Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիրով ընդգծենք՝ ես և իմ ընտանիքը հեղափոխությունից չենք հիասթափվել». ՀՀ կառավարության դիմաց բողոքի ցույցի մասնակից

Մայիս 01,2020 19:20

«Կարմիրով ընդգծենք՝ ես և իմ ընտանիքը հեղափոխությունից չենք հիասթափվել. մենք ինչպես երկու տարի առաջ, այնպես էլ հիմա վստահում ենք Նիկոլ Փաշինյանին»,-Aravot.am-ի հարցին՝ մի՞թե հիասթափվել են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, որ ՀՀ կառավարության դիմաց բողոքի ցույց էին անում, այսպես պատասխանեց քաղաքացիական ակտիվիստ, Թավշյա հեղափոխության օրերին Մոսկվայից Հայաստան տեղափոխված Էդգար Բաբայանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին բողոքի ցույցի մասնակիցները հայտարարեցին՝ ցանկանում են, որ կառավարությունը սաստի «ՀԷՑ»-ին ու «Գազպրոմ»-ին, որոնք պահանջում են քաղաքացիների կոմունալ վճարները: Այս առիթով մեր զրուցակիցը մանրամասնեց` ունեն կոնկրետ անհամաձայնություն կապված սոցիալական լարվածությունը մեղմող մի քանի ծրագրերի հետ, կոնկրետ կոմունալ վճարների հարցով ու նշեց. «Գազի, լույսի անջատումներն արտակարգ դրության պայմաններում մեզ անհանգստացրին: Մերն էլ անջատեցին, մենք այդ հարցը լուծեցինք, միացրին: Սակայն խնդիրը ոչ այնքան մեր հարցն էր, որքան գիտեինք, որ կան մեզնից շատ ավելի անապահով ընտանիքներ, որոնց հետ շատ անարդար էին վարվում այդ իրավիճակներում: Եվ մեր բողոքի հիմնական նպատակն էր, որ վարչապետը հասկանա՝ այն կադրերը, որոնք բերում են սոցիալական և տնտեսական ծրագրերի փաթեթները, նրանք իրական պատկերը չեն արտացոլում: Մեր նպատակն այս խնդիրը լսելի դարձնելն էր»:

Նա ընդունեց, որ իրենց այդ քայլն արտակարգ դրության պայմաններում «մի քիչ տգեղ էր նայվում»: Մեր փաստմանը՝ օրենք էր խախտվում, Էդգար Բաբայանն արձագանքեց. «Հասկանում էինք, որ դա նաև վարչական իրավախախտում է պարունակում, բայց մենք գնացինք այդ քայլին և փորձեցինք լսելի դարձնել մեր ձայնը: Դա մի քայլ էր, որն ուղղված էր ոչ թե վարչապետ Փաշինյանի դեմ, այլ մեր խոսքը լսելի դարձնելու համար»: Էդգար Բաբայանին հիշեցրինք՝ իր ընդդիմախոսները փաստում են՝ հեղափոխության օրերին սատարում էր Նիկոլ Փաշինյանին, անգամ իր դստեր անունը Նիկոլ Փաշինյանի պատվին Ռուզաննա-Նիկոլ է դրել:

Նա արձագանքեց. «Հակառակ ճամբարից մեր այդ քայլը փորձեցին ցույց տալ՝ որպես խորը հիասթափություն, երեխայի անվան հետ դա կապեցին: Այո, մեր երեխայի երկրորդ անունը հեղափոխության, մայիսի 9-ի հետ կապելով՝ դրեցինք Նիկոլ, բայց դա նաև ֆրանսիական գեղեցիկ կանացի անուն է: Մենք դա արեցինք, քանի որ իմ կինը Հանրապետության հրապարակից տեղափոխվեց ծննդատուն: Ես դրա համար ևս մեկ անգամ շեշտում եմ՝ մենք չենք հրաժարվել, ես հավատում եմ Հայաստանի Հանրապետության վաղվա օրվան և հեղափոխության արժեքներին: Չգիտեմ՝ վաղն ինչպես կլինի, հիմա դեռ դրական ենք տրամադրված: Իսկ այն էժան, կիսաֆեյքային շահարկումներին, իհարկե, վատ ենք վերաբերվում, քանի որ երեխայի անվանն է նաև վերաբերվում: Երեխայի անունը փորձում են դնել կեղտոտ քննարկումների մեջ, դա տհաճ է: Բայց որքան էլ տարօրինակ է, պրոնիկոլական, այն, որ ասում են, մերոնքական ֆեյքերն էին մեզ քառատում, որքան էլ դա տհաճ է: Դրա համար առհասարակ ֆեյքերին դեմ ենք և փորձում ենք արհամարհել»:

