Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարուժան Մկրտչյանը հավանաբար իր ազատության դիմաց գործիք է ծառայել պարոն Թավադյանի կալանավորման հարցում». Հովհաննես Խուդոյան

Դեկտեմբեր 27,2019 17:03

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արմեն Թավադյանին առաջադրված մեղադրանքին, նշեց. «Մեղադրանքում նշվում է, որ պարոն Թավադյանը եղել է ինչ-որ խմբավորման մեջ, որի անդամ Վարուժան Մկրտչյանը կատարել է այս-այս գործողությունները: Որևէ նշում՝ նա ինչ գործողություններ է կատարել, ինչ դերակատարություն է ունեցել, ձերբակալման արձանագրությունում և մեղադրանք առաջադրելիս չի մատնանշվել»:

Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ ամենահետաքրքիրն այն է, որ մենք տեսնում ենք կոնկրետ անձի հստակ գործողություն, որը ՀՔԾ-ն համարում է ճնշում տուժողի նկատմամբ, ապօրինի գործունեության ակտիվ դերակատար, որն այսօր ազատության մեջ է. «Հատկանշական է, որ մինչև իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելը՝ Վարուժան Մկրտչյանը հանդես էր գալիս հրապարակային հայտարարությամբ, որ ինքը որևէ ցուցում չի ստացել, կապ չի ունեցել, իր կատարած գործողությունները համարում է իրավաչափ և որևէ մեկից ցուցում չի ստացել դրա կապակցությամբ: Այն պահից սկսած, երբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել և ռիսկի տակ է հայտնվել, որ կարող է կալանավորվել, նա պատրաստակամություն է հայտնել հավանաբար իր ազատության դիմաց գործիք ծառայել պարոն Թավադյանի կալանավորման հարցում»:

Հարցին՝ կալանքի մասին որոշումը բողոքարկվելո՞ւ է, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց. «Որոշումը պատրաստ էր, երեկ ժամը 00.00-ն էր: Ստացել ենք այսօր առավոտյան, հավանաբար այսօր կհասցնենք  վերաքննիչ բողոք ներկայացնել: Ցավոք, մեր դատական համակարգը չի ընձեռում այն հնարավորությունը, որ անձի ազատության հարցը քննարկվի այնքան հրատապ, ինչքան քննարկվում է անձի անազատության հարցը: Այսինքն, երբ անձին կալանավորելուց կլինեն, չեն նայի՝ աշխատանքային օր, ժամ, անմիջապես, անհապաղ, թեկուզ առանց պաշտոնական հիմնավորման նրան կարող են կալանավորել: Իսկ երբ քննարկվում է անձին՝ կալանքից ազատման հարցը, դատական քննությունը կարող է ամիսներ քննարկվել: Կալանավորման հիմնավորումներով ավելացել է նշյալ անձի ցուցմունքը մեղադրյալի կարգավիճակում, նշված օպերատիվ նկարահանման արձանագրության բովանդակություն կար, որը ոչ ամբողջությամբ էր հատվում հանրությանը հայտնի դարձած տեսանյութի հետ՝ մասնակի հատվածներով տարանջատված: Մենք որևէ տեսանյութ չենք տեսել. քննիչի արձանագրությունն է: Քննիչի կողմից ստացված փաստաթուղթը հիմք է դարձել Արմեն Թավադյանին կալանավորելու համար: Դատարանը դատական ակտում չի անդրադարձել մեր ներկայացրած փաստարկներին՝ բացի մեկից, որ պարոն Թավադյանի մեղադրանքը չի պարզաբանվել. ընդ որում, երբ պաշտպանը նշում է կատարել, որ մեղադրանքի էությունն անհասկանալի է, դատարանը գնահատել է, որ դա ընդամենը նշանակում է, որ պաշտպանը համաձայն չէ մեղադրանքի հետ: Մինչդեռ դրան պետք է հետևի մեղադրանքի պարզաբանումը, թե Թավադյանն ինչ գործողություն է կատարել»:

Ըստ քննիչի՝ մեղադրանքում ներկայացված է ընդհանրական շարադրանք: Նա մանրամասնեց. «Նշվում է, որ ինքը ստացել է ընդհանրական ցուցում տարբեր անձանց հավաքելու և հարկադրելու, որ ցուցմունք տան: Այս փուլում ՀՔԾ-ն ու դատարանը համարում են, որ ցանկացած ցուցմունք, որը կլինի Ռոբերտ Քոչարյանի օգտին, կանխավ պետք է սուտ ցուցմունք լինի: Օրինակ, եթե հաստատվի, որ անձին համոզել են Ռոբերտ Քոչարյանի օգտին ցուցմունք տալ, դա դեռ պիտի քննարկվի. դա ճի՞շտ է, թե՞ ոչ: Այս պահին մեր իրավական համակարգը ազդանշան է տալիս՝ բոլոր այն անձինք, որոնք կհամարձակվեն Ռոբերտ Քոչարյանի օգտին ցուցմունք տալ, դա կհամարվի սուտ ցուցմունք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031