«Հայաստանյան քաղաքական օրակարգում շատ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տա Նիկոլ Փաշինյանը, բայց չի տալիս, որովհետեւ դրանք չկան»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը: Իսկ հարցերը հետեւյալն են` Միքայել Մինասյանի`Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի մասին արված բացահայտումը, մաքսանենգ ճանապարհով Հայաստանից դուրս եկած ծխախոտի խմբաքանակի հարցը, որը կապվում է Նիկոլ Փաշինյանի աներորդու`պատգամավոր Հրաչյա Հակոբյանի անվան հետ, Զոհրաբ Մնացականյանի երեկ արած այն հայտարարությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, որ փաստացի, բանակցություններ են ընթանում Ղարաբաղի հարցի շուրջ, Լավրովի հայտարարությունները, կորոնավիրուսի դեպքերի ավելացումը եւ սահմանափակումների թեթեւացումը, ձեւական կարանտինը եւ այլն:
Վահան Բաբայանի կարծիքով, հաջորդ խորհրդարանում պետք է հանձնաժողով ստեղծվի, որը կքննի գործող իշխանության գործողությունները համավարակի ժամանակ`որքանո՞վ են գործել իրավիճակին համահունչ, ի՞նչ են արել, որ կարող էին անել եւ ի՞նչ են արել, որը կարող էին չանել: «Նախարարն էլ վեր է կենում եւ հայտարարում`10 հազար, 500 հազար վարակներ ենք ունենալու, զոհեր ենք ունենալու… ուրիշ երկրներում ժողովրդին հանգստացնում են, բացատրում են, հույս են տալիս, գոնե, որ լավ կլինի, էս մարդիկ մենակ բայղուշությամբ են զբաղված: Մարդկանց վախեցնում են`ասում են`նստեք, բայց միաժամանակ ասում են`վեր կացեք`աշխատեք: Բայց գիտե՞ք ինչի են ասում աշխատեք, որովհետեւ տնտեսություն չկա, տնտեսությունը կործանվում ա»,- ասաց նա:
Վահան Բաբայանի համար նաեւ անհասկանալի է, թե ինչո՞ւ հայկական կողմը դիմում չհղեց ԵԽԽՎ քարտուղարություն`ասելով, որ կեղծ կարգավիճակ ունեցող մարդուն`«Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Թուրալ Գյանջալիեւի հայտնվելն այդ կառույցում կխաթարի բանակցությունների ընթացքը: Նա ենթադրում է, որ փաստորեն կա պայմանավորվածություն, որ այդ «խաղաքարտը խաղացնելու են»: Այս համատեքստում, ՌԴ ԱՆ նախարար Սերգեյ Լավրովի`Արցախի հարցի փուլային լուծման մասին արած հայտարարությունները Վահան Բաբայանը համարում է «քարտերի ժամանակից շուտ բացում», «սիգնալ`Հայաստանին»:
«Փաշինյանը պետք է ասի`ճի՞շտ է Լավրովը, թե՞ ոչ: Նա խուսափում է լրագրողներից, եթե պառլամենտում ունենք խիզախ պատգամավորներ, այս քառօրյայում պետք է այդ հարցը տա Փաշինյանին. պարոն վարչապետ, ճի՞շտ է ասում Սերգեյ Լավրովը, թե՞ ստում է: Եթե սուտ է ասում`վեր կացեք եւ ասեք`սուտ է ասում, եթե ճիշտ է ասում`ուրեմն դուք եք ստել մեզ`երկու տարի»,-ասաց բանախոսը:
Կարդացեք նաև
Ըստ Վահան Բաբայանի, Հայաստանում առհասարակ, անպատժելիության եւ խուլիգանության մթնոլորտ է եւ իշխանության անպատասխանատվության. բոլոր խնդիրների պատասխանատվությունը ժողովրդի վրա դնելու իրավիճակ:
Վարչապետի`քաղաքացիներին զանգերը, բանախոսը անվանում է «կոմունալ շոու» եւ «շատ էժանագին». «Վարչապետն այնքան պարա՞պ է, որ լույսի մարդու եւ ժեկ-ի պետի ֆունկցիաներն է վերցրել իր վրա: Համլետ Ղուշչյանի հաղորդո՞ւմն է, թե՞ ԱԼՄ-ի ադամանդները»:
Նա նաեւ տարակուսած է, որ պետբյուջեի բարիքներից օգտվող Փաշինյանն այսօր հանգիստ դատողություններ է անում մարդկանց մասին , «ում համար հազար դրամը եղանակ է փոխում»: Ասում է`միգուցե վարչապետին մի մասնավոր դեպք զեկուցել են, որ մարդը Դիլիջանում ամառանոց ունի եւ հոսանքի գումար չի մուծում, բայց Փաշինյանը «Ռոքֆելլերների ընտանիքից չէ, ոչ էլ ի ծնե օլիգարխ», որ մտածում է, թե բոլորը Դիլիջանում ամառանոց ունեն, փող էլ ունեն՝ ուղղակի չեն ուզում հոսանքի գումարը մուծել:
Վահան Բաբայանը հանրությանն առաջարկում է լուրջ մտորել հարցի մասին. «Հանրապետությունը վերջացա՞վ, ֆեյքապետությունն է՞ մնալու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































