Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրիստական գործակալության տնօրեն. «Փակուղի եմ տեսնում առաջիկա մեկ տարում»

Ապրիլ 21,2020 14:55

Շուրջ 7 տարի գործունեություն ծավալած Smart travel տուրիստական գործակալությունը, այլ գործակալությունների նման, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված հայտնվել է խնդիրների առաջ:

Aravot.am-ի հետ զրույցում Smart travel-ի հիմնադիր, տնօրեն Մարիամ Անդրոյանը խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ այն բնորոշեց բարդ, իսկ շուկան՝ իներտ: «Ցավոք, ներգնա տուրիզմի առումով բոլոր հարցումները չեղյալ են հայտարարվել: Փորձում ենք իրենց պահել՝ տուրիստական վաուչեր տալու տարբերակով, որ գոնե մեկ տարվա ընթացքում նորից կարողանան գալ Հայաստան: Դա տարբերակներից մեկն է, որ հույսեր ունենանք, որ թեկուզ մեկ տարի հետո այդ նույն խմբերին կկարողանանք ընդունել: Ոմանք համաձայնել են, ոմանք՝ ոչ:

Ներգնա տուրիզմի առումով, որ ավելի հոգեհարազատ է ինձ, ցավոք, մեկ տարի դեռ ոչինչ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է ներքին տուրիզմին, ես այդ ոլորտի մեջ ինքս չեմ մտնի: Անկեղծ ասած, հիմա ամեն մի մեքենա ունեցող փորձելու է զբաղվել ներքին տուրիզմով: Երբ կլինի առաջարկի եւ պահանջարկի ավելցուկը, գնագոյացումը նվազելու է եւ այնտեղից դու չես կարողանալու որոշակի շահույթ ունենալ, որպեսզի հնարավոր լինի գրասենյակդ պահել՝ աշխատողներով եւ ծախսերով հանդերձ: Դրա համար ես ինքս ձեռնպահ կմնամ իմ տուրիստական գործունեությունը ծավալել ներքին տուրիզմի ոլորտում»,-նշեց տուրիստական գործակալության հիմնադիրը:

Լուսանկարը՝ Մարիամ Անդրոյանի ֆեյսբուքյան էջից

Մարիամ Անդրոյանը հավելեց, որ պատրաստվում են առաջիկայում տուրիզմի ոլորտի վերաբերյալ դասընթացներ կազմակերպել, որպեսզի կարողանան, «կողքից» գումար հայթայթել եւ դրանք ուղղել ներգնա տուրիզմի ծախսերը հոգալուն:

«Ինչ վերաբերում է արտագնա տուրիզմին, նշեմ, որ ունենք չարտերային թռիչքներ, նախապես պատվիրված տեղեր, սակայն մարդիկ արդեն հրաժարվում են, զբոսաշրջիկը չի ցանկանում հուլիս-օգոստոս ամիսներին դուրս գնալ, որովհետեւ հոգեբանորեն տրամադրված չէ, որ պետք է ճամփորդի, մտածում է վտանգ կա եւ այլն: Մեր չարտերի կազմակերպիչներն էլ փորձում են տուրիստական վաուչեր տալ, բայց հայկական հոգեբանությամբ դա ընդունված չէ, մարդիկ պարտադիր իրենց գումարն են պահանջում»,-հավելում է Մարիամ Անդրոյանը:

«Օրինակ, Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ մինչեւ սեպտեմբեր իրենց երկրի տարածքը փակ կլինի, հաջորդ քայլն էլ այն կլինի, որ մարդիկ պարտադիր թեստավորման մասին փաստաթուղթ ներկայացնեն, եթե վակցինա լինի, պատվաստման մասին վկայող՝ թուղթ: Այսինքն նորից բարդություններ են առաջանալու, որովհետեւ ամեն մեկը պատրաստ չէ թեստավորվել կամ պատվաստվել: Սա եւս արգելք է տուրիստական բիզնեսի համար»,-ասում է մեր զրուցակիցը:

Նաեւ հավելում է, որ այս պարագայում Ասիայում կարելի է հանգստանալ, ասենք՝ Շրի Լանկայում, Ինդոնեզիայում, կամ դիցուք՝ Մալդիվներում, Տանզանիայում, Զանզիբարում, բայց չի պատկերացնում, արդյոք մարդիկ կկարողանան հանգստի մեկնել. «Մենք բոլորս երկու ամիս մեր տներում նստած ենք, շատ գումարներ ենք ծախսում՝ առանց աշխատելու, արդյոք պատրա՞ստ ենք՝ մեծ գումարներ դնել ու գնալ ծովափնյա երկրներում հանգստանալու: Մի խոսքով, տուրիզմի ոլորտում ես փակուղի եմ տեսնում առաջիկա մեկ տարին»:

Մարիամ Անդրոյանն ասում է, որ փորձելու է նոր ուղիներ փնտրել վիճակը մեղմելու համար, որովհետեւ չի ցանկանում տարիների ընթացքում կայացրած իր գործակալությունը դուրս մղվի շուկայից ու բազմաթիվ ջանքերով ստեղծածը ջուրն ընկնի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930