Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր լույս»՝ պաշտոնյաների համար. 2 միլիոն դրամը գերազանցող ծախսերը կհայտարարագրվեն

Սեպտեմբեր 17,2020 12:08

Ծախսերի հայտարարագրման նոր ներդրվող մեխանիզմով՝ 2021թ.-ից եթե պաշտոնատար անձանց ծախսերի (այդ թվում՝ հանգստի, ճանապարհածախսի, կեցության, շարժական/անշարժ գույքի վարձակալության, ուսման, վարկի մարմանն ուղղված եւ անշարժ գույքի վերանորոգման ծախսերը) միանվագ արժեքը գերազանցում է 2 միլիոն դրամը, ապա ծախսը ենթակա է հայտարարագրման: Այսպես է սահմանում ԱԺ այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկվող՝ «Հանրային ծառայության մասին օրենքում» եւ կից օրենքներում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը հեղինակել է կառավարությունը:

Ինչպես զեկուցեց արդարադատության փոխնախարար Ռուստամ Բադասյանը, հայտարարագրման ենթակա են լինելու նաեւ պաշտոնատար անձանց՝ սեփականության իրավունքով չպատկանող, բայց տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը. «Կասկածի դեպքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավունք կունենա պահանջել գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր»:

Նախարարի խոսքով՝ հայտարարագիր պետք է ներկայացնեն նաեւ համայնքների աշխատակազմերի քարտուղարները, 15 000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամները:

Պատգամավորներից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է ծախսերի հայտարարագրի համար սահմանվել հենց 2 միլիոն դրամը: «Նախ, սկզբում մեկ միլիոն սահմանաչափ էինք առաջարկել, հետո ընտրվեց այն ողջամիտ շեմը, որը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն կտա ամբողջ ֆինանսական շարժի մասին պատկերացում կազմել: Այսինքն, սա այն կարմիր լույսն է, որը կարող է վկայել՝ անձը կատարում է ծախսեր, որոնք հաշվետու ժամանակահատվածում շատ կլինեն եւ չեն հիմնավորվի եկամուտներով, կամ կասկած կառաջացնեն»,-բացատրեց Ռուստամ Բադասյանը:

Հավելենք, որ օրինագծերի փաթեթը դեռ պետք է քննարկվի եւ քվեարկվի երկրորդ ընթերցմամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930