Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսը եւ ասիական մոդելը

Օգոստոս 11,2020 10:00 Share

Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ հերթական նախագահական ընտրություններից առաջ Լուկաշենկոն (կամ Պուտինը, Ալիեւը, Բերդիմուհամեդովը) հայտարարեր՝ «Վերջ, էլ չեմ առաջադրվելու, գնում եմ թոշակի»: Կամ ընտրություններից հետո արձանագրեր, որ ստացել է 55 տոկոս ձայն: Դա անհնարին է, որովհետեւ կհակասեր այդ երկրներում ձեւավորված ռեժիմների էությանը: Իսկ ռեժիմների «դիմացկունությունը» պայմանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ այս կամ այն ազգի քաղաքակրթական ընտրությամբ:

Իշխանավորների՝ գահին ցմահ նստելու ցանկությունը մարդկայնորեն հասկանալի է, բայց դժվար իրագործելի է եվրոպական քաղաքական մշակույթի պայմաններում: Հայաստանում, օրինակ, անվերջ (կամ անգամ երկարատեւ) իշխելու ձգտումը միշտ հանդիպել է հասարակության կոշտ դիմադրությանը: Ժողովրդի կողմից 1991 թվականին սիրված եւ արդար ընտրություններով իշխանության եկած Լեւոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականին չկարողացավ վերընտրվել՝ չնայած պաշտոնապես այլ բան էր հայտարարվել: Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականին նույնպես կարողացավ, այսպես ասած, իր ներկայությունը պարտադրել քաղաքացիներին: Բայց առավել ուսանելի է Սերժ Սարգսյանի օրինակը, որը 10 տարի նախագահի պաշտոնում մնալուց հետո, էլի փորձեց պահպանել առաջին դեմքի իր կարգավիճակը՝ փոխելով Սահմանադրությունը: Բայց այդ փորձը, բարեբախտաբար, ձախողվեց. այդ առումով 2018-ի հեղափոխությունն, իմ կարծիքով, ողջունելի երեւույթ էր՝ գուցե դա ապագա իշխանությունների համար դաս լինի:

Ի դեպ, ցանկալի է, որ Երրորդ նախագահը «անկեղծ զրույցի» շրջանակներում անդրադառնար այդ խնդրին՝ այդյոք հիմա էլ, երկու տարի անց, նա ճի՞շտ է համարում «երրորդ ժամկետի» գնալը, մանավանդ, երբ սկզբից խոստացել էր դա չանել: Ապրիլյան պատերազմի թեման, որին անդրադարձել էր Սերժ Սարգսյանը, պակաս վիճարկելի է. այո, այդ թեման շահարկվում է այսօրվա իշխանությունների եւ նրա կողմնակիցների կողմից, բայց, մեծ հաշվով, այս հարցում հասարակության մեջ հակասություններ չկան. համենայնդեպս, այստեղ չէ, կարծում եմ, որ պետք է փնտրել հեղափոխության պատճառները:

Մարդիկ, մեղմ ասած, «հոգնում են» միեւնույն իշխանությունից՝ ինչպիսին էլ այն լինի: Գուցե Հայաստանի ներկայիս իշխանավորներին թվում է, որ իրենց հետ դա չի պատահի, քանի որ արդար են ընտրված, բայց դա մոլորություն է, եւ այդ «հոգնածության» առաջին նշաններն արդեն կան: 26 տարի դիմանալ միեւնույն ղեկավարին՝ դրա համար հիրավի ծով համբերություն է պետք: Բելառուսներն, անշուշտ, համբերատար ժողովուրդ են, քաղաքական ռեժիմն էլ այդ երկրում ավելի շատ մոտ է «միջինասիական» մոդելին, քան մեր կամ վրացական: Բայց ամեն ինչ վաղ թե ուշ իր վերջն է ունենում, եւ այժմ մի փոքր հույս կա, որ Եվրոպայում գտնվող այդ պետությունը կազատվի իր «ցմահ թագավորից»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մինսքի իրադարձութիւնների շնորհիւ, վերջապէս, Փաշինյանը, հասկացաւ թէ ինչ էր պատահում Փետրուար 2008-ին… իր աչքերը հիմա միայն բացուեցան, գոնէ այդ նիւթի կապակցութեամբ… քանզի ինք, էն վախտ, միամիտ ու անգիտակից, երազկոտ ու վիպապաշտ երիտասարդ, պարզապէս օգտակար գործիք մըն էր՝ ԼՏՊի եւ նրա տէրերի ձեռքում…

    լաւ է ուշ, քան երբեք… Փաշինյանը հետզհետէ վերածւում է՝ Պետութեան պետի

    (իդեալական աշխարհում, Փաշինյանն ու Քոչարյանը դաշնակիցներ կը լինէին… եւ այն ատեն՝ Հայաստանը կը սլանար դէպի բարձունքներ)

Պատասխանել