Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի առաջնորդը ուրբաթօրյա աղոթքում ինչի՞ մասին է խոսելու

Հունվար 16,2020 23:59

Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ պրն Խամենեին վաղը նախագահելու է Թեհրանի ուրբաթօրյա աղոթքը: Ուրբաթօրյա հասարակաց աղոթքը իսլամ կրոնի կարևոր ծեսերից է. Իրանում այս արարողակարգը նախապես կատարվում էր մզկիթներում` քրիստոնյաների կիրակնօրյա սուրբ պատարագի մատուցման նման: Իսլամական հեղափոխությունից հետո հատկապես մեծ քաղաքներում այս աղոթքը փոխադրվեց հսկայական հրապարակներ: Ուրբաթօրյա այս աղոթքների քարոզների բաժնում հնչում են քաղաքական կարևոր հայտարարություններ և Թեհրան ու Ղոմ քաղաքների ու մի շարք մարզկենտրոնների աղոթքը և օրվա աղոթապետի քարոզը գտնվում է զանգվածային լրատվական միջոցների ուշադրության կենտրոնում:

Աղոթապետը բնականաբար ունի հոգևոր կոչում. հեղափոխության առաջին տարիներում ուրբաթօրյա աղոթքներն անկազմակերպ էին և աղոթապետերի ելույթները հաճախ խնդիրներ էին ստեղծում քաղաքական իշխանությունների համար: Հետագայում առաջնորդի գրասենյակին կից ստեղծվեց Ուրբաթօրյա աղոթքի կենտրոնական շտաբ, որը աղոթապետ նշանակելու և քարոզների ուղեցույցի համար առաջարկներ է ներկայացնում առաջնորդին: Առաջնորդը բոլոր նահանգներում ունի լիազոր ներկայացուցիչ:

Պրն Խամենեին հեղափոխության առաջին տարիներում և հանրապետության նախագահ եղած ժամանակ եղել է մայրաքաղաքի աղոթապետ, իսկ պետականության առաջնորդ ընտրվելուց հետո հազվադեպ է մասնակցել հավաքական այս աղոթքին: Իրանի շուրջ ընթացող այս կարևոր անցուդարձերի ֆոնին, կարևորվում է պրն Խամենեիի ուրբաթօրյա աղոթքի քարոզը:

Խամենեին Իրանի Իսլամական Հանրապետության երկրորդ առաջնորդն է. առաջին առաջնորդը պրն Խոմեյնին էր, որը համարվում էր նաև իսլամական պետության հիմնադիր, խարիզմատիկ և հզոր դեմք էր, հեղափոխությունից հետո ապրեց տաս տարի, ապա ընտրվեց պրն Խամենեին, որի գահակալությունից անցնում է երեսուն տարի: Առաջնորդին ընտրում է Բանիմացների (Խոբրեգան) անունով մի Խորհուրդ, որը խորը տարիքում գտնվող հոգևորականների մի հավաքույթ է և անզոր է առաջնորդին քննադատելու կամ նրանից հաշիվ պահանջելու:

Գործող առաջնորդն իր հեղինակությամբ և ժողովրդականությամբ զիջում է պրն Խոմեյնիին: Երկրի Սահմանադրությունն առաջնորդին տվել է լայն իրավասություններ, որոնցից են նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը և դատական իշխանության ղեկավարների նշանակումն  ու ազատումը: Վերջին տարիներում և հատկապես այս օրերին պրն Խամենեիի հասցեին հնչել են քննադատություններ և կարգախոսներ, որոնք աննախընթաց են: Մի շարք ազդեցիկ հոգևորականներ և մտավորականներ պրն Խամենեիի հրաժարականն են պահանջում. ուկրաինական մարդատար ինքնաթիռի կործանումը դատապարտող ցուցարարները ևս պահանջել են զինված ուժերի գլխավոր հրամանատարի` այսինքն առաջնորդի հրաժարականը: Հետաքրքիր է նաև մահացած նախագահ Ռաֆսանջանիի դուստր` Ֆաեզեի պատգամը, որը պրն Խամենեիին առաջարկում է լինել Իրանի Գորբաչովը և կատարել արմատական փոփոխություններ:

Առաջնորդի գրասենյակը և մամուլը մեծ քարոզչություն են կատարում հերթական այս հասարակաց աղոթքի համար, որը կատարվում է իսլամական հեղափոխության տոնակատարության նախօրյակին, կոչվում է հեղափոխության երկրորդ քայլ և լինելու է բազմամարդ: Իրանի հանրային կարծիքը հույս ունի, որ պրն Խամենեին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հնչեցնի մի շարք կարևոր հարցերի պատասխանը և երկիրը հանի այս ալեկոծված վիճակից:

Տիգրան Դավթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031