Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխության օրերին խուլիգանություն արած քաղաքացին դատարան չէր ներկայացել

Փետրվար 20,2020 13:23

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ ընկերների գործով նիստին այսօր ամբաստանյալներից Մարատ Պողոսյանը չէր ներկայացել:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալները մեղադրվում են Թավշյա հեղափոխության օրերին ցուցարարների դեմ իրականացրած բռնությունների, խուլիգանության, գույքի վնասման դրվագներով:

Այսօր դատարան չներկայացած ամբաստանյալ Մարատ Պողոսյանն, ըստ մեղադրանքի՝ քննությամբ չպարզված անձանց հետ Նորագավիթ թաղամասի վերջնամասում՝ ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ, Սարգիս Ս.-ի կողմից վարած «Մազդա» մեքենային խուլիգանական մղումներով ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել, 150 հազար դրամ գույքային վնաս է պատճառել:

Նախագահող դատավոր Պապոյանը պաշտպաններից հետաքրքրվեց, թե ինչ տեղեկություններ ունեն Մարատ Պողոսյանի չներկայանալու մասին: Համբարձումյանների պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ առավոտյան զանգահարել են, հեռախոսահամարն անհասանելի է եղել, տեղեկություն չունեն չներկայանալու մասին: Ինչու նախորդ նիստերին չէին ներկայանում տուժողները, այսօր նրանք դատարանին բացատրեցին, որ նամակ էին ստացել, որ գործը կասեցվել է, իսկ այդ նամակը իրենց հետ այսօր դատարան չեն բերել, դատարանը խնդրեց հաջորդ նիստին բերել այդ նամակը:

Պաշտպաններից Տիգրան Աթանեսյանն էլ հստակեցրեց, որ գործի այլ մասի կասեցմանը վերաբերող թուղթ են ստացել, բայց քննչական կոմիտեից, ոչ թե դատարանից: Դատարանը կես ժամ ընդմիջում հայտարարեց, որ չներկայացած ամբաստանյալը ներկայանա, սակայն նա այդպես էլ չներկայացավ: Ամբաստանյալների պաշտպանները եւ մեղադրողը խնդրեցին ժամանակ տալ, որ ամբաստանյալը ներկայանա՝ կարծիք հայտնելով, որ նա պատշաճ նախորդ անգամներին ներկայացել է:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 5-ին:

Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018-ի ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։

Դավիթ Համբարձումյանի եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018-ի ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ առանց պատճառի 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հերացի և կորյուն խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց։

Մասիսի քաղաքապետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829