Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող որեւիցե մեկը ասի, որ ԱԺ-ում ասել է, ոչ ճիշտ կանոնակարգով ենք ընտրում ՍԴ նախագահին». Արա Բաբլոյան

Մայիս 14,2020 18:50

«Ես հասկանում եմ, որ ես արդար եմ, ազնիվ եմ իմ հոգու ու ժողովրդի առաջ եւ ես գնում եմ երեխաներին բուժելու»,- այսօր դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն`անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին: Արա Բաբլոյանը չի նեղվում, իշխանությունից էլ վիրավորված չէ, փիլիսոփայորեն է մոտենում այս իրադարձություններին, քանի որ իբրեւ բժիշկ գիտի`միշտ չէ, որ մարդկանց տրված է ամեն ինչը ճիշտ հասկանալ: Միայն մտահոգ է, որ խորհրդականները սխալ բաներ են ասում, ղեկավարներն էլ հավատում են նրանց:

Հիշեցնենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով դատավարությունը: Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը: Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով: Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար:

Դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել մեղադրական եզրակացությունն ու այն հետ էր ուղարկել ՀՔԾ՝ որոշակի առաջարկություններով։ Արա Բաբլոյանն ի սկզբանե մեղադրվում էր իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար, Արսեն Բաբայանը՝ իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիքի համար:

«Ես բազմիցս ասել եմ, որ երբեք չեմ խախտել օրենքը եւ Սահմանադրությունը: Բայց հասկացել եմ մի բան`ես մեղադրվել եմ այն պատճառով, որ ես բժիշկ եմ եւ ընտրվել եմ ԱԺ նախագահ»,- լրագրողներին ասաց Արա Բաբլոյանը`հավելելով, որ իբրեւ բժիշկ եւ ԱԺ նախագահ, միշտ իմացել է, որ պետք է ապահովի ԱԺ-ի բնականոն աշխատանքը: Իսկ ԱԺ բնականոն աշխատանքը ապահովելու համար գոյություն ունի 650 հոգանոց աշխատակազմ, որին պետությունը աշխատավարձ է վճարում եւ աշխատակազմը`ՀՀ օրենքների ու Սահմանադրության հիման վրա փաստաթղթեր է պատրաստում: Արա Բաբլոյանն ասաց, որ փաստաթուղթ է ստացել Գագիկ Հարությունյանից եւ այն հանձնել է աշխատակազմին: Աշխատակազմը պատրաստել է պատասխան, որի հիման վրա ինքը հայտարարությամբ է հանդես եկել. «Ես ինձ թույլ չեմ տվել, որպեսզի ասեմ`նոր կանոնակարգով կամ հին կանոնակարգով, կամ`այսպես արեք, այնպես արեք. իրենք արել են այնպես, ինչպես պահանջում է օրենքը եւ ես դրանով ղեկավարվել եմ: Ակնհայտ, բոլորը գիտեն, որ ես չեմ միջամտել»: Հարցին`ո՞ր օրն է փաստաթուղթը ստացել, Արա Բաբլոյան պատասխանեց, որ օրերը նշանակություն չունեն: Ըստ նրա, հիմնական նշանակություն ունեցող օրերն են ամսի 5-ը եւ 12-ը. «Որովհետեւ 5-ին իմ հայտարարությունը հրապարակվել է եւ օրենքը պահանջում է, որ երկրորդ հայտարարությունը լինի ամսի 12-ին, որը եւ տեղի է ունեցել: Մնացած ամսաթվերը, որոնք որ շրջանառվում են, դրանք համարում եմ գործավարական փնթիություն եւ որեւիցե իրավական հիմք չունեն»:

Նա հիշեցնում է, որ այս գործով իրեն առաջադրված առաջին մեղադրանքը «օդ» էր:

Թե ի՞նչ խնդիր է այսպիսով լուծում իշխանությունը, Արա Բաբլոյանը հորդորեց`հարցնել դատախազին:

Պատասխանելով Սերժ Սարգսյանի հետ հնարավոր պայմանավորվածությունների մասին հարցին, որ արագացնեն Հրայր Թովմասյանի ընտրության հարցը, Արա Բաբլոյանն ասաց, որ եթե ինքը գործեր պայմանավորվածություններով, ապա Գագիկ Հարությունյանի`ամսի 1-ին, ժամը 11-ին գրած դիմումը կասեր իր սեղանին լինի 12-ին, որովհետեւ ամսի 2-ի նիստ կար, որտեղ կներկայացներ: Բայց դիմումը հասել է ԱԺ, այն մակագրվել եւ հայտարարությունը եղել է ամսի 5-ին, հաջորդիվ գործողությունները զարգացել են օրենքի պահանջով, ապա ամսի 20-ին եղել է քննարկում,  21-ին կայացել են ընտրություններ. «Թող որեւիցե մեկը ասի, որ ԱԺ-ում ասել է, որ սխալ ճանապարհով ենք գնում, ոչ ճիշտ կանոնակարգով ենք ընտրում ՍԴ նախագահին: Որեւիցե մեկը չի մերժել, 80-ից ավել մարդ քվեարկել է, ինչո՞ւ պիտի մեկը պատասխան տա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031