Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ սեպտեմբերի 11-ից հետո քաղաքացիների տեղորոշման համակարգն այլեւս չի գործելու

Սեպտեմբեր 04,2020 12:50

Ինչպես հայտնել էինք, ՀՀ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որով սահմանվում է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ից այլեւս չի երկարաձգվելու, փոխարենը՝ առողջապահության նախարարության, մարզպետի, կառավարության եւ համայնքի ղեկավարի առաջարկով կարող է սահմանվել կարանտինի ռեժիմ՝ տեղաշարժի, ՀՀ ելքի/մուտքի արգելքի, հավաքների, միջոցառումների անցկացման սահմանափակումներով, մեկուսացման/ինքնամեկուսացման ցուցումներով:

Օրենսդրական փաթեթը նաեւ սահմանում է, որ սեպտեմբերի 11-ից հետո քաղաքացիների տեղորոշման թվային համակարգը, որով վերջին ամիսներին վերահսկվում էր կորոնավիրուսի վարակակիրների տեղաշարժն ու շփման շրջանակը, այլեւս չի կիրառվելու:

«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն օրենսդրական փաթեթի զեկուցող, արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե որն է այս որոշման պատճառը, քանի որ տեղորոշման համակարգի միջոցով կորոնավիրուսի համավարակն ավելի վերահսկելի է դարձել: Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրեց. «Խնդիրն այն է, որ համակարգն առնչվում էր անձի մի քանի սահմանադրական իրավունքներին, որոնց սահմանափակման հնարավորությունը թեեւ առկա է վտանգավոր հիվանդությունների դեպքում, այնուամենայնիվ, այս փուլում համակարգի կիրառումն այս փաթեթում ներառելը կառավարությունը համարեց ոչ նպատակահարմար: Քանի որ ունենք համաճարակային իրադրության որոշակի թուլացում, նման համակարգի կամ նման սահմանափակումների չենք գնում: Եթե ունենանք վատթարացող իրավիճակ եւ վարակվածների թվի ավելացում, հարցը դիտարկելու հնարավորություն կլինի»:

Արմեն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ համավարակի նահանջի պայմաններում էլ տեղորոշման համակարգը շատ արդյունավետ կարող է լինել. «Ամեն վարակակրի հանդեպ անհատական մոտեցում հնարավոր կլինի ցուցաբերել»:

Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթը պետք է քննարկվի եւ քվեարկվի նաեւ երկրորդ ընթերցմամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930