Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմավորվեց «Մայիլյան-Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք

Հունվար 29,2020 23:13

Ս.թ. հունվարի 29-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում կայացավ արցախյան երեք քաղաքական ուժերի՝ Արցախի Ռամկավար Ազատական, «Ինքնություն և միասնություն» և «Վաղվա Արցախ» կուսակցությունների ղեկավար մարմինների համատեղ նիստը, որտեղ քննարկվեց նախընտրական դաշինքի կազմավորման հարցը։

Հիշեցնենք, որ «Ինքնություն և միասնություն» կուսակցության արտահերթ համագումարը տեղի է ունեցել հունվարի 23-ին, «Վաղվա Արցախ» կուսակցությանը՝ հունվարի 25-ին և Ռամկավար Ազատական կուսակցությանը՝ հունվարի 26-ին։ Արտահերթ համագումարներում հստակեցվել է գալիք համապետական ընտրություններին նշյալ քաղաքական ուժերի մասնակցության ձևաչափը: Համագումարներում հաստատվել են կուսակցությունների ղեկավար մարմինների որոշումները երեք կուսակցություններից կազմված նախընտրական դաշինք կազմավորելու և նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանին սատարելու մասին։

Երեք քաղաքական ուժերի ղեկավար մարմինների համատեղ նիստը, վերահաստատելով կուսակցական համագումարների դիրքորոշումները, ձևավորեց «Մայիլյան – Նոր Արցախ» նախընտրական դաշինք, որը նախագահական ընտրություններում սատարելու է Մասիս Մայիլյանին։ Վերջինս նաև գլխավորելու է դաշինքի համամասնական ցուցակը խորհրդարանական ընտրություններում։

Համատեղ նիստում ելույթ ունեցան երեք կուսակցությունների ներկայացուցիչներ։ Նրանք կարևորեցին առաջիկա համապետական ընտրությունների դերն ու նշանակությունը երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար նոր որակի իշխանության ձևավորման,

հանրային կյանքի բարելավման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ու պետության ներսում առկա խնդիրների լուծման համար բացառապես պետական շահով առաջնորդվելու, երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբման անհրաժեշտությունը։

Համատեղ նիստի մասնակիցներին ողջույն խոսքով դիմեց Մասիս Մայիլյանը։ Խորին երախտագիտություն հայտնելով բարձր վստահության համար՝ նա, մասնավորապես, նշեց. «Մեր այս դաշինքը հզոր խթան կհանդիսանա Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբմանն ուղղված ակտիվ ու վճռական գործունեության համար։ Վայրկյան անգամ չեմ կասկածում՝ բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով ապահովելու ենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կերտելու ենք մեր Նոր Արցախը»։

Մ.Մայիլյանն ակնկալում է, որ դաշինքի առանցքի շուրջ սերտ համագործակցություն կլինի արցախյան հանրության ամենատարբեր շերտերի և հանրության վստահությունն ու հարգանքը վայելող անհատների ու հանրային դեմքերի հետ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031