Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում ծնվել է արցախցի փոքրիկը. սահմանում գտնվող հայրը դեռեւս տեղյակ չէ երեխայի ծնունդի մասին

Հոկտեմբեր 11,2020 20:16

Հոկտեմբերի 9-ին Վանաձորի ծննդատանը այլ փոքրիկների հետ լսվեց նաեւ Արցախից ժամանած Էլինայի դստեր ճիչը: 4 կգ քաշով ու 53 սմ հասակով փոքրիկ Եվան էլ, մայրն էլ իրենց լավ են զգում, միայն սպասում են, թե երբ պետք է հայրիկին հայտնեն փոքրիկի ծնունդի մասին լուրը: Էլինայի ամուսինը երեխայի ծնվելու մասին դեռ չգիտի, սահմանում է, կապ հաստատել դեռեւս չի ստացվել:

Ասում է՝ անհամբերությամբ սպասում են այդ զանգին, որպեսզի ե՛ւ սահմանից ստանան այդքան սպասված խաղաղության լուրը, ե՛ւ այստեղից՝ փոքրիկի ծնունդի մասին լուրը հայտնի ամուսնուն. «Պատրաստ էինք երեխայի ծնունդին, անհամբեր սպասում էինք, բայց եկանք ու այստեղ ծնվեց: Երեք օր է, որ երեխաս ծնվել է: Արդեն չորս օր է, որ ամուսինս չի զանգել: Չգիտի, որ երեխան ծնվել է, տա Աստված, որ իմանա: Մենակ խաղաղություն եմ ցանկանում, որպեսզի բոլորը վերադառնան իրենց տները, իրենց երեխաների մոտ»:

31-ամյա Էլինան Վանաձոր է եկել Ստեփանակերտից՝ պատերազմը սկսելուց 2 օր անց: Եկել են գրեթե ամբողջ ընտանիքով՝ 2 տղաները, քրոջ երեխան, սկեսուրն ու սկեսրայրը: Իսկ ամուսինը մեկնել է ճակատ՝ միանալու հայրենիքի սահմանները պահող մյուս տղաներին: Պատերազմի մասին դժվարանում է խոսել, ընդամենը փոքրիկ դրվագներ է պատմում. «Քնած էինք, ռումբերի ձայներից արթնացանք ու արդեն հասկացանք, որ պատերազմ է սկսվել: Միանգամից քաղաքին ու խաղաղ բնակիչներին էին խփում: Հետո արդեն պաշտոնապես հայտարարեցին, որ պատերազմ է սկսվել: Դժվար էր, երեխաները փոքր են, չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Գիշերը նկուղում էինք մնում, ցերեկը բարձրանում տուն»,-ասում է կինն ու շարունակում. «Սահմանին դե կրակոցներ լինում են, բայց քաղաքի վրա երբեք չի եղել, նույնիսկ Ապրիլյան պատերազմի ժամանակ: Պատերազմական դրություն չէինք տեսել, ինչ եղել է՝ սահմանում է եղել»:

Այժմ Վանաձորում բարեկամների տանն են ապրում, սակայն ուշքն ու միտքը Ստեփանակերտում է. «Օրերն ու ժամերն ենք հաշվում, դեռեւս անհնար է այնտեղ գնալ: Տեսնենք, երբ ենք վերադառնալու, բայց անպայման կվերադառնանք: Այսքան զոհերի գնով մենք իրավունք չունենք մեր հողը թողնելու: Մեր ընտանիքն առաջիններից է լինելու, որ վերադառնալու է Արցախ»,- ասում է Էլինան:
Իսկ այս դժվարին օրերին երիտասարդ մայրիկին ուժ ու ժպիտ է տալիս փոքրիկ աղջիկը. «Երեխայի անունը հայրն է որոշել՝ Եվա, սիրում է այս անունը: Անհնար է, որ երեխաներն իրենց հետ խաղաղություն չբերեն… Հույսով սպասում ենք այդ խաղաղությանը…»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031