանք ներկայացրել գիտամեթոդական խորհրդին, սեպտեմբերին ստացել ենք  թույլտվություն, դրան հաջորդել են քաղաքապետարանի թույլտվությունների ընթացակարգերը` ճարտարապետահատակագծային առաջադրանքի վերանայում: Նոյեմբերի 20-ին ստացանք շինարարության թույլտվություն»,- նշել է Արսեն Միրզոյանը և հավելել, որ նախատեսված է աշխատանքներն իրականացնել 14 ամսվա ընթացքում, սակայն պլանավորում են ավարտել ավելի շուտ՝ 2020 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

«Մնջախաղի թատրոնը, վերջապես, իր շենքը և հասցեն կունենա. 22 տարի է, ինչ սպասում ենք այս լուրին»,- ուրախությամբ ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը և նշել, որ ցանկալի կլիներ, որ այս տարիներին թատրոնի ստեղծագործական խնդիրների, հաջողությունների մասին խոսվեր, սակայն, չէին կարող շենքի խնդրի մասին չբարձրաձայնել։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության  հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031