Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ամբողջ մարզաշխարհը զգուշանում է կորոնավիրուսից

Մարտ 12,2020 13:19

Նոր կորոնավիրուսի արդեն հայտարարված պանդեմիան խառնել է բոլոր խաղաքարտերը համաշխարհային սպորտի օրացուցային պլաններում:

Տարբեր մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներ, մարդկային մեծ կուտակումներից եւ հնարավոր վարակակիրների հետ շփումներից խուսափելու նպատակով, հայտարարում են աշխարհի, մայրցամաքների առաջնությունների եւ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի ժամկետների հետաձգման մասին: Անգամ քննարկվում են դրանք պարզապես չեղարկելու հնարավորությունները:

Գեղասահքի միջազգային ֆեդերացիան որոշել է հետաձգել Մոնրեալում (Կանադա) մարտի 16-ից 22-ը կայանալիք աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու էին Հայաստանի մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ պարային զույգը: Աշխարհի ուժեղագույն գեղասահորդները, հնարավոր է, պայքարեն հոկտեմբեր ամսին:

Մարտի 18-ից 22-ը Դոհայում նախատեսված էր անցկացնել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի փուլը: Հայաստանը ներկայացնելու էին Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը: Ու չնայած որոշ մասնագետներ մեզ վստահեցնում են, որ կորոնավիրուսի հարուցիչները տաք եղանակային պայմաններում ոչնչանում են, իսկ Քաթարը տաք երկիր է, Սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիան նույնպես որոշել է այս մրցումը հետաձգել: Հավանաբար, այն կանցկացվի կրկին Դոհայում, հունիսի 3-6-ին:

Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճերի ըմբշամարտրի ազգային հավաքականները նախապատրաստվում են մարտ եւ ապրիլ ամիսներին նշանակված օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, սակայն հայտնի է դարձել, որ դրանց անցկացման ժամկետները նույնպես փոխվում են: Ամենայն հավանականությամբ, եթե կորոնավիրուսը նոր, ավելի բարդ խնդիրներ չառաջացնի, այդ վարկանիշային մրցումները կկայանան մայիս-հունիս ամիսներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031