Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանից հետո դուք եք հերքելու ամեն ինչ, տեսնեմ՝ ո՞նց եք հերքում. Փաշինյանը՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորին

Մայիս 27,2020 23:59

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արմեն Եղիազարյանը չորեքշաբթի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տալը, արձագանքեց վարչապետի՝ Գևորգ Գեորգիսյանի հարցի պատասխանին։

«Դուք նշեցիք, որ կարող ա սկսել են «ատկատներ» տալ ընդդիմությանը։ Ուզում եմ հիշեցնել, որ Դուք նույնպես երկար տարիներ եղել եք ընդդիմություն։ Եվ լսելով այդ խոսքերը՝ ակամայից հիշեցի, որ քիչ առաջ նույն այս ամբիոնից Դուք ասացիք, որ յուրաքանչյուր մարդ մտածում է դիմացինի մասին իր փչացվածության աստիճանով»,- ասաց պատգամավորը՝ խնդրելով անդրադառնալ գյուղատնտեսական ոլորտի սուբսիդավորման դադարեցմանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Շատ դեպքեր կան, Ձեզ հայտնի դեպքեր, և այդ դեպքերի մի մասի մասին ես այս ամբիոնից խոսեցի, ես այդ մարդկանց մասին մտածում եմ իրենց փչացվածության աստիճանի համապատասխան։ Եվ Դուք իմ ասածը սխալ ընկալեցիք. Ես ոչ թե ասում էի՝ յուրաքանչյուրը, այլ ասում էի՝ ես հորդորում եմ, հենց տվյալ դեպքում իրավիճակին վերաբերվում եմ այդպես, երբ որ կարող է որևէ մեկը այստեղից ակնարկ անել, որ օրինակ, ես կոռուպցիայի հետ որևէ առնչություն կարող եմ ունենալ։ Այո, ամենակոշտ ձևով եմ հակազդում։ Եվ ես այդպես մտածողների վերաբերյալ կարող եմ մտածել իրենց իսկ փչացվածության աստիճանին համապատասխան։ Ու ոչ թե նրա համար, որ ես հրեշտակ եմ, այլ որովհետև ես այս ամբիոնում և այս կարգավիճակում հայտնվելու պատմություն ունեմ, և որևէ մեկին թույլ չեմ տա կասկածի տակ դնել այդ պատմությունը լինի ընդդիմություն, իշխանություն՝ նախկին, թե ներկա։ Եկեք սա արձանագրենք»։

Իսկ հարցին վարչապետը պատասխանեց, որ այդ հարցին արդեն փոխվարչապետը պատասխանել է։

Արմեն Եղիազարյանը արձագանքեց. «Դուք պատասխանեցիք իմ գործընկերոջ հարցին, և ես նայում եմ պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղադրվել է արդեն պարոն Գորգիսյանի հարցուպատասխանը Ձեր հետ, և նշվում է՝ արդյոք կարո՞ղ է ընդդիմությունն է «ատկատներ» ստանում։ Այսինքն՝ Դուք ուղղակիորեն տարածում եք  իմ գործընկերոջ, մեր կուսակցության պատգամավորի խոսքը՝ մեկնաբանելով, որ միգուցե ընդդիմությունը ստանում է «ատկատներ»։ Այդ պատճառով՝ ես գտնում եմ, որ չի կարելի ուղղակիորեն մարդկանց մատնանշել։ Եթե կան դեպքեր, խնդրում եմ՝ բարձրաձայնեք, եթե չկան, ապա մեզ օրինակ մի բերեք տվյալ պարագայում»։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կներեք, եթե ձեր խմբակցությունը մեզ հարցնում է՝ կարո՞ղ է դուք «ատկատ» եք վերցնում, կարո՞ղ է դուք կոռումպացված եք, մենք ասում ենք՝ կարո՞ղ է դուք եք կոռումպացված։ Այսինքն՝ էդ ո՞նց է՝ ձեզ կարելի է հարց տալ, մեզ չի կարելի հարց տալ։ Եթե ունեք դեպքեր կոռուպցիայի դեպքերի վերաբերյալ, ձեր պատգամավորը հարցնում է՝ Ձեր բարեկամ ընտանիքի անդամը կեղծիքի մեջ ներգրավված է, ես էլ ասում եմ՝  կարո՞ղ է պարզվի Ձեր ընտանիքի անդամն է կեղծիքի մեջ ներգրավված, կարո՞ղ է պարզվի մի հատ էլ հետախուզվում է։ Այսինքն՝ էդ ձեզ կարելի է ինչ ասես ասել, և մտածել, որ հակադարձում չեք ստանալո՞ւ։ Դուք ասում եք՝ Դուք էլ եք ընդդիմություն եղել, ես երբ որ ընդդիմություն եմ եղել, իշխանությունն է «ատկատ» վերցրել։

Հիմա հռետորական հարցս հետևյալն է՝ կարո՞ղ է, որ հիմա իշխանությունը «ատկատ» չի վերցնում, ընդդիմությունն է սկսել «ատկատ» վերցնել։ Հարցս հռետորական է, եթե պատասխան ունեք, պատասխանեք։ Բա էդ ո՞նց է՝ դուք դնում եք ասում եք, Դուք չէ կոնկրետ, ճի՞շտ է, որ մաքսանենգություն եք անում, դե պատասխանեք, դե հերքեք։ Էդ դուք գնացեք հերքեք, դե հերքեք՝ կարո՞ղ է «ատկատ» եք վերցնում, կարո՞ղ է ընդհանրապես այդ ծխախոտների մաքսանենգությունից փայ ունեք բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են։ Դե գնացեք հերքեք։ Ձեզ թվո՞ւմ է, թե մեզ անընդհատ կարող եք դնել անընդհատ ինչ-որ վիճակի մեջ, որ մենք ինչ-որ բան հերքենք, դուք տենց ապահովագրված եք։ Հիմա սրանից հետո Դուք եք հերքելու ամեն ինչ։ Դե գնացեք հերքեք, տեսնեմ՝ ո՞նց եք հերքում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031