Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է հացադուլավոր Քանանյանը մերժել Բակո Սահակյանին

Փետրվար 02,2020 16:18 Share

Ալեքսանդր Քանանյան արդեն 13-րդ օրն է, ինչ  հացադուլի մեջ է Քարվաճառում։ Նա եւ նրան Ստեփանակերտից  միացած Մհեր Պողոսյանի պահանջներն են՝ դադարեցնել փոքր ՀԷԿ-երի շինարարությունները Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում, շինարարական տեխնիկան անհապաղ հեռացնել շինհրապարակներից, հրապարակայնացնել դրանց արտոնագրման և ֆինանսավորման հետ կապված ողջ տեղեկատվությունը, ստեղծել հատուկ քննող հանձնաժողով՝ Հայաստանի պաշտոնյաների, քաղհասարակության և անկախ փորձագետների մասնակցությամբ՝ ստուգելու համար արտոնագրման, ֆինանսավորման և շահագործման օրինականությունը, ինչպես նաև համապատասխանությունը՝ ազգային անվտանգությանը, ազատագրված տարածքների բնակեցման հրամայականին և կայուն զարգացման ռազմավարությանը։

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Քանանյանը նշեց, որ ինքնազգացողությունը կայուն է. «Մի փոքր թուլություն կա, որովհետեւ արդեն 13-րդ օրն է: Թուլությունն ինչ-որ չափով պայմանավորված է նաեւ մարդկանց հետ հանդիպումներով: Ես շատ ուրախ եմ, որ դեպի իմ տուն անընդհատ մարդկանց հոսք կա՝  եւ Երեւանից, եւ Արցախի տարբեր շրջաններից, եւ տեղացի բնակիչներից: Ընդհանուր առմամբ նորմալ է ամեն ինչ, եւ ես դեռ աշխատունակ վիճակում եմ, որեւէ լուրջ խնդիր, որը կարող է իմ հարազատների եւ իմ աջակիցների մոտ մտահոգություն առաջացնել, ներկա պահին չկա»:

Մեր հարցին՝ վստա՞հ է, որ նման ծայրահեղ միջոցի դիմելը կարող է արդյունք տալ, Ալեքսանդր Քանանյանը պատասխանեց.«Կարծում եմ՝ արդեն տվել է, որովհետեւ վերջին երեք տարիների ընթացքում անընդհատ բոլոր հնարավոր հարթակներից, Արցախյան այլ հարցեր բարձրացնելուն զուգահեռ՝  անդրադարձել եմ նաեւ Արցախի  բնությունը ոչնչացնող փոքր հէկաշինության խնդրին, որը բոլորովին էլ բնապահպանական խնդիր չէ, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել:

Դա ազգային անվտանգության խնդիր է, որովհետեւ եթե մենք Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները դիտարկում ենք սոսկ որպես հումքային կցորդ եւ քամում ենք այդ տարածքների բոլոր հնարավորությունները՝ անապատացնելով, վնասելով կամ փակելով այդ շրջանների կայուն, համապարփակ զարգացման հնարավորությունները, դա շատ լուրջ սպառնալիք է ազգային անվտանգությանը:

Մենք չենք կարող լիարժեք վերաբնակեցնել ազատագրված տարածքները, հիմնադրել տասնյակ նոր բնակավայրեր, բարձրացնել բնակչության թիվը ընդունելի եւ պահանջված քանակի, չենք կարող երաշխավորել տարածք տեղափոխվող վերաբնակիչների համար անասնապահության, մեղվաբուծության եւ տեղին բնորոշ գյուղատնտեսական այլ ճյուղերի զարգացումը, եթե մենք ամբողջությամբ, ոչ միայն հիմնական գետերը, այլեւ օժանդակ վտակները, տեղավորում ենք խողովակաշարերի մեջ եւ այլն;

Բացի դրանից, հասկանալի է, որ եւ Քաշաթաղի հյուսիսը եւ ընդհանրապես Քարվաճառի շրջանը շատ մեծ ներուժ ունեն զբոսաշրջային գոտի լինելու: Համոզված եմ, որ առկա ճանապարհաշինարարության պայմաններում մոտակա տասը տարիների ընթացքում Քարվաճառը կարող է դառնալ Դիլիջանին, Ծաղկաձորին կամ Ջերմուկին համարժեք առողջարանային կամ զբոսաշրջային գոտի: Եվ շրջանի զարգացման հեռանկարները զոհաբերել հանուն մի քանի օլիգարխի հարստացման մոլուցքին, ոչնչացնելով բնությունը, անդառնալի վնաս հասցնելով տարածքին՝ մենք, բնականաբար, չենք կարող հանդուրժել»:

Մեր զրուցակիցը շեշտեց. «Դա մեկ անձի կամ մեկ շրջանի բնակչության քմահաճույքը չէ, սա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հրամայականն է, պարզապես այս պահանջները բխում են եւ համահունչ են նաեւ այս տարածքում ապրող բնակչության շահերին՝ լինելով համընդհանուր ազգային անվտանգության խնդիր»:

Ալեքսանդր Քանանյանից հետաքրքրվեցինք՝ իր նշած օլիգարխներից իրեն ինչ-ինչ ազդակներ ուղղվե՞լ են կամ բանակցելու առաջարկներ եղե՞լ են, որպեսզի հարցի մասին չբարձրաձայնի:

«Չեն եղել, եթե նկատի ունենանք օլիգարխներին որպես հանցավոր խմբակ: Բակո Սահակյանը, որը վերջին տասներեք տարիներին քրեական օլիգարխիայի գլուխն էր, երկու անգամ ցանկություն է հայտնել ինձ հետ անձամբ հանդիպելու եւ խնդիրը քննարկելու՝ մի անգամ հացադուլից առաջ, հաջորդ անգամ՝ ընթացքում, սակայն ես անհնարին եմ համարել նրա հետ մարդկային կամ բանակցային որեւէ շփում, բացառել եմ պետությունը քայքայած քրեական օլիգարխի հետ բանակցությունները: Դրա համար որպես բանակցային միջնորդ ընտրվել է պետնախարարը, որը գրագետ պետական պաշտոնյա է, հանցագործ չէ, որեւէ հանցավոր բիզնես չունի, համեստ է ապրում իր բնակարանում եւ իր աշխատավարձով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Ալեքսանդր Քանանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829