Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Նրանք հավատում էին, որ մի օր բոլորը կվերադառնան իրենց օջախ

Ապրիլ 24,2020 09:00

1915 թ. ապրիլին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Մեծ Եղեռնի չարագուշակ ձեռքը մեծ ողբերգությունից անմասն չթողեց ոչ մի հայ ընտանիք։ Իմ ոչ հեռավոր նախնիները ևս եղեռնազարկ են եղել՝ արժանանալով դաժան ճակատագրի:

Պապիս հայրը՝ Տեր Պետրոսը, ճանաչված, հարգված ու մեծահարուստ հոգևորական է եղել Կաղզվան նահանգի Ղարավանք գյուղում: Նրա հորը Գրիգոր են կոչել: Ղարավանքը առաջին համաշխարհային պատերազմից առաջ ուներ շուրջ 500 հայ բնակիչ։ Հետագայում այն վերանվանել են Թաշբուրուն (Tashburun):

Գրիգորի գերդաստանի զավակն է պապս` Սամսոնը, որին, ավաղ, նրա թոռներից ոչ մեկը չի տեսել։ Սամսոն Պետրոսյանը հորս՝ Վարդևանի (Վարդանի) հայրն է: Թերևս տիրացու լինելն է եղել պատճառը, որ պապիս ցեղը Տեր-Պետրոսյան ազգանունն է կրել, սակայն հետագայում ազգանվան «տեր» մասնիկը հանվել է, հավանաբար Խորհրդային Հայաստան գաղթելուց հետո:

Ի դեպ, Տեր Պետրոսն ունեցել է յոթ որդի և հպարտորեն ամենուր հայտարարել է, որ իր ընտանիքը կինարմատ չի տվել, այլ միայն զինվորներ, հայրենիքի յոթ զավակներ։ Նա այդպես էլ աղջիկ չի ունեցել: Ցավոք, Պետրոսի յոթ որդիներից միայն 6-ի անունները գիտեմ` Իշխան, Պատվական, Աղաբաբ, Վարդևան, Մինաս, Սամսոն: Ենթադրում եմ, որ յոթերորդ որդուն Պետրոսն իր հոր անունով Գրիգոր պետք է կոչած լինի:

Երբ ես փոքր էի, միշտ զարմանում էի, թե իմ Վարդանուշ տատն իր որդիների անսովոր անունները՝ Վարդևան, Պատվական և Աղաբաբ, որտեղից է գտել: Բայց երբ մեծացա, ու տատս, հայրս, նաև հորեղբայրներս պատմեցին Սամսոն պապիս ընտանիքի պատմությունը, հասկացա, որ հորեղբայրներս պատահական անուններ չեն կրում, դրանք մի հին ու տխուր պատմության արձագանք են ու խիստ ամաչեցի:։

Պատմությունը, որ պիտի շարադրեմ, Սամսոն պապս է պատմել իր կնոջը` Վարդանուշ տատիս, որը սերնդե սերունդ փոխանցել է իր որդիներին, հարսներին ու թոռներին:

Սամսոնը տատիս պատմել է, որ թուրք ասկյարները հատուկ հավաք են կատարել՝ հայ երիտասարդներին բանակ տանելու պատրվակով, բայց իրականում այդ երիտասարդներին բանտ են նետում, որպեսզի չկարողանան կոտորածի ժամանակ պաշտպանել իրենց ընտանիքներին: Ամեն օր հերթով անուն, ազգանունները կարդալով՝ երիտասարդներին դուրս են կանչում ու սպանում: Մի օր էլ պապիս անունն են կարդում: Թուրք հրամանատարը ասկյարներից մեկին պատվիրում է «էդ գյավուրի» գլուխը կտրել, շորերը թաթախել արյան մեջ ու վերադարձնել իրեն։ Ասկյարը պապիս տանում է ամայի մի տեղ, որ սպանի: Պապս կռանում, մի քիչ հող է գցում բերանը` որպես մահից առաջ քրիստոնեական խոստովանանք ու օրհնություն։ Այդ պահին թուրք ասկյարին պապիս լայն թիկունքը շատ ծանոթ է թվում: Նա հարցնում է պապիս որտեղացի լինելն ու երբ իմանում է, որ նա Կազվանի Տեր Պետրոսի որդի Սամսոնն է, հրացանը ցած է գցում ու փաթաթվում պապիս։ Պարզվում է, որ նա տարիներ առաջ Ղարավանքում Սամսոնենց տանը ծառայություն է արել և իր ընտանիքին սովից փրկել է Սամսոնի հայրը՝ Պետրոսը: Նա պապիս հիշեցնում է, որ ինքը Ալին է, և որ պապիս մինչև տասը տարեկան հասակն իր ուսերին է ման տվել: Պապս հիշում է նրան:

