Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի ահաբեկչական քայլերը նպատակին ծառայել են». ինչո՞ւ չի քննվում Քոչարյանի խափանման միջոցի հարցը

Ապրիլ 08,2020 12:55

Դեռեւս մարտի 13-ին «Մարտի 1-ի» գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացրել է անաշխատունակության մասին (վատառողջ է) թերթիկ, սակայն նրա աշխատակազմը նույն օրը Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանին հավաստիացրել է, որ մարտի 17-ին նշանակված դատական նիստն անպայման տեղի է ունենալու: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Իրական պատկերի եւ Աննա Դանիբեկյանի անաշխատունակության հետ կապված մեզ հակասական պատասխաններ են տրվում: Ամսի 16-ին դատարանին միջնորդել եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին: Նույն օրը մեզ ոչինչ չի ասվում Աննա Դանիբեկյանի անաշխատունակության մասին: Իսկ հաջորդ՝ նիստի օրը մեզ ասվում է, որ նա ի վիճակի չէ դատարան գալ»,-նշեց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ են երաշխավորել Քոչարյանի ազատության համար:

Նրա փոխանցմամբ՝ մարտի 24-ին հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը եւ այն փաստը, որ 60 տարեկանից բարձր անձինք խոցելի խմբում են, Ռոբերտ Քոչարյանն էլ առողջական խնդիրներ ունի, միջնորդել են խափանման միջոցը վերացնել, սակայն միջնորդության քննությունը մինչ օրս տեղի չի ունեցել, իսկ դատավորի աշխատակազմը չի տեղեկացնում, թե դատավորի առողջական խնդիրները որքան կարող են տեւել:

«Առաջին ատյանի դատարանի նախագահը մեզ ասում է, որ միայն Աննա Դանիբեկյանը պետք է քննի գործը: Սակայն նախագահը տեղյակ չէ ԲԴԽ այն որոշումից, որ միջնորդության քննության համար սեղմ դատավարական ժամկետներ կան: Երբ դատավորը չի կարողանում գործի գալ, միջնորդությունը համակարգչային ծրագրով բաշխվում է համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջեւ»,-նկատեց Հայկ Ալումյանը: Նա հակված է մտածելու, որ անտեղյակության եւ օրենք խախտելու հետ գործ ունեն. «Ահաբեկված դատական համակարգ է: Ցավոք, վարչապետի ոչ ստանդարտ՝ ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են: Դատարաններն արգելափակելը, «վեթինգով» սպառնալը, դատավորների հասցեին ինչ ասես հայտարարելը, ցավոք, հասել են նպատակակետին: Հիմա եզակի դատավորներ են պահպանել մասնագիտական արժանապատվությունը, բայց միայն այդքանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930