«Դատավորները չեն ուզում այս գործի հետ որևէ ընդհանուր բան ունենալ»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի մամուլի կենտրոնում, անդրադառնալով Մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման գործին, ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։
Ըստ նրա, այդ հանգամանքը երևում է ինքնաբացարկների քանակից, որոնք այդ գործում եղել են․ «Երբ որ գործը գտնվում էր դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում, ակնհայտ շինծու քրեական գործ ստեղծեցին զուտ մի պատճառով, որ այս գործը դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթից վերցնեն՝ փոխանցեն մեկ այլ դատավորի։ Կամ երբ գործն արդեն դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթից վերցրել էին, որովհետև նրա լիազորությունները կասեցվել էին այդ ակնհայտ շինծու քրեական գործի արդյունքում, և երբ որ գործն արդեն նրանից վերցրել էին և հանձնել էին գրասենյակ, որպեսզի վերամակագրվի ուրիշ դատավորի՝ երկար ժամանակ գործը չէր մակագրվում որևիցե դատավորի, երբ որ հենց հաջորդ օրը կամ հենց նույն օրը պետք է մակագրվեր՝ այնտեղ ամիս, ամսից ավել, եթե չեմ սխալվում ուրիշ դատավորի չէր մակագրվում։ Իսկ գիտեք՝ ինչո՞ւ, որովհետև դատավոր Աննա Դանիբեկյանը դեռ արձակուրդում էր, և պետք է ինքը գար գործի, որ մակագրվեր իրեն»։
Հայկ Ալումյանի խոսքով՝ գործի քննությունը ձգձգվել է դատավոր Աննա Դանիբեկյանի, դատավոր Դավիթ Գրիգորյանից գործը խլելու պատճառով․ «Դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից անհասկանալի պատճառներով, տևական ժամանակ գործի չգալու պատճառով, տևական ժամանակ այս ընթացքում արձակուրդ վերցնելու պատճառով։ Այդ ամեն ինչը իրար գումարեցինք պարզվեց՝ 200 օրից ավելի այս գործը ձգձգվել է հենց միայն այդ իրադարձությունների պատճառով»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































