Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեթե բոլոր ուժեղագույնները մասնակցում են արագ շախմատի Հայաստանի առաջնությանը (ֆոտոշարք)

Հունվար 22,2020 14:43

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկեց արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, որն արդեն երկրորդ տարին նվիրվում է համաշխարհային օլիմպիադաների, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Հայաստանի 8-ակի չեմպիոն, վաղամեռիկ Աշոտ Անաստասյանի հիշատակին:

Առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը Aravot.am-ին ասաց. «Աշոտ Անաստասյանի անունը խթան է, որպեսզի տարեցտարի ավելի շատ թվով շախմատիստներ, այդ թվում նաեւ նրան ճանաչողներն ու նրա հետ խաղացածները, պատիվ համարեն մասնակցել առաջնությանը: Դրա վկայությունն է, որ երկրորդ տարին անընդմեջ այս մրցաշարին մասնակցում է համաշխարհային եւ հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, որը վերջերս իր նվաճած բազմաթիվ տիտղոսներին ավելացրեց նաեւ վետերանների աշխարհի չեմպիոնի կոչումը:

Այս տարի առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 50-ից ավելի շախմատիստ, որոնցից 15-ը գրոսմայստեր է: Դա միայն ուրախացնում է մեզ նաեւ նրանով, որ մրցաշարին մասնակցելու համար շախմատիստները պետք է նախնական փուլեր հաղթահարեն մասնակցության համար եւ համապատասխանեն որակական որոշակի չափորոշիչների, ինչը կտրուկ բարձրացնում է առաջնության մակարդակը: Հիմա այստեղ խաղում են Հայաստանի առաջնության գրեթե բոլոր մասնակիցները, նաեւ նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չէին կարողացել այնտեղ հանդես գալ, մեր բոլոր ուժեղագույն պատանիները, որոնցից մոտ տարիներին սպասում են բարձր արդյունքներ:

Արագ շախմատի Հայաստանի առաջնությունն այս տարի նորամուծություններ էլ ունի: Առաջինը, որ որպես արագ շախմատի մրցաշար, այն ուղարկելու ենք ՖԻԴԵ՝ միջազգային վարկանիշի հաշվարկի եւ երկրորդը, որ կազմակերպում ենք պարտիաների՝ համացանցով ուղիղ ցուցադրում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031