Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմանալ կարելի է, թե ո՞ւմ մտքով է անցել վարակված քաղաքացիներին մեկուսացնել մի այնպիսի վայրում, որը հանդիսանում է զբոսաշրջային գոտի. «168 ժամ»

Մարտ 03,2020 13:11

Մինչ կառավարության ղեկավարը շրջում էր փողոցներով և սելֆիներ անում քաղաքացիների հետ, իսկ առողջապահության նախարարը հեգնանքով էր խոսում չինական վիրուսի մասին, այն անարգել մտավ Հայաստան։ Որ որևէ երկիր ապահովագրված չէ այդ վտանգից, այդպես էլ կա։ Բայց մի՞թե կարելի էր այդքան անփույթ վերաբերվել մի խնդրի, որն արդեն հասցրել է հազարավոր մարդկանց կյանքեր խլել։

Թեև խնդիրը միայն մարդկային կորուստները չեն։ Կորոնավիրուսը չարիք է դարձել՝ ինչպես մարդկության, այնպես էլ՝ համաշխարհային տնտեսության համար։

Հայաստանի դեպքում այդ ռիսկերն ավելի են մեծանում, երբ առանց այն էլ 4 հարևաններից 2-ի հետ ունենք փակ սահման։ Երրորդի հետ սահմանը մենք ենք փակել։ Ճիշտ է, ժամանակավոր, բայց փակել ենք։ Խոսքն Իրանի մասին է։ Մնացել է միայն մեկը՝ Վրաստանը։ Երբ այլևս ունենք կորոնավիրուսի հաստատված դեպք, մի քանի տասնյակ քաղաքացիներ էլ կասկածվում են, չի բացառվում, որ հիմա էլ Վրաստանը վերցնի ու փակի Հայաստանի հետ սահմանը։ Արդյունքում՝ կհայտնվենք բացարձակ շրջափակման մեջ։

Իրանի հետ 2 շաբաթով սահմանի փակման մասին կառավարությունը հայտարարեց փետրվարի 24-ին։ Թե ինչքանո՞վ էր դա արդյունավետ, արդեն տեսնում ենք։

Կորոնավիրուսը Հայաստան եկավ Իրանից։ Այստեղից ժամանած քաղաքացին, պարզվեց, վիրուսակիր է, բայց այն ժամանակ, երբ նա արդեն հասցրել էր շփվել շատերի հետ։ Ու հիմա նրանք ևս հայտնվել են ռիսկի գոտում։

Խնդիրը, իհարկե, այն չէ, թե ինչու են թույլ տվել վիրուսակիր քաղաքացուն վերադառնալ Հայաստան։ Խնդիրն այն էր, որ կառավարությունն ու պատկան կառույցները բացարձակ անպատրաստ դուրս եկան ստեղծված իրավիճակին։ Փոխարենը պոտենցիալ վիրուսակիրներին ժամանակին հայտնաբերելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու՝ միայն տևական շփումներից հետո որոշվեց նրանց մեկուսացնել։ Ու հիմա վարակի տարածման հավանականությունը դարձել է շատ ավելի մեծ, քան կարող էր լինել, եթե ժամանակին կանխարգելիչ քայլեր արվեին։

Արդեն առաջին օրն այն հասցրեց խուճապի մատնել հասարակությանը։ Բազմաթիվ քաղաքացիներ շտապեցին սուպերմարկետներ՝ սննդի պաշար կուտակելու համար։ Շատերն էլ վերսկսեցին դեղատներում անհույս դիմակներ փնտրել։ Սրճարաններում ու այլ մասսայական հանգստի վայրերում նվազեցին այցելուները։ Բայց դա ամենը չէր։ Այն բանից հետո, երբ պարզվեց, որ կառավարությունը որոշել է կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնել մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը նվիրաբերած Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում, այստեղ հանգրվանած կամ նման մտադրություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին չեղարկել պատվերները։

Սա, թերևս, առաջին հարվածն էր, որ կառավարությունն իր ձեռքով հասցրեց Հայաստանի զբոսաշրջությանը: Զարմանալ կարելի է, թե ո՞ւմ մտքով է անցել վարակված քաղաքացիներին մեկուսացնել մի այնպիսի վայրում, որը հանդիսանում է զբոսաշրջային գոտի: Հատկապես որ, կորոնավիրուսից ամենամեծ սպառնալիքի տակ է հայտնվել զբոսաշրջությունը։

Չհաշված, որ այլևս անհույս է «Գոլդեն Փելիսի» վաճառքը։ Առանց այդ էլ հյուրանոցային այդ համալիրի համար գնորդները հերթ չէին կանգնել։ Անցկացված 2 աճուրդում որևէ մեկը ցանկություն չհայտնեց այն ձեռք բերել։ Պատճառները հայտնի են՝ ոչ ոք չի ուզում գնել այնպիսի մի գույք, որը վաղը կարող է լուրջ գլխացավանք դառնալ իր համար։ Կառավարության հերթական չտրամաբանված քայլն է՛լ ավելի նվազեցրեց հյուրանոցային այս համալիրի վաճառքի հավանականությունը։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031