Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատուկ տարբերակներ ենք առաջարկում դիմորդներին». այլընտրանքներ այն դիմորդների համար, որոնք չեն կարողացել հանձնել պահանջվող քննությունները. «Ժամանակ»

Մայիս 21,2020 12:10

Կորոնավիրուսային համավարակի պայմաններում, երբ կրթական ոլորտը ամբողջովին փոխել է դասապրոցեսի, ընդունելության ու ավարտական քննությունների կարգը, ի հայտ են գալիս բազմաթիվ մտահոգություններ ու խնդիրներ։ Կրթության նախարարության որոշման համաձայն՝ այս տարի ընդունելության քննությունները անցկացվելու են մեկ փուլով։ Դիմորդները պետական բուհեր կարող են ընդունվել մեկ միասնական քննություն հանձնելու միջոցով։ Մասնավոր և միջպետական բուհերում, սակայն, իրավիճակն այլ է։

«Ժամանակ»-ի հետ զրույցում Հայաստանի ամերիկյան համալսարանի ընդունելության բաժնի տնօրեն Արինա Զոհրաբյանը ներկայացրեց ընդունելության քննությունների վերաբերյալ իրենց մոտ կատարված փոփոխությունները։ Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ընդունելության քննությունները սկզբունքորեն տարբերվում են այլ համալսարաններից, իրենք մեկ քննությունով երբեք որոշում չեն կայացնում։

Հայաստանում Ամերիկյան համալսարանում ընդունելության քննությունները երեք փուլով են ընթանում, որից երկուսի ժամկետն արդեն լրացել է։ «Մենք միայն քննությունով երբեք որոշում չենք կայացրել։ Մենք ունենք համապարփակ ընդունելություն։ Սկզբունքը հետևյալն է։ Դիմորդը առցանց դիմում է ներկայացնում, որտեղ նշում է տարբեր տեղեկություններ՝ դպրոցի գնահատականներ, շարադրություններ և այլն։ Դիմորդները հանձնում են մաթեմատիկայի՝ SAT կամ ACT և անգլերենի քննություններ։ Կորոնավիրուսի պատճառով մենք հատուկ տարբերակներ ենք առաջարկում դիմորդներին։ ՀԱՀ-ն առաջարկում է այլընտրանքներ այն դիմորդների համար, որոնք չեն կարողացել հանձնել պահանջվող քննությունները: Նշենք նաև, որ TOEFL iBT, IELTS Academic, GRE, GMAT և LSAT քննություններն այժմ առաջարկում են տնային պայմաններում անցկացվող թեստեր: Ովքեր չեն հանձնել TOEFL կամ չեն ուզում տնային պայմաններում անել դա, իրենք կկարողանան մեր ներքին ստուգարքին՝ AUA Internal English Assessment, միանալ։ Այս ներքին քննությունը կստուգի դիմորդների անգլերեն լեզվի բանավոր և գրավոր խոսքի, ինչպես նաև լսելու հմտությունները և լավ հիմնավորված ու ապացուցված փաստարկներ կազմելու կարողությունը: Ստուգարքը կբաժանվի 3 մասի. առաջին մասը կլինի հստակ սահմանված տևողությամբ շարադրություն, երկրորդ մասը` 15 րոպե տևողությամբ ծավալուն հարցազրույց, իսկ երրորդ մասը` տեղում տրվող 15 րոպե տևողությամբ շարադրություն: Դիմորդը կհրավիրվի երկրորդ և երրորդ փուլերին, եթե Բակալավրի ընդունելության կոմիտեի կողմից դիմումն անցնի նախնական ստուգման փուլը։ Ընդունելության գրասենյակն ուղիղ կապ կհաստատի դիմորդի հետ քննության ժամ նշանակելու համար»,- մանրամասնեց Հայաստանի ամերիկյան համալսարանի ընդունելության բաժնի տնօրեն Արինա Զոհրաբյանը։

Հայաստանում Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում ընդունելության քննություններում ևս որոշակի փոփոխություններ տեղի ունեցել են, սակայն կրկին համապարփակ ընդունելության անցկացման տարբերակը շարունակում է գործել։ «Դիմորդը պետք է երկու երաշխավորագիր ներկայացնի։ Կախված բաժիններից, անցկացվելու է նաև անգլերենի ներքին քննությունը»,- ասաց Արինա Զոհրաբյանը և հավելեց՝ իրենք արտակարգ ռեժիմով են աշխատում և ցանկացած հարթակում հասանելի են դիմորներին։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031