Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավորին չեք կարող դիմակ չկրելու համար դուրս հրավիրել». Մարուքյանի պնդմանը ԱԺ նախագահը հակադարձեց՝ կարող եմ

Մայիս 26,2020 11:15

«Նախազգուշացում եմ հայտարարելու, ապա, եթե անհրաժեշտություն լինի, դահլիճից դուրս եմ հրավիրելու մեկ կամ յոթ օրով, ըստ անհրաժեշտության, բոլոր այն պատգամավորներին, որոնք դիմակ չեն կրում»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ կա պարետի համապատասխան որոշում:

ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց. «Ինչպես հասկացա, դուք նկատի ունեք այն, որ մենք, բացի դիմակով աշխատանքի գալուց, դահլիճում ողջ նիստի ընթացքում էլ պետք է կրենք, եւ դա պարետի որոշումն է, որը եթե չկատարվի, դուք պատգամավորին դուրս կհրավիրե՞ք դահլիճից»: Արարատ Միրզոյանը գլխով համաձայնության նշան արեց. «Եվ իրավական ակտից ելնելով, եւ յուրաքանչյուրիս անվտանգությունից ելնելով»:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղից ինչ-որ բան ասաց, ինչին ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց. «Այո, սոցիալական հեռավորությունը մեծ հաշվով պահպանված է, բայց այս բարձրախոսներն էլ կարող են կրիչներ լինել. հպվում ենք, խոսում, շնչում…շատ չմանրանանք: Ամեն մեկիս համար է սա: Հիշեցնեմ պատգամավորի բարձր առաքելությունը՝ քաղաքացիներին օրինակ ծառայելու համատեքստում: Եղել է դեպք, որ ես փակ տարածքում դիմակ չեմ կրել ու քաղաքացիների առաջ ուզում եմ ասել՝ այո, ես սխալ եմ արել: Մտածել եմ՝ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալություն է, բայց խոստովանեմ՝ դա սխալ էր»:

Ապա Էդմոն Մարուքյանն ասաց. «ԱԺ-ում խոսելիս, կարծում եմ, անհարմար է դիմակ կրելը, ու դա չի կարող համարվել կանոնների խախտում: Հիշեցնեմ սահմանադրության այն նորմը, որ արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետեւաբար, պարետի որոշումները դուք չեք կարող կիրարկել խորհրդարանում եւ պատգամավորին դուրս հրավիրել՝ դիմակ չկրելու համար: Բոլորս կողմ ենք դիմակ կրելուն եւ փակ տարածքներում կրում ենք, բայց խոսելիս, երբ պահպանված է սոցիալական հեռավորությունը, պատգամավորը թող ինքը որոշի իր պատասխանատվությունը: Հիշեցնեմ նաեւ՝ ժամանակին առաջարկում էի, որ նիստերը սահմանափակենք, մինչդեռ բոլորդ հայրենասիրության դասեր էիք տալիս ինձ, թե պետք է աշխատեք, իսկ հիմա ասում եք, որ ոնց որ այն ժամանակ սխալ եք արել»:

Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Իրավական ակտի ձեր մեկնաբանությունը ոչ այնքան ճիշտ է: Հարցը ՀՀ քաղաքացիներին է վերաբերում, ոչ թե ԱԺ-ի գործառույթների կատարմանը: Բայց հարցը երկրորդ կողմն էլ ունի՝ քաղաքացիներին օրինակ ծառայելը, ընտանիքի անդամների մասին մտածելը: Ասում եք, թե ես չեմ կարող նախազգուշացնել: Վերահաստատում եմ, որ կիրառելու եմ նախազգուշացնող միջոցները եւ խնդրում, որ բոլորը դահլիճում դիմակ կրեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031