Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի և բոլոր մեզ քննադատողների պատասխանները զեկույցով տալու ենք». Տիգրան Կարապետյան 

Օգոստոս 08,2020 17:32

«Երբ կհրապարակենք զեկույցը և′ Սերժ Սարգսյանին, և′ բոլոր այն մարդկանց, որոնք քննադատում էին մեզ, բոլորի պատասխանները զեկույցով տալու ենք»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պարզաբանումները, այսպես պատասխանեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սագսյանը «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» շարքով պատասխանելով հարցին՝ արդյոք 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պարզե՞ց ճշմարտությունը, նշել էր․ «Ճշմարտությունը հետևյալն է՝ մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց»: Նա նաև հայտարարել էր, որ թաքցնելու ոչինչ չունի:

Պատգամավորը հիշեցրեց՝ քննիչ հանձնաժողովի ստեղծման օրվանից տարբեր բնույթի խոսակցություններ են ծավալվում հանձնաժողովի  աշխատանքի հետ կապված, սակայն իրենք երբեք ուշադրութուն չեն դարձրել՝ անկախ նրանից, թե նախկինում  կամ ներկայում ինչ պաշտոն զբաղեցնող մարդ է խոսում քննիչ հանձնաժողովի մասին: Պատգամավորի հավաստմամբ՝ թեև իրենց մեղադրում են բանակը թուլացնելու, քանդելու մեջ, սակայն կարծում է, որ իրենց առաջ ի սկզբանե դրված խնդիրը կատարել են իրենց տրված լիազորությունների շրջանակում: Նա վստահեցրեց՝ զեկույցում չկան քաղաքական շահարկումներ, ամեն ինչ հիմնված է միայն փաստերի վրա ու մանրամասնեց. «Մենք 500 էջից ավելի միայն վերծանումներ ունենք այն մարդկանց հետ զրույցների, որոնց լսել ենք, 100 ժամից ավելի տեսաձայնագրություններ ունենք, բազմաթիվ  փաստաթղթեր՝ ՊՆ-ից, գլխավոր շտաբից, և այլն: Ես, իհարկե, ասելու շատ բան ունեմ, բայց այս պահին ձեռնպահ կմնամ, քանի որ շատ մոտ է այն օրը, երբ մենք կհրապարակենք զեկույցը»: Պատգամավորի տեղեկացմամբ՝ զեկույցը հավանաբար կհրապարակվի սեպտեմբերի 15-ին:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո զեկույցում փոփոխություններ լինեն, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Որևէ մեկի արտահայտած կարծիքը, հանձնաժողովի կամ անդամների նկատմամբ քննադատությունը որևէ կերպ չի ազդելու զեկույցների վրա, քանի որ ի սկզբանե մենք հայտարարել ենք, որ սա ապաքաղաքական գործընթաց է, և մեր խնդիրն է վեր հանել ապրիլյան պատերազմի, դրան նախորդող իրադարձությունների հետ կապված ճշմարտությունը, թե ինչու եղավ ապրիլյանը, ո՞րն էր պատճառը: Զեկույցի այն մասով, որը հասարակությանը գաղտնի չի լինի, կարծում եմ հարցերի պատասխանները կստանաք: Քիչ է մնացել սպասելու: Սեպտեմբերի մինչև առաջին 15-օրյակը մենք ԱԺ նախագահին կներկայացնենք զեկույցը. հիմա աշխատում ենք»:

Պատգամավորը հավաստիացրեց՝ պատասխանելու շատ բան ունեն, բայց քաղաքական շահարկումներից զերծ կմնան: Մեր հստակեցմանը՝ Սերժ Սարգսյանի՞ն պատասխանելու շատ բան ունեն, Տիգրան Կարապետյանն այսպես արձագանքեց. «Ոչ միայն Սերժ  Սարգսյանին. բազմաթիվ մարդիկ են: Քանի որ  ապրիլյանի զեկույցի հրապարակումը մոտ է, մարդիկ փորձում են նաև ինչ-որ կերպ ազդել հանձնաժողովի, հասարակական կարծիքի վրա: Վստահաբար ասում եմ, որ որևէ կերպ հանձնաժողովի զեկույցի կամ զեկույցների վրա դրանք ազդեցություն թողնել չեն կարող: Ասելու շատ բան ունենք, պատասխանալու՝ ևս, այդ  թվում նաև հանձնաժողովի կոմպետենտությունը հարցականի տակ դնող մարդկանց, այն մարդկանց, որոնք ասում են՝ ամեն  ինչ լավ ու փայլուն է եղել և այլն: Շատ բան ունենք պատասխանելու ամեն ինչի մասով՝ սկսած սպառազինությունից, կառավարումից և այլն, բայց զերծ կմնանք էմոցիաներից, և մեր ամբողջ զեկույցը հիմնված է լինելու բացառապես փաստերի վրա՝ փաստաթղթերի, ականատեսների և այլն: Որևէ քաղաքական շահարկում, օդից վերցված տեղեկություններ չեն լինելու. ամեն ինչ հիմնավոր է»:

Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի պնդումները Ձեզ համար համոզի՞չ էին, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Ես մարդ եմ, որի ձեռքի տակով անցել են հազարավոր էջեր, խիստ գաղտնի փաստաթղթեր, որտեղ ապրիլյանի մասով գոնե մեզ տրամադրված փաստաթղթերով և մեր լիազորությունների շրջանակներում ես ստացել եմ  շատ հարցերի պատասխաններ: Այն մարդիկ, որոնք մեզ քննադատում են, վստահ եմ, որ այդ փաստաթղթերի մեծամասնությանը ծանոթ չեն, ականատեսներին չեն լսել, իրական պատկերը, թե ինչ է տեղի ունեցել չգիտեն: Կամ եթե տեղյակ են, իրենք  անկեղծ չեն իրենց մտքերն արտահայտելիս… արդյոք ամեն ինչ  այնպես փայլո՞ւն է, ինչպես ներկայացնում են: Վստահաբար ասում եմ՝ ոչ: Եղել են բազմաթիվ բացթողումներ: Այո, եղել են փառահեղ էջեր ապրիլյանում, եղել են դրվագներ, որոնք վստահաբար ռազմագիտության դասագրքերում ներառվելու են: Մենք պիտի փորձենք տարանջատվել այս ամենից. մենք  բանակը չենք թիրախավորում»:

Հոլովակներից մեկում Սերժ Սարգսյանը, խոսելով ապրիլյան պատերազմի մասին, ասում է. «Այո, անկասկած, սա հաղթանակ էր: Հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերն օգտագործած հակառակորդի նկատմամբ»: Տիգրան Կարապետյանը հարցնում է՝ իսկ ինչո՞ւ անակնկալի եկանք ու նշում. «Որքանով ես եմ տեղյակ, պատերազմական իրավիճակում գտնվող երկրի զինված ուժերի և ռազմաքաղաքական ղեկավարության կարևորագույն գործառույթն այն է՝ անել այնպես, որ զինված ուժերն անակնկալի չգան՝ նրա համար ապահովելով անհրաժեշտ սպառազինություն, սահմանին տեսախցիկներ և այլն: Մանրամասն կանդրադառնանք սեպտեմբերին՝ զեկույցում»:

Սերժ Սարգսյանի կողմից և հանձնաժողովի հասցեին հնչած մյուս քննադատությունների՝ համոզիչ լինելու մասին էլ ասաց. «Չի կարող համոզիչ լինել, քանի որ իմ և մեր հանձնաժողովի անդամների ձեռքի տակով անցել են հազարավոր  էջեր հույժ գաղտնի փաստաթղթեր, որտեղ ամբողջական պատկերը՝ համենայն դեպս մեզ համար ամբողջական պատկերը, շատ ավելին է պարզ, քան այն մարդկանց, որոնք այս պահին խոսում են ապրիլյանի մասին: Ի՞նչը ինձ համար պիտի համոզիչ լիներ, պատասխաննե՞րը. ի՞նչ եք ակնկալում: Եթե փորձեմ հարցին հստակ պատասխանել, հիմա պետք է փորձեմ զեկույցի մասին խոսել, որի իրավունքը չունեմ: Կա պայմանավորվածություն, որ հանձնաժողովը միասնական զեկույցը հրապարակելու է հավանաբար սեպտեմբերի 15-ին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31