Ալին սպասում է մինչև մութն ընկնի, ապա պապիս տանում է իր տուն, մի մոզի մորթում, պապիս շորերը թաթախում է արյան մեջ ու տանում իր հրամանատարին:

Ալիի որդին մահացած է լինում, բայց երիտասարդ հարսը նրա տանն է ապրելիս լինում: Սամսոնը տատիս պատմել է, որ այդ կինը աննկարագրելի գեղեցկություն է ունեցել, և Ալին մշտապես համոզել է պապիս ամուսնանա իր հարսի հետ և իր տղան դառնա: Բայց պապս ամեն անգամ մերժել է նրան: Երբ Ալին մի վերջին անգամ է փորձել համոզել, Սամսոն պապս այնքան համարձակություն է ունեցել, որ Թուրքիայում, թուրքի օջախում ասել է`

– Ուզում ես հենց էստեղ ինձ սպանիր, բայց ես թուրք կին չեմ առնի ու թուրք չեմ դառնա։

Ալին վերջապես հասկանում է, որ երիտասարդ Սամսոնին համոզելն անիմաստ է և գիշերով նրան անցկացնում է սահմանն ու պապս գալիս է հայրենի գյուղ՝ Կաղզվան։

Գյուղից, սակայն միայն ավերակներ էին մնացել։ 1918 թվականի թուրքական արշավանքը սրբել, տարել էր գրեթե ամեն բան։ Հայրական օջախի դուռը կողպած տեսնելով՝ Սամսոնը հանկարծ հիշում է իր հոր պատվիրանը` ուղղված զավակներին. «Եթե երբևէ հեռավոր տեղից տուն վերադառնաք ու տան դուռը փակ տեսնեք, կգնաք մեր ընկույզի ծառի տակը կփորեք, եթե այնտեղ թաղված լինի մեր ընտանիքի հարստությունը, ուրեմն փախեփախ է եղել ու մենք լքել ենք մեր գյուղը»: Սամսոնը փորում է ընկույզի ծառի տակն ու երբ տեսնում է կճուճով ոսկին` հոնգուր-հոնգուր լաց է լինում, նորից հողով ծածկում է այն` էն հույսով, որ երբևէ բոլորը կրկին կվերադառնան իրենց օջախը:

Սկսվում է հայ-թուրքական պատերազմը։ Գիշերը Աթաթուրքերը սկսել էին գյուղի գնդակոծումը, և այլ ելք չկար, քան վերստին բռնել գաղթի ճանապարհը։ Սամսոնը երկար թափառելով հասնում է Էջմիածին: Այն ժամանակ բոլոր գաղթականները Էջմիածին էին գալիս՝ պատսպարվելու Մայրավանքի սուրբ պատերի տակ: Էջմիածինը լիքն էր գաղթականներով ու որբերով։ Գաղթականների մեջ Սամսոնը շատ պատահական հանդիպում է իր հորեղբայր Մինասին, որի հետ միասին այստեղ-այնտեղ ծվարելով, կիսաքաղց անցկացնում են գիշերները: Սակայն քաղցը և եղբոր որդու ծանր վիճակը ստիպում են հորեղբայր Մինասին համոզել Սամսոնին, որ հեռանա Էջմիածնից, գնա որևէ գյուղ աշխատանք, ապրելու տեղ փնտրի՝ հուսալով, որ շուտով Կարսը կվերադարձնեն ու իրենք կվերադառնան հայրենի Կաղզվան։

Պապս հասնում է Կոշ գյուղ (հնում՝ Կվաշավան, որն Արշակունի թագավորների դաստակերտն է եղել): Կոշեցի Վանուշ Գևորգյանը, որին մենք Վանուշ հորեղբայր ենք կոչել, ինձ պատմեց, որ գալով Կոշ գյուղ՝ պապս հանդիպում է իրենց ազգակից Աբրահամին, որին գյուղացիները Ափո էին անվանում: Սա երիտասարդ Սամսոնին իր տանը աշխատանքի է վերցնում: Ձմռան մի ցուրտ օր Վանուշի տատը՝ Լուսնթագը փողոցում տեսնում է արտասվող Սամսոնին: Հարցնում է, թե ինչու է լալիս, նա պատասխանում է, որ շունն ավելի լավ կյանքով է ապրում, քան ինքը: Պատմում է, թե իր հոր տանն ինչ անհոգ ու շքեղ կյանքով է ապրել, ծառաներ են ունեցել, իսկ հիմա անօթևան է, մի կտոր հացի համար օր ու գիշեր տանջվում է՝ ցրտին ու բքին: Լուսնթագ տատը խիստ ազդված՝ դիմում է իր ամուսնուն, համոզում, որ Սամսոնին բերեն իրենց հետ ապրի` ասելով. «Եզդուն բերել ես առոք-փառոք մեզ հետ ապրում է, իսկ մեր հայը Ափոյի տանը լավ չի ապրում»:

Ամուսինը՝ տիրացու Գևորգը գիտեր, որ Ափոն Սամսոնին իրեն տվողը չէ, ուստի դիմում է քահանային, որի հետ միասին համոզում են Աբրահամին և Սամսոնը տեղափոխվում է տիրացու Գևորգի տուն։ Տեսնելով Սամսոնի մարդկայնությունը, աշխատասիրությունը, խելացիությունն ու գրագիտությունը` Տեր Գևորգն անչափ սիրում է տղային ու գյուղի եկեղեցում Սամսոնին մկրտում է որպես իր հոգեորդի՝ որդիներ Խաչատուրի, Վաչագանի և Բենիամինի չորրորդ եղբայր: Սամսոնը դառնում է ընտանիքի անդամ ու թիկունք դառնում Տեր Գևորգի որդիներին: Այսպիսով Սամսոնը դառնում է նրանց ընտանիքի անդամ:

Որոշ ժամանակ անց Տիրացու Գևորգը որոշում է ամուսնացնել Սամսոնին: Շուտով նրա ընտանիքի անդամները Սամսոնի համար փոքր տուն են կառուցում ու ամուսնացնում Արագածի լանջերին ծվարած գաղթական մի ընտանիքի դստեր՝ Վարդանուշի հետ:

Վարդուշ տատս որդու՝ Պատվականի ընտանիքի հետ

Սամսոնի և Վարդանուշի հարսանիքի ժամանակ տեսնելով, որ սասունցիները շատ են խմում, պապս ինչ-որ մեկին ռուսերենով ասում է, որ էս սասունցիները խենթ են, եթե խմեցին, անպայման կռիվ կանեն: Սասունցիներից մեկը լսում է ու տեղյակ պահում հարազատներին: Հարսին Կոշ տանելու ճանապարհին նրանք հրացաններով կանգնեցնում են Սամսոնին ու Տեր-Գևորգի ընտանիքի անդամներին: Ստիպում են, որ իրենց աղջկան վերադարձնեն: Տեր Գևորգը որքան էլ համոզում է, նրանք չեն զիջում: Ճարահատյալ Տեր-Գևորգը մի քանի անասուն է խոստանում նրանց, որ թույլ տան հարսին իրենց հետ տանեն: Նա իր խոստումը հետագայում կատարում է:

Ամուսնությունից հետո Սամսոնն ունենում է չորս որդիներ, որոնց անվանում է իր եղբայրների ու հոր անուններով` Պետրոս, Իշխան, Վարդևան, Պատվական և Աղաբաբ: Պետրոսն ու Իշխանը մանուկ հասակում մահանում են սովից:

Հետագայում հայրս` Վարդևանը, իր առաջնեկին անվանում է պապիս անունով` Սամսոն, իսկ Պատվական հորեղբայրս իր երեք որդիներից երկուսին անվանում է իր անհետ կորած հորեղբայրների անունով` Իշխան ու Պետրոս:

Ասում են եղբայրս` Սամսոնը, շատ նման է իմ պապին, ոչ միայն արտաքինով, այլև իր խելքով ու գրագիտությամբ: Սամսոն պապս շատ գրագետ է եղել: Դեռևս այն տարիներին տիրապետել է մի քանի լեզուների:

Սամսոն Պետրոսյանը մահացել է 1935 թվականին՝ լնդախտից, երիտասարդ հասակում: Նա թաղված է Կոշ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու կողքի գերեզմանոցում, որը հետագայում դարձավ նրա տոհմի գերեզմանատունը: Նրա շիրիմը գտնվում է իր հոգևոր հայր Տիրացու Գևորգի գերեզմանոցից վերև: Մինչ օրս պապիս մասին խոսելիս Կոշ գյուղում ասում են Պզանենց Սամսոնը: Պզանենք տիրացու Գևորգի տոհմն է, որի բոլոր անդամները անչափ սիրել են պապիս, ու նրանց երեխաներն ու թոռները մինչև վերջերս չգիտեին, որ Սամսոնն իրենց հարազատ հորեղբայրը չի եղել:

Սամսոնի մահվանից հետո է նրա Եվա հորաքույրը եկել գտել իմ հորն ու հորեղբայրներին: Եվան բնակվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Այն տարիներին այս քաղաքում համաճարակ էր տարածված։ Ամուսնուն դեռ 1915 թվականի եղեռնի օրերին կորցրած կինը ընկնում է հիվանդանոց։ Երբ ապաքինվելուց հետո վերադառնում է, Աստծո հույսին թողած իր չորս զավակներին չի գտնում։ Ոմանք ասել են, թե որդիները մահացել են, ոմանք էլ ՝թե նրան ամերիկացիները մյուս որբերի հետ Ամերիկա են տարել։ Եվա Զադոյան հորաքույրը մինչև իր կյանքի վերջն ապրեց Պատվական հորեղբորս ընտանիքի հետ՝ այդպես էլ չգտնելով իր որդիներին:

Եվա հորաքույրը Պատվականի ընտանիքի հետ

Ոչ հավաստի աղբյուրներից լսել ենք, որ իբր Սամսոն պապիս հայրը՝ Պետրոսը, այդ ամբողջ ընթացում ապրել է Երևանում, բայց այդպես էլ հայր ու որդի երբեք չեն հանդիպել։ Դառը ճակատագիր:

Երկար տարիներ անց, երբ հորեղբայրս՝ Սամսոնի որդի Աղաբաբը, Ջրվեժում շինարարության բրիգադավար էր աշխատում, նոր տներ կառուցելու համար քանդել է տվել հին տները, մի տարեց մարդ զայրացած ասել է.

-Ուր գնացինք, մեր տունը քանդեցին, էս ի՞նչ կյանք է։

-Քո ո՞ր տունն են քանդել հայրիկ։

-Կաղզվանի իմ տունը, այ որդի,- պատասխանել է տարեցը։

Հորեղբայրս տեղեկացել է, որ այդ մարդը ճանաչել է իմ պապի հորը՝ Տեր-Պետրոսին: Աղաբաբ հորեղբայրս այդ մասին պատմել է իր եղբայրներին: Պատվական հորեղբայրս հետաքրքրվել և իմացել է, որ Էջմիածնում ապրում է Սամսոն պապիս եղբոր փեսան՝ Վարդևանը ու հանդիպել է նրա հետ:

Վարդանուշ տատիս տոհմն էլ իր ցավոտ պատմությունն ունի: Նրա ընտանիքը 1915 թվականին գաղթել է Էրզրումից: Նրա հայրը և հորեղբայրները շատ հարուստ ու հեղինակություն վայելող մարդիկ են եղել Էրզրումում: Տատիս հոր ընտանիքի անդամները Էրզրումից փախել են, իսկ հորեղբոր փոքր տղան բոլորի ունեցվածքն է թաքցրել թուրքերից ու չի հասցրել փախչել: Հետագայում Հայաստան գաղթած գյուղացիները պատմել են, որ թուրքերը բռնել են նրան ու ծեծելով ստիպել իրենց գերդաստանի հարստության տեղն ասի՝ խոստանալով ազատ արձակել նրան: Նա իրենց տան բակում, գետնի տակ ցույց է տվել մի մեծ հոր, որտեղ իր գերդաստանի ոսկիները, թանկարժեք իրերն ու խալիներն էր թաքցրել: Թուրքերը, խախտելով տված խոստումը, սպանել են նրան ու տիրացել Վարդանուշ տատիս տոհմի ողջ հարստությանը:

Ես շատ եմ ցավում ու դատապարտում եմ ինձ, որ ունենալով մեր սեփական հեռուստաստուդիան՝ Աշտարակի հեռուստատեսությունը, ես երբևէ տատիկիս չեմ նկարահանել։ Այն ամենը, ինչ այս պահին ես եմ պատմում, կպատմեր նա, որպես 1915 թ. հայկական եղեռնի վկա, կպատմեր ավելի մանրամասն իր և Սամսոն պապիս կյանքից, իրենց գաղթից:

Պատմեց Գայանե ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ Սամսոնի և Վարդանուշի թոռնուհին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930