Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր կողմնորոշումներ

Հուլիս 10,2020 23:50

Համաշխարհային առումով թվում է, որ տնտեսական պատերազմը Վաշինգտոն-Պեկին հարաբերակցությամբ է ընթանում: Տնտեսական բեւեռի վերածված  Չինաստանը բոլոր ոլորտներում ազգային տնտեսություն կայացրած պետություն է, որն արտահանման հսկայական տարածականություն է գրավել:

Փոխվող աշխարհակարգում կենսաբանությունը գերակա ուղղություն է հայտնապես: Ոչ անպայման բնապահպանության դասական ընկալումով հատկանշվող քաղաքական ուժերի առաջընթացի իմաստով, այլ հատկապես վարակաբանական շեշտադրումներով:

Թագավարակի ստեղծած համաշխարհային իրավիճակը հուշում է, որ աշխարհը դեռ պատրաստ չէ պայքարելու կերպարանափոխվող կամ բոլորվին նոր վարակների դեմ:

Արձանագրվեց փաստ, որ առաջին հերթին եւ ամենից շատ ախտահարված աշխարհագրական միջավայրը` Չինաստանին ամենից ազդու եւ ամենից արագ ու արդյունավետ ձեւերով հաջողվեց հաղթահարել ընդհանուր իրավիճակը: Հետագա միտումները նկատի ունենալով ուրեմն, կենսաբանական զենքերի կամ հակազենքերի, վարակների եւ հակավարակային գործողությունների բախվող գործընթացներում Չինաստանը պիտի շարունակի գրավել առաջին հորիզոնական դիրքերը:

Կերպարանափոխվող համաշխարհայնացման  նախադրյալներն արդեն պարզվել են: Երեւույթը ինքնին համաշխարհային է: Կենսաբանականն ու տնտեսականը համախառն են եւ ընթանում են անքակտելիորեն միահյուսված տեսքով:

Չինաստանը փորձում է իր առաջատար դիրքերը պահել այս համախառն կացությունում, թե՛ կենսաբանական վտանգները հաղթահարելու կազմակերպվածությամբ եւ թե՛ տնտեսական ցուցանիշերի պահպանմամբ:

Մյուս բեւեռին, տարբեր հանգամանքներով, մինչ այժմ չի հաջողվում վերահսկելի դարձնել իրավիճակը: Կենտրոնական եւ նահանգային իշխանությունների միջեւ քաղաքական հակասությունները միատեսակ քաղաքականություն չեն կարողանում ճշտել վարակի դեմ հայտարարված պայքարի նկատմամբ եւ վերաբացման փորձերին արագորեն հետեւում են վերափակումները:

Շարունակելով համախառնի տրամաբանությունը, պարզ է, որ ազդվում է նաեւ տնտեսությունը: Եթե Չինաստանը շարունակում է իր արտահանումների հաղթարշավը, ապա ««Նախ Ամերիկա» կարգախոսը չի սահմանափակվում ընտրական դաշտում եւ տարբեր ուղղություններով ամփոփվում է ներամերիկյան շրջագծերում։

Կենսաբանական-տնտեսականի համախառն ընթացքը, անշուշտ, կստանա քաղաքական տարողություն: Տնտեսական թափանցումներն ու նահանջները տեսականորեն իրենց հերթին առաջացնում են կամ չեզոքացնում ազդեցության գոտիներ:

Ընդհանուր այս տեսության մեջ յուրահատուկ պարագա է Լիբանանը: Քաղաքական դրդապատճառներով երկիրը ֆինանսատնտեսական պաշարման տակ է: Համաշխարհային բանկը, Միջազգային դրամական ֆոնդը չհայտարարված քաղաքական պատճառներով կաթվածահարում են Լիբանանի բանկային համակարգը: Մինչ գահավիժվում է երկրի տնտեսությունը: Այստեղ, համավարակի վերահսկելիությունն ու տնտեսական գահաժիջումը նույն ուղղություններով չեն ընթանում, ի տարբերություն չինական օրինակի:

Արծարծվում է կողմնորոշման խնդիրը: Եթե Արեւմուտքը պաշարման է ենթարկում Լիբանանը, քննել կարելիությունները` հարելու դեպի Արեւելք: Արեւելք նշանակում է ածանցվել Չինաստան-Իրան-Ռուսաստան առանցքին:

Իրանի նկատմամբ կիրառվում է մեկուսացման քաղաքականություն. ՌԴ-ն որոշ առումներով շարունակում է կրել պատժամիջոցների հետեւանքները, իսկ Չինաստանը  արդեն տնտեսական համաշխարհային պատերազմի բեւեռն է:

Պարզ չէ ընտրությունը. Եւ անշուշտ չի կարելի ասել, որ միանգամայն նոր կողմնորոշում որդեգրելով լիբանանյան տնտեսությունը կսկսի շնչել: Հայացքները դեպի տարբեր ուղղություն շրջելու անմիջականության առջեւ է երկիրը: Արեւմտականացած, ազատ շուկայական ու բաց առեւտրի դրությունից դեպի տնտեսական սահմանափակ նոր գործընկերների անցումը, անշուշտ, հեզասահ չի լինում:

Ներլիբանանյան համաձայնություն չկա կողմնորոշման պարտադիր փոփոխության շուրջ: Առ այս պահը չեն երեւում նախադրյալներ այլընտրանքային ուղիներ որդեգրելով իրավիճակի ծանրությունը հանգրվանային ձեւով թեթեւացնելու առումով:

Բեւեռների պայքարը պիտի շարունակվի: Լիբանանում, գործող կառավարության շուրջ համախմբվելն է առաջին հերթին, որը կարող է առաջնորդել, սկսելու համար, թեթեւացնել այն ծանր հարվածների ազդեցությունը, որին ենթարկվում է երկիրը:

Այս բոլորից հետո, քննարկել այլընտրանքային ուղիների որդեգրման հավասարակշիռ մոտեցումները` պաշարման հետեւանքներին եւ պարտադիր նոր կողմնորոշմամբ պայմանավորված կարելիությունների միջեւ:

Համաշխարհային տնտեսական բեւեռացումը կողմնորոշման պարտադիր ընտրանքների կացության առջեւ կանգնեցնելու է տարբեր երկրների։ Գտնվում ենք անցումային հանգրվանում՝ դեպի տնտեսական համաշխարհային պատերազմ։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ                            

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031