Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը «բյուլետենի» մեջ է. Հրայր Թովմասյանի հայցի քննությունը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կրկին հետաձգվեց

Սեպտեմբեր 09,2020 18:25 Share

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստն արդեն չորրորդ անգամ հետաձգվեց:

Սեպտեմբերի 9-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ նիստը հետաձգվեց, քանի որ նախագահող դատավորը գտնվում էր բյուլետենի մեջ:

Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ Թովմասյանը քծնել է իրեն, իսկ երբ ապացույցներ էին ուզել, ներկայացրել էր այն հայտնի գրիչը, որը Թովմասյանը տվել էր վարչապետին:

Aravot.am-ի փաստմանը՝ այս գործով դատական նիստերն անընդհատ հետաձգվում են, այստեղ միտում չե՞ք տեսնում, Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը պատասխանեց. «Դեռ ոչ, որովհետև բնականոն է: Առաջին անգամ հետաձգվեց, քանի որ Թովմասյանի ներկայացուցիչը չէր ներկայացել դատական նիստին, թեև միջնորդություն էր ներկայացրել, բայց քանի որ միջնորդությունն օրենքի խախտմամբ էր, դատարանն այն չքննարկեց, սակայն պատշաճ համարեց, որ կողմի ներկայացուցիչն անպայման նիստին ներկա գտնվի: Երկրորդ նիստը հետաձգվեց կրկին ոչ դատավորի մեղքով: Պարոն Թովմասյանի ներկայացուցիչը մեկ այլ դատական նիստ ուներ և այդ առումով էր միջնորդություն արել, որ հետաձգվի: Երրորդ նիստի ժամանակ ես գտնվել եմ հերթական արձակուրդի մեջ. ես եմ միջնորդություն ներկայացրել, որ նիստը հետաձգվի: Չորրորդ հետաձգումն այսօր էր»:

Զրույցի ավարտին Գևորգ Գյոզալյանն ասաց. «Իհարկե, մտահոգիչ է արդեն սկսում դառնալ, որ նիստերը ձգձգվում են, բայց ամեն դեպքում,  չեմ կարող ասել, որ այս հետաձգումները կրում են սուբյեկտիվ բնույթ: Այս պահի դրությամբ նման բան պնդել չեմ կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930