Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը Երևանին և Բաքվին կոչ է անում սկսել սուբստանտիվ բանակցություններ

Հուլիս 17,2020 00:07

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ապաէսկալացնել իրավիճակը երկու երկրների սահմանին և սկսել սուբստանտիվ բանակցություններ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ Ծերեթելին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ և իր մտահոգությունն է հայտնել բախումների առնչությամբ, որոնք ուղեկցվել են ծանր հրետանու կիրառմամբ և հանգեցրել են զոհերի: Ծերեթելին փաստել է, որ սահմանային այս միջադեպը հրադադարի ամենամեծ խախտումն են 2016թ. ի վեր:

Նրա խոսքով՝ այս շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված զինված բախումները վկայում են հակամարտության էսկալացիայի մասին և կարող են վտանգել խաղաղ բանակցությունները, որոնք տեղի են ունենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն իր լիակատար աջակցությունն է  հայտնել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և հիշեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին գլոբալ հրադադար հաստատելու կոչը:

Ծերեթելին նաև շեշտել է, որ հայ-ադրբեջանական սահմանի մոտ, որտեղ տեղի են ունենում բախումները, տեղակայված են բնակավայրեր, ինչն էլ մեծացնում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի ռիսկը: Նա հորդորել է սկսել մշտադիտարկումները, հենց որ համաճարակային իրավիճակը թույլ տա:

ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան իր հերթին կարևորել է խորհրդարանականների դերը՝ վստահության ամրապնդման և հակամարտության կարգավորման գործում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031