Լրահոս
Օրվա լրահոսը

Ու այսպես քաղաքը մսխվում է, ու մենք լռում ենք… Հետո ասում ենք՝ ինչո՞ւ է Երևանում ապրելն ու շարժվելը դառնում օրեցօր ավելի տհաճ. Սարհատ Պետրոսյան

Օգոստոս 03,2026 20:33 Share

Ճարտարապետ, քաղաքաշինարար, հետազոտող Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի դեռ մենք մեր նորաթուխ ԱԺ-ով ենք տարված, Երևանի սրտում՝ Սարյան փողոցի վրա, երկու խոշոր դիվելոփերական նախագծեր են իրականացվում. Փոստի շենքը քանդում են World Trade Center կառուցելու նպատակով, իսկ Ամիրյան-Սարյան փողոցների հատման կետում կառուցում են նոր շենք։

Երկու շատ կարևոր հանգույցներ, որոնց մանրամասները պետք է հայտնի լինեին բոլորին, ու վաղուց պարզ լիներ, թե ի՞նչ են կառուցում։

Եթե անցյալ շաբաթ Ամիրյան-Սարյանի համար ինչ-որ իրազեկման նման բան հայտնվեց (տես նկարում), ապա Փոստի շենքի տեղում կառուցվողի մասին տեղեկություն չկա։

Միակ բաց տվյալը մեկուկես տարի առաջ կառավարությունում տեղի ունեցած քննարկումից ու երկու ուղեկցող լուսանկարից է (ի դեպ, իմ հիշելով՝ ավելի շատ նկարներ կային, բայց մտքովս չի անցել պահել)։

Դրանցում շատ դժվարությամբ կարող ենք մատնանշել, որ այն նկարում, որտեղ մեկ նախագիծ է, դա OMA (Office for Metropolitan Architecture) ռոտերդամյան գրասենյակի տարբերակն է, իսկ մյուս նկարում՝ SOM (Skidmore, Owings & Merrill, և ենթադրում եմ՝ աջինն են իրենք) և Foster & Partners-ի նախագծերն են։ Այս անուններն էլ գիտենք ենթադրություններից ու սրանից-նրանից լսելով։

Երևանում կառուցվում է տարածաշրջանի բարձրությամբ երկրորդ շենքը (առաջինը ոնց որ Բաթումիում ա), որը փոխելու է ողջ Երևանի քաղաքապատկերը, որի համար քանդում են Երևանի խորհրդային շրջանի խորհրդանիշներից մեկը, բայց ոչ հանրային քննարկում կա, ոչ՝ իրազեկում։ Էլի այստեղից-այնտեղից լսել ենք, որ SOM-ի նախագիծն են կառուցում (որի համար ուրախ եմ, որ OMA-ինը չեն կառուցում գոնե, քանի որ իրենք իրապես մեր ժամանակների կարևորագույն գրասենյակներից մեկն են, ու չէի ուզենա, որ իրենք կապ ունենային այս վիճելի նախագծի հետ)։ Էլ չեմ ասում ՇՄԱԳ-ի ու մնացած գործընթացների մասին, որտեղ պետք է ինչ-որ գործընթացներ լինեին, որտեղից գոնե ինչ-որ տեղեկություն ստանայինք։

Իհարկե, ծիծաղելի է խոսել դրա քաղաքային կարևոր դերակատարության մասին։ Քանի որ դրա դերը Կոնդի հետ կապված զարգացումներում շատ կարևոր է, քանի որ հենց այդտեղից է սկսում Կոնդը։ Այս նախագծի հանրային գերակա շահի տարածքը հասնում է մինչև Պռոշյան՝ կտրելով Կոնդն իր տրամաբանական շարունակություն հանդիսացող Կոզեռնից։

Ենթադրաբար ինչ-որ փակ դռների հետևում գրպանային ինչ-որ վայ մասնագետների հետ քննարկումներ եղել են, բայց իմ որակումներից ելնելով՝ արդեն պարզ է, որ այդ քննարկումները բանի պետք չեն։

Ու այսպես քաղաքը մսխվում է, ու մենք լռում ենք։ Ուրախանում ենք, որ քաղաքապետարանն իր գործն է անում. քանդում է փնթի կրպակները (որոնք միգուցե թուղթ չունեն) կամ նկարազարդում է ինչ-որ շենքեր, բայց կարևոր խնդիրները մնում են փակ դռների հետևում՝ չլուծված։ Հետո ասում ենք՝ ինչո՞ւ է Երևանում ապրելն ու շարժվելը դառնում օրեցօր ավելի տհաճ։ Ա՞յ այսպես…»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31