Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ պետք է հասկանալ՝ ո՞ւմ շահերն են պահում այդ անհատները». Հրաչյա Հակոբյանը՝ Քեոսայանի, իր կնոջ ու այլ ռուսաստանաբնակ քննադատողների մասին

Հուլիս 23,2020 14:26

Ռուսաստանաբնակ հայերի՝ մասնավորապես՝ կինոռեժիսոր, հաղորդավար Տիգրան Քեոսայանի եւ նրա կնոջ՝  Մարգարիտա Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումները, թե Հայաստանի իշխանությունները հակառուսական քաղաքականություն են վարում եւ Ռուսաստանը պետք է թքի մեր վրա ու տրորի մեզ՝ համացանցում քննարկումների տեղիք են տվել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը մեր հարցին՝ կա՞ հակառուսական տրամադրություն ու քաղաքականություն, թե՞ ինչ-որ բան սխալ են հասկացել՝ պատասխանեց. «Չկա նման բան: Մեր իշխանությունն առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ չի լինելու ոչ հակառուսական, ոչ հակաեվրոպական, հակաարեւմտյան, ոչ մեկին հակա չի լինելու, այնպես որ, դրանք ամբողջովին մտացածին հայտարարություններ են: Ոչ մի հակառուսական տրամադրություն չկա ո՛չ իշխանությունների կողմից, ո՛չ էլ Հայաստանի ժողովրդի կողմից: Նման օրակարգ չկա»:

Թե ինչու են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը դիտարկում այդ ֆոնի վրա՝ Հրաչյա Հակոբյանն ասաց. «Այդ մարդիկ են, ովքեր որ իրենց այդպես է ձեռք տալիս՝ ներկայացնել այդ ֆոնի վրա ու այդպես են ներկայացնում»:

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասաց. «Բոլորի համար էլ ակնհայտ է, որ ՀՀ-ի այսօրվա իշխանությունը վարում է հակառուսական քաղաքականություն»։ Նրա խոսքով՝ թե՛ Լավրովը, թե՛ Պուտինը մի քանի անգամ «մեսիջներ» են ուղարկել ՀՀ իշխանություններին․ «Դուզ խոսքը էշին են ասում», ինչպես հայտնի խոսքում են ասում։ Ձեզ մի քանի անգամ զգուշացրել են, եթե չեք հասկանում, դե ի՞նչ ասենք»։

Հրաչյա Հակոբյանն այս առնչությամբ պատասխանեց. «Անդրանիկ Միհրանյանին չեմ ճանաչում ու չեմ ցանկանում նրա ասածները մեկնաբանել»:

Այնուամենայնիվ, հարցրեցինք՝ քաղաքագետի խոսքով՝ պատահական չէր նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Մոսկվա՝ մասնակցելու Կարմիր հրապարակում սպասվող միջոցառումներին՝ պատճառաբանելով, որ կորոնավիրուսով է պայմանավորված իր չմեկնելը․ «Ո՛չ, պարզապես Նիկոլ Փաշինյանին անուղղակի ձեւով հասկացրել էին, որ քո ներկայությունը ՌԴ-ում ցանկալի չէ»: Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Ոչ, ոչ եւ եւս մեկ անգամ՝ ոչ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ստացել էր հրավեր եւ Նիկոլ Փաշինյանն ասաց ինչու չի մեկնում ՌԴ: Ինչպես նաեւ մի շարք այլ երկրների ղեկավարներ ասել էին, թե ինչ պատճառով իրենք չեն մեկնում Ռուսաստան: Մեր իշխանության մոտ չկա հակառուսական տրամադրվածություն, հասարակության մոտ նույնպես չկա»:

Հարցին՝ քննադատություն կա, որ ձեր իշխանությունը երկիրը ողողել է այնպիսի ՀԿ-ներով, որոնք հակառուսական տրամադրություններ են սերմանում երիտասարդների մեջ, սրա մասին ի՞նչ կասեք՝ նա պատասխանեց. «Չկա նման բան: Մենք շարունակաբար խոսում ենք հակառուսական տրամադրությունների մասին, որեւէ ձեւով՝ ՀԿ-ներ կլինեն, ինչեր կլինեն, մեր իշխանությունները չեն ընտրել նման մարտավարություն: Կարծեմ որեւէ կազմակերպություն նոր չի բացվել ՀՀ-ում, այսինքն, այն կազմակերպությունները, որոնք եղել են, գործել են ՀՀ-ում նախորդ իշխանությունների օրոք, այդ կազմակերպություններն այսօր շարունակում են գործել ՀՀ-ում, այլ հարց է, թե ինչու, օրինակ, ՀՀԿ-ի օրոք այդ կազմակերպությունների անունները չէին բարձրաձայնում, չէին ասում՝ այսինչ ՀԿ-ն հակահայկական մթնոլորտ է տարածում Հայաստանում, կամ ֆոն է ստեղծում, իսկ այսօր այդ նույն կազմակերպությունը, որը երկար տարիներ ՀՀ-ում գործել է, ինչ-որ անձինք սկսեցին ասել, թե այդ ՀԿ-ները հակահայկական, հակապետական են»:

Հրաչյա Հակոբյանը հերքում է նաեւ, որ ինչ եկել են իշխանության, որեւէ ազգությամբ հայ ռուսաստանցի գործարարի են վռնդել Հայաստանից. «Քննադատությունները տարբեր տեղերից են հնչում ու տարբեր անհատների շուրթերից են հնչում: Դեռ պետք է հասկանալ՝ ո՞ւմ շահերն են պահում այդ անհատները, երբ այդպիսի քննադատություններ են հնչեցնում ՀՀ իշխանությունների նկատմամբ եւ ի՞նչ նպատակ են հետապնդում այդ հայտարարությունները: Միգուցե հենց իրենք են ուզում դրանով իսկ լարել Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները»:

Հարցին՝ այս քննադատողները ազգությամբ հայ են, որոնք ապրում են ՌԴ-ում, ինչո՞ւ են ըստ ձեզ հիմա քննադատում ՀՀ իշխանություններին՝ Հակոբյանը պատասխանեց. «Ես ասացի՝ միգուցե իրենք են ուզում լարվածություն մտցնել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ, որը չկա, ընդհակառակը, կան շատ նորմալ գործընկերային հարաբերություններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031