Մեր հստակեցմանը՝ փաստորեն Դուք էլ եք Ձեզ Ձեր խոսքով ասած՝ պրոնիկոլական դաշտից համարում, մեր զրուցակիցն արձագանքեց. «Իհարկե, եթե կարելի է այդպես ասել, այո, պրոնիկոլական ենք: Հեղափոխությունը մեզ համար շատ կարևոր իրադարձություն էր, ինձ համար այդ փոփոխությունը կարևոր քայլ էր, որպեսզի կարողանամ վերադառնալ Հայաստան: Դրա համար շատ շնորհակալ եմ, որ իրենք կարողացան մի կայծից այդպիսի կրակ վառել, իհարկե, նաև մեր բոլորի օգնությամբ: Ու դրա համար փորձում ենք օգնած լինել»:

Հետաքրքրվեցինք՝ փաստորեն դժգո՞հ են Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, Էդգար Բաբայանը պատասխանեց. «Կառավարության ոլորտային նախարարներից՝ սոցիալական հարցերի նախարարից, փոխվարչապետներից: Հասկանում ենք, որ այդ հարցերում վարչապետը հիմնվում է թիմի բերած առաջարկների վրա: Մեր խնդիրն էր ցույց տալ՝ դժգոհության մի ալիք է գեներացվում, որն օգտագործվում է ընդդիմադիր ուժերի կողմից ոչ բարի նպատակներով, և փչանում է հեղափոխական ամբողջ գաղափարական այդ մաքուր ու բարի ֆոնը: Կառավարության սոցիալական ծրագրերի տարատեսակ դասակարգումները թույլ չեն տալիս լայն շրջանակների օգտվել դրանցից: Դրա համար մենք կողմ էինք այսպես ասած՝ մարուքյանական թեզին, որպեսզի թեկուզ 50-60 հազար դրամ տրվեր, բայց տրվեր համատարած՝ հանելով այն մարդկանց, որոնք աշխատող են: Կմնար բացարձակ մնացորդ այն մարդկանց, որոնք մեկ անգամ կօգտվեին գումարից և կուզեին կոմունալ կմուծեին, կուզեին հաց կգնեին և պետությունից չէին դժգոհի»:

Էդգար Բաբայանին մտահոգում է այն, որ կառավարությունը իր նման միջին խավին չի նկատում. «Առաջին հայացքից ինձ նման մարդիկ նորմալ պայմաններում են, բայց խնդիրն այն է, որ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ իմ ձեռքերը կապված են, որ ես գործունեություն ծավալեմ: Ես լավ հագուստով և լավ բնակարանի մեջ չեմ կարողանում կենցաղային մակարդակի հարցեր լուծել: Նեղվում եմ, որ կառավարությունն իմ նման միջին խավին չի նկատում»:

Հարցին՝ ընդունելի՞ է Նիկոլ Փաշինյանի առաջարկած սոցիալական կոմունալ համերաշխության բանաձևը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինձ համար ցանկացած նման մարդասիրական քայլ ընդունելի է,և ես առիթ եմ ունեցել նման համերաշխության մեր հնարավորությունների սահմաններում՝ անկախ այս կոչից: Դրական եմ դրան վերաբերվում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս ամբողջ դժգոհությունների պատմության մեջ տհաճ էր այն, որ արտակարգ դրության ժամանակ պետությունը չկարողացավ «Հայռուսգազարդի», «ՀԷՑ»-ի և համապատասխան հանձնաժողովի հետ գալ մի այնպիսի կոնսենսուսի, որ մարդկանց՝ երկու ամսվա պարտքային մասը բաժանեին մնացած ամիսների վրա, և մարդիկ քիչ-քիչ փակեին»:

Հարցին՝ շարունակելո՞ւ եք խնդիրների հետ կապված բարձրաձայնել, մեր զրուցակիցը վստահեցրեց՝ իր բոլոր ռեսուրսներով կանգնած է այն նախաձեռնությունների կողքին, որոնց նպատակը կառավարությանը հուշելն է:

Հետաքրքրվեցինք՝ իսկ բողոքի ցույցի արդյունքում իրենց ձայնը տեղ հասա՞վ, Էդգար Բաբայանն ասաց՝ ուղիղ արձագանք չի եղել:

Զրույցի ավարտին ևս մեկ անգամ շեշտեց. «Մենք չենք փոշմանել պարոն Փաշինյանին աջակցելու համար, մենք հավատում ենք Հայաստանի Հանրապետության վաղվա օրվան, տեսնում ենք այն շատ դրական քայլերը, որոնք արվում են: Հավատում եմ, որ վաղը Հայաստանն ունենալու է այն լուսավոր ապագան, որը երկու տարի առաջ սկսել ենք կերտել»:

Լուսանկարները՝ Էդգար Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031