Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ կար 71% վստահություն, հիմա այդ վարկանիշն ընկնում է»․ Գրիգոր Երիցյան

Հոկտեմբեր 22,2020 20:15

«Առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը, որը երկար տարիներ միջազգային շատ կազմակերպությունների հետ է աշխատել եւ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, հիասթափված է միջազգային հանրությունից, քաղաքացիական հասարակությունից՝ Արցախում ընթացող պատերազմական գործողությունների նկատմամբ անտարբեր դիրքորոշման պատճառով։ Այս մասին սոցիալական ցանցում գրառում կատարելով Գրիգոր Երիցյանը թեթեւ ակնարկել է։

Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց՝ որեւէ ակնկալիք երկրների կառավարություններից կամ քաղաքական գործիչներից չի ունեցել, որովհետեւ, ինչպես ինքն ասաց, մեր արտաքին քաղաքականությամբ, դիվանագիտությամբ դա ձախողել ենք, հիասթափությունը, թերեւս անձնական մակարդակի է, ավելի կոնկրետ՝ անձական-գործընկերային։

«Ես աշխատել եմ 40-50 երկրներում՝ տարբեր դերերով, տարբեր աշխատանքներ եմ տարել, շատ երկրներում ծանոթներ, ընկերներ ու գործընկերներ ունեմ, մեր ՀԿ-ն տարբեր միջազգային կազմակերպություններին է անդամակցում։ Մի շարք նախագծերի շուրջ աշխատել եմ ԱՄՆ-ում, ԵՄ-ում, անգամ Աֆրիկայում, եւ այս առումով իմ ակնկալիքը միջանձնային մակարդակում է, որ այդ գործընկերները գոնե կհետաքրքրվեին, կքննադատեն։ Երբ մարդու իրավունքների հարց է՝ Ադրբեջանին քննադատում են, բայց հիմա այդ նույն երկիրն ագրեսիա է սկսել մեկ այլ երկրի նկատմամբ՝ Թուրքիայի հովանավորությամբ, ոչ մի քննադատություն չի հնչում, կարծես թե դա նորմալ երեւույթ է»,-ասաց պարոն Երիցյանը։

Նա հիշեցնում է, որ բողոքի ցույցեր է արել տարբեր երկրների դեսպանատների մոտ, երբ տվյալ երկրