Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյան. «Արդյոք 21-րդ դարում սարքվող թատրոնը պե՞տք է ծվարած լինի Հայպետհրատի շենքի երրորդ հարկում»

Դեկտեմբեր 23,2019 13:33

«Մեզ համար երկու կարեւոր հարց կա` հեղափոխությունը եւ հեղափոխության արժեքները, որովհետեւ խնդիրը Երեւան քաղաքի հետ չի եղել բիզնեսը, այլ հանրության կարծիքի, մասնագիտական համայնքի կարծիքի անտեսումն է եղել նախորդ իշխանությունների կողմից: Մենք հույս ունենք, որ կկարողանանք լայնացնել խոսակցությունը, թե Երեւան քաղաքի ժառանգության հետ ինչպես ենք վարվելու, ինչ ռազմավարություն է որդեգրելու նոր իշխանությունը, եւ երկրորդ` ինչպիսի հանրային հաղորդակցության հարթակներ կարելի է ստեղծել, որպեսզի ոչ թե ամեն անգամ կետային մի շենքից մյուսը վազենք, ինչպես նախկինում, այլ կարողանանք այդ հանրային հարթակի միջոցով նոր կառավարության հետ ստեղծել արդյունավետ երկխոսություն»,- «Մեդիա կենտրոնում» ՝ «Տպարանի շենքը տպարանի՞ շենք, թե՞ Մնջախաղի թատրոն» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց «Փրկենք տպարանի շենքը» ֆեյսբուքյան խմբի նախաձեռնող Իզաբելլա Սարգսյանը:

Նա նշեց, որ ԿԳՄՍ նախարարության հետ փորձում են երկխոսություն իրականացնել Երեւան քաղաքի ժառանգության, կանաչ տարածքների եւ ընդհանրապես քաղաքաշինական խնդիրների համատեքստում մասնակցային գործունեություն ունենալու համար:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի խոսքով, տպարանի թնջուկը բաժանվում է երկու մասի, առաջինը, նրա խոսքերով այն է` արդյոք այդ հուշարձանի հետ կապված աշխատանքները ընդունելի են եւ օրինական են, մասնագիտական քննադատության դիմանում են, թե ոչ: «Մեր դիրքորոշումն այն է, որ հստակ օրենքի պահանջի խախտմամբ են տեղի ունենում այդ գործընթացները: Կա նման անընդունելի մեկնաբանություն, թե իբր ամրակայման համար պետք չեն վերականգնման համար անհրաժեշտ գործընթացներ, ինչը մենք չենք ընդունում, որովհետեւ օրենքը հստակ սահմանում է, թե դրա համար ինչ է պետք:

Կան նաեւ գիտամեթոդական խորհրդի հետ կապված բազմաթիվ հակասական տեղեկություններ. մարդիկ ասում են` մենք չենք եղել, բայց մեր անունը գրված է: Հետեւաբար հաշվի առնելով այս ողջ գործընթացը` մենք կարծում ենք, որ խելամիտ եւ օրինական կլինի, եթե դադարեցվեն այս պահին այնտեղ ընթացող շինարարական աշխատանքները»:

Ճարտարապետը նշում է. «Մենք ի՞նչ տեսակի պահանջ ենք դնում ժամանակակից մշակութային ենթակառուցվածքների առաջ: Այսինքն` 21-րդ դարում սարքվող թատրոնն արդյոք պետք է ծվարա՞ծ լինի Հայպետհրատի շենքի երրորդ հարկում, որի վրա դրված լինի 60-ականների ինչ-որ տարօրինակ էլեմենտ, թե՞ այդ թատրոնն իսկապես պետք է լինի 21-րդ դարին արժանի փորձարարական մնջախաղի թատրոն:

Մենք գործ ունենք պատմական միջավայրի հետ, որը պահպանվում է պետության կողմից, եւ որն իր մեջ ունի Երեւանի գոնե 3 պատմական շերտեր. առաջինը ստալինյան ժամանակաշրջանի շերտն է, որը Տերյան փողոցից շատ լավ երեւում է, մյուսը 60-ականների շերտն է` Իսահակյան փողոցի կողմից, որտեղ դրամատիկական թատրոնն է, եւ Կորյունի փողոցում ունենք 80-ականների բազմահարկ շենքը: Հիմա էլ 2020թ մի բան ենք ավելացնում, որը պետք է լինի 21-րդ դարին համարժեք ինտերվենցիա: Մենք չպետք է խղճուկ ինչ-որ «ուզոռով» այնտեղ խցկենք մի էքպերիմենտալ թատրոն, որը չի տալու այդ հնարավորություններն այդ շենքում»:

Սարհատ Պետրոսյանը հույս ունի, որ կլինի բաց ճարտարապետական մրցույթ, եւ դա կլինի լավագույն լուծումը, որպեսզի նոր իրողության պայմաններում ունենանք ժամանակակից թատրոն: Իսկ հիմնական պահանջը, նրա ձեւակերպմամբ, մնում է նույնը` դադարեցնել շինարարական աշխատանքները տեղում:

Սարհատ Պետրոսյանը հիշեց նաեւ «ծածկած շուկայի» դեպքը, որտեղ նույնպես օրենքի խախտում է տեղի ունեցել, սակայն. «Ծածկած» շուկայի դեպքում շենքի ներքին տարածությունը հանդիսանում էր հուշարձանի կարեւորագույն բաղադրիչը, այս դեպքում շենքի ներքին տարածությունն արդեն կորցրել է իր հուշարձանային էլեմենտը, ուստի այդ պատճառով կարծում ենք, որ հնարավոր է գտնել այնպիսի լուծում, որ շենքը չտուժի, բայց ներսում կարողանանք ստեղծել թատրոնը»: Ճարտարապետի խոսքերով, եւ «ծածկած» շուկայի դեպքում է տրվել չակերտավոր ամրակայման իրավունք, եւ այստեղ են իբր ամրակայման աշխատանքներ են կատարվում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Media Center/Մեդիա կենտրոն-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել