Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան․ Մեղադրողները սահմանադրական կարգի տապալման գործով ունեն վետոյի իրավունք

Սեպտեմբեր 09,2020 14:16 Share

«Այս գործը, որը հիմա քննվում է դատարանում` չի վերաբերում ո՛չ սպանություններին, ո՛չ մարմնական վնասվածքներին և ո՛չ էլ գույքային վնասին»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի մամուլի կենտրոնում, անդրադառնալով Մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման գործին, ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։

Նա հիշեցրեց, որ դատական նիստերից մեկի ժամանակ միջնորդել էին, որ դադարեցնեն տուժողների և տուժողների իրավահաջորդների դատական կարգավիճակը, և նրանք գործին մասնակցեն վկայի կարգավիճակով, սակայն դատարանը միջնորդության քննությունը ընդհատել է, քանի որ տուժողների իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը դատական նիստի երկրորդ մասին չէր ներկայացել։ Դատարանը անհրաժեշտ էր համարել նրա կարծիքը լսել․ «Եվ ինչպես տեսանք, երեկ պարոն Եգորյանը նորից չեկավ։ Այսինքն՝ եթե պարոն Եգորյանը չպետք է գար, դատարանը չներկայանալը չպետք է համարեր խոչընդոտ այս հարցի քննության համար, ապա այս հարցը պետք է լուծված լիներ դեռևս օգոստոսի սկզբերին»։

Հայկ Ալումյանը նշեց, որ դատախազությունը պատճառաբանում է, որ նրանք, ովքեր սկզբնապես հարուցված գործով ճանաչվել են որպես տուժող, նրանց իրենց դատական կարգավիճակը պահպանում են նաև մյուս գործերով․ «Այդ դեպքում՝ մենք ասում ենք՝ շատ լավ, եթե դա այդպես է, ինչո՞ւ եք 268 տուժողից ընդամենը 102 հոգուն առանձնացրել, և այս գործով նրանց ներգրավվել որպես տուժող։ Գիտեք, որ 102 հոգուց էլ ընդամենը 4,5,6 հոգի են գալիս նիստին։ Այսինքն՝ ո՞րն է այն չափանիշը, որից ելնելով 268 տուժող ճանաչված անձանցից դուք ընտրել եք հենց կոնկրետ 102-ին, այդ ընտրությունը ո՞ր չափանիշով է տեղի ունեցել։ Միգուցե դուք ընտրել եք այն չափանիշը, որ ընտրեք հենց նրանց, ովքեր պատրաստ են Մարտի 1-ի իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա, եթե ոչ, ապա բացատրեք ձեր չափանիշը»։

Նրա խոսքով՝ դատարանը ամբողջությամբ հանդես է գալիս մեղադրանքի կողմում․ «Այնպիսի հստակ տպավորություն կա, որ դատախազները, մեղադրողները այս գործով քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն վետոյի իրավունք։ Այսինքն՝ եթե իրենք առարկում են որևիցե առաջարկի կամ միջնորդության դեմ, ապա իրենց առարկությունը դիտում է որպես վետո, որից հետո ինքն այլևս անընդունակ է որևէ այլ որոշում կայացնել, քան այն, ինչ իրենց ասել են մեղադրողները, այսինքն՝ այն, ինչ նիստի ժամանակ արտահայտել են մեղադրողները»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930