Կամ ինչու էր Ռեմբրանդտը շատ ինքնադիմանկարներ նկարում
«Ռեմբրանդտն այն նկարիչն է, ում բնորդներ պետք չէին»,-գրում է kulturologia.ru-ն` փաստելով նրա հսկայական թվով ինքնադիմանկարները եւ կնոջ դիմանկարները: Նա նկարել է իրեն տարբեր տարիների` 23-ից մինչեւ 65 տարեկան հասակում: Հոլանդիայի գեղանկարչության ոսկեդարի ներկայացուցիչը, սակայն, բազմաժանր արվեստագետ է եղել, նկարել է նաեւ աստվածաշնչյան ու դիցաբանական թեմաներով, եղել բացառիկ գծանկարիչ եւ օֆորտի չգերազանցված վարպետ:
Արվեստի աշխարհի այլ մեծեր հսկայական պատկառանք են ունեցել նրա ստեղծագործական ժառանգության հանդեպ, օրինակ, Օգյուստ Ռոդենը սրբապղծություն է համարել, երբ իրեն համեմատել են Ռեմբրանդտի հետ. «Մենք պետք է խոնարհվենք Ռեմբրանդտի առաջ, եւ երբեք ոչ ոքի չհամեմատենք նրա հետ»։ Իսկ Գոյան մի առիթով նշել է. «Ես երեք վարպետ եմ ունեցել՝ բնությունը, Վելասկեսը եւ Ռեմբրանդտը»:
Ռեմբրանդտի դիմանկարները արտացոլում են նրա ապրած ժամանակաշրջանում ունեցած հույզերը, անգամ այդ պահի ֆինանսական վիճակն ու տրամադրությունը, դրանք ասես յուրօրինակ վավերագրություն լինեն: Ժամանակին 90 ինքնադիմանկար համարվել են Ռեմբրանդտի հեղինակային գործերը, ավելի ուշ պարզվել է, որ դրանց մի մասը ստեղծել են նրա աշակերտները՝ ուսման համար պատճենելով վարպետի դիմանկարները, եւ այժմ շուրջ 40-ն է համարվում Ռեմբրանդտի նկարածը:
Հայտնի է նաեւ, որ դրանցից մեկը վիրտուալ աճուրդում վաճառվել է շուրջ 18,7 միլիոն դոլարով, դա 1632 թ. աշխատանք է, երբ նկարիչը հաստատվել էր Ամստերդամում, երիտասարդ էր, գեղեցիկ ու վստահ: Նկարում նա կրում է սեւ գլխարկ` ոսկեգույն երիզով, սպիտակ օձիքով` սեւ զգեստ:
Ըստ kulturologia.ru-ի, բազմաթիվ ինքնադիմանկարները անելը հավանաբար մի քանի պատճառ է ունեցել, այդպիսով գեղանկարիչը փորձել է ուսումնասիրել պերսոնաժին, իր օրինակով «մարզվել» է լույսի ու տրամադրության փոխանցման համար, փորձարկել տարբեր բարդ հագուստներ նկարել, պոտենցիալ պատվիրատուին ցույց է տվել, թե ինչի է ընդունակ ինքը` որպես նկարիչ: Մի խոսքով, դա գուցե ինչ-որ յուրօրինակ մարքետինգային քայլ է եղել նրա կողմից:
Ռեմբրանդտի ստեղծագործություններն այժմ ցուցադրվում են տարբեր թանգարաններում, սակայն ամենամեծ հավաքածուն գտնվում է Ամստերդամի Ռեյկսմյուզեումում: Քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը 1876 թվականից կրում է Ռեմբրանդտի անունը, որի կենտրոնում էլ նրա հուշարձանն է կանգնեցված։
2013 թ. ապրիլին Ամստերդամի պատկերասրահի աշխատակիցները «կենդանացրել» են նրա «Գիշերային դետք» հայտնի կտավը` ստեղծված 1642 թ., խաղալով մի ամբողջ թատերական ներկայացում: Ի դեպ, այս կտավը երեք անգամ ենթարկվել է վնասման. առաջին անգամ կտրվել է մի մասը, երկրորդ անգամ դանակով հարվածել են կտավին, իսկ երրորդ անգամ նրա վրա ծծմբական թթու են լցրել:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
08.09.2020


















































