Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ն ուսումնասիրում է Տավուշում Ադրբեջանի ԶՈՒ-ի հրետակոծության արկերի արգելված լինել-չլինելու հարցը

Հուլիս 15,2020 22:55

Հուլիսի 12-ից ժամը 23:00-ից, երբ սկսվեցին Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին հրետակոծությունները, ՄԻՊ աշխատակազմը սկսել է բողոքներ եւ ահազանգեր ստանալ.առաջին օրվա հրետանային գնդակոծությունները հիմնականում Մովսես գյուղի անմիջական հարեւանությամբ էր, թեեւ դրանք քաղաքացիական բնակավայրն ուղիղ հրետակոծություն չկար, բայց ՄԻՊ դիտարկումներով, ակնհայտ էր, որ իրական վտանգ կար քաղաքացիական բնակավայրին վնաս պատճառելու: Այս մասին այսօր Իջեւանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա տեղեկացրեց՝ հուլիսի 13-14-ին հրետակոծվում էին Չինարին, Բերդը, Այգեպարն ու այլ քաղաքացիական բնակավայրեր:

Հրետակոծվել է նաեւ Տավուշ-տեքստիլն ու Երեւանի կոնյակի գործարանի Տավուշի մասնաճյուղը, եւ ինչպես պարոն Թաթոյանն ասաց, սա խիստ դատապարտելի է, քանի որ Տավուշ-տեքստիլն արտադրում է բժշկական դիմակներ, այն էլ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ակնհայտ մարդասիրական գործունեություն է ծավալում.«Սա միջազգային մարդասիրական իրավունքի սովորութային նորմերի խախտում է»:

Պարոն Թաթոյանն ասաց՝ բնակիչների հետ զրույցները վկայում են, որ այս հրետակոծությունից առաջ բնակիչները նկատել են ԱՍԹ-ներ.«Այսինքն, ադրբեջանական կողմը նախապես իմացել է, որ ոչ ռազմական օբյեկտ է, առողջապահական նպատակներով է արտադրությունը,ընդ որում, հրետակոծությունը եղել է ցերեկային ժամերին, երբ այնտեղ աշխատողներ են գտնվել»: Պաշտպանը վստահեցրեց՝ ակնհայտ է եւ ողջամիտ ենթադրության հիմք կա ասելու, որ ադրբեջանական կողմը մտադրություն է ունեցել գործարաններին թիրախային վնաս հասցնել:

Հրետակոծությունից ամենաշատ վնասները Այգեպար գյուղում են եղել, ըստ Թաթոյանի, քաղաքացիական 11 տուն հրետակոծության է ենթարկվել.«Խոսքն այնպիսի արկերի մասին է, որոնք պարզապես ներսից պայթում եւ բեկորների են վերածվում, ինչը կյանքին ու առողջությանը վնաս են հասցնում՝ խոշտանգում եւ անվերականգնելի վնաս»:

Պարոն Թաթոյանի խոսքերով՝ արկերից մեկն ընկել է Ներքին Կարմրաղբյուր գյուղի բնակիչներից մեկի տուն ու այն ամբողջությամբ քանդվել էր: Հիմա ՄԻՊ-ն ուսումնասիրում է այդ տեսակի արկերի արգելված լինել-չլինելու հարցը, քանի որ դրանք խիստ վտանգավոր բեկորների են վերածվում:

Արկերից մեկն ընկել էր Չինարիի տներից վրա ու չէր պայթել, եւ ինչպես պաշտպանն ասաց, իսկ Այգեպարում տներից մեկի վրա ընկնելով, տունը հրդեհվել էր, եթե դա ուղիղ նշանակետով տանիքին հարվածելով՝ կարող է ավերակի վերածել այդ տունը.«Այս վերլուծությունները վկայում են ադրբեջանական կողմի քաղաքացիական բնակչությանը թիրախային վնաս հասցնելու մտադրության մասին, եւ սեփականությանն ու գույքին ակնհայտ վնասելու մասին»:

Պաշտպանը նաեւ հայտարարեց՝ թիրախավորված եւ հրետակոծություններից վնասեր են կրել ոչ ռազմական օբյեկտները, եւ ՄԻՊ-ն արձանագրել է՝ հայկական խաղաղ բնակավայրերին մոտ որեւէ ռազմական օբյեկտ տեղակայված չի եղել, մինչդեռ հակառակորդը ճիշտ հակառակ քայլն է անում.« Մենք տեսել ենք, որ հակառակորդ կողմում քաղաքացիական բնակավայրերում ռազմական տեխնիկա էր տեղակայված»: Պարոն Թաթոյանն ասաց, որ ապրիլյան պատերազմի օրերին, երբ ՄԻՊ աշխատակիցները մեկնել էին Արցախ, նույն պատկերն էին արձանագրվել, եւ սա ադրբեջանական կողմն անում է, որ որպեսզի փորձի ցույց տալ, թե իբր հայկական կողմը խաղաղ բնակավայրերին է փորձում վնասել: Այս վերլուծությունների հիման վրա ՄԻՊ-ը զեկույց է պատրաստում, որն ուղղվելու է միջազգային կառույցներին:

Թաթոյանը նկատեց՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր կողմերին կորոնավիրուսի համավարակի պայմաններում որեւէ մեկն իրավունք չունի ծավալել ռազմական գործողություններ, դա կոպիտ խախտում է, եւ պետություններին թույլ չի տալիս կենտրոնանալ համավարակի խնդիրների լուծման վրա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031