Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մասնագետն ո՞վ է, որ կարծիք հարցնեն․ հիմիկվա իշխանավորներն ամենափայլուն գիտակներն են»․ Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ

Հունվար 15,2020 19:44

Aravot.am-ը Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանից կարծիք հարցրեց Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը փակելու մասին։ Հիշեցնենք, որ Մարալիկից բացի այս օրերին բողոքի ցույցեր են տեղի ունենում հանրապետության տարբեր տեղանքներում ՝ Եղվարդում, Աչաջուրում, որոնց բնակիչները պահանջում են չփակել իրենց ծննդատները։ Ծննդատներ փակելու թեման դարձել է ամենաքննարկվողը։

Ֆելիքս Գրիգորյանն ասաց․ «Դուք առաջին մարդն եք, որ ասում եք՝ որպես մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ կատարվող իրադարձությունների շուրջ, այսօրվա մեր նախարարության, մարզային ղեկավարների կողմից մասնագետների հետ զրուցելը, կարծիք հարցնելը, խորհրդակցելը վերացել է, բոլորը դարձել են ինքնիշխան, ամեն ինչ գիտեցող։ Ինձանից ոչ մեկը կարծիք չի հարցրել ո՛չ Մարալիկի ծննդատան, ո՛չ Գյումրիի, ո՛չ էլ Ավստրիական հիվանդանոցի բաժանմունքի հետ կապված։ Մասնագետի կարծիքը հիմիկվա իշխանավորների համար ոչ մի նշանակություն չունի։ Իրենք ամեն ինչ գիտեն, իրենք ամեն ինչի ամենափայլուն գիտակն են և մեր խորհուրդների կարիքը չունեն։

Ես, համենայնդեպս, այս մարզի և ծննդօգնության պատմությունը գիտեմ, տատմերների ինստիտուտից սկսած աշխատել եմ, երբ գյուղերում տատմերներն էին ծնունդ ընդունում, հասան այն օրը, որ վերացան տնային ծնունդները, տատմերների օգնությունը և կարողացանք մարզում հիմնել ծննդօգնության լուրջ հիմնարկներ, դա Գյումրու ծննդատունն է, Ախուրյանի ծննդատունն է, Արթիկի ու Մարալիկի, Աշոցքի ծննդատներն էին։

Ինչ վերաբերում է Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը փակվելուն, գուցե Մարալիկն այնպիսի աշխարհագրական դիրք ունի, որ հեռավորության առումով կարող է այնտեղ չլինել ծննդաբերություն, այսինքն` այնտեղի ծննդաբերությունները կատարվեն Գյումրու կամ Արթիկի ծննդատանը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարալիկը գտնվում է կոնկրետ այն տարածքում, որտեղ և սարի գյուղերը կան՝ Քարակերտ, Ձիթհանքով, ևս երկու-երեք գյուղ, որոնք ձմեռվա ամիսներին լրիվ կտրվում են քաղաքից՝ ճանապարհների, տրանսպորտի պատճառով, ամբողջ հույսը օգնության մնում է Մարալիկի ծննդաբերական բաժանմունքի վրա։

Մյուսը, որպես երկրաշարժի ակտիվ գոտի, թեև 31 տարի է անցել, բայց մենք չենք մոռացել , որ ավերված Գյումրիի ծնունդները Մարալիկը ընդունեց, չկար ոչ մի հիմնարկ։ Մարալիկը վերցրեց բավականին մեծ ծանրաբեռնվածություն։ Եվ այսօր փակել այդ ծննդատունը՝ հաշվի չառնելով այս բոլորը, ինձ թվում է ոչ միայն սխալ է որպես ծննդօգնության, այլ սխալ է՝ որպես ծննդօգնության ռազմավարություն»։

Մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգն ասում է՝ ինչո՞վ են վստահ, որ այս տարում ծնունդների թիվը Մարալիկում ավելի շատ չի լինի սահմանված չափանիշներից։

Գյումրու ծննդատան ծննդօգնության ղեկավար Լիլիկ Պողոսյանն էլ նշում է, որ Մարալիկի ծննդաբերական բաժանմունքի դերն անփոխարինելի է։ Բժշկուհին հիշում է, որ երկրաշարժի ժամանակ մոլորվել էին, չգիտեին ինչ անեին, նորածինները գետնին էին ընկած, մեծ թվով ծննդաբերողներ կային, բոլորին տեղափոխել են Մարալիկ։

«Պիտի հարգել Մարալիկի ծննդաբերական բաժանմունքի աշխատողներին, նրանք երկրաշարժի ժամանակ այդ ծանրաբեռնվածության պայմաններում պարզ ճակատով դուրս եկան։ Մենք ո՛չ Ամասիա ուղարկեցինք, ճանապարհի իմաստով ուղիղ ճանապարհ էր, ամենաառաջին օգնության կետը Մարալիկն է»։

Լիլիկ Պողոսյանը հարցնում է՝ ո՞վ կարող է երաշխավորել, որ աղետները չեն կրկնվի, բացի այդ, Անիի տարածաշրջանի գյուղերը սահմանամերձ են Թուրքիային։

Ըստ բժշկուհու, ռեզերվային առողջապահական հիմնարկ պարտադիր պետք է լինի։

«Եվ հետո, ճիշտն ասած, էս էդ չափանիշները չեմ հասկանում, մի հոգին մեզ համար մարդ է»,- ասում է Լիլիկ Պողոսյանը։

Նա նաև շեշտում է, որ Մարալիկում մանկական մահացածության ոչ մի դեպք չի գրանցվել, այնտեղ պրոֆեսիոնալ, լուրջ մասնագետներ են աշխատում։ Եվ եթե այս պահին մասնագետների պակաս կա, ուրեմն առաջին հերթին պիտի մտածեն այդ խնդիրը լուծելու մասին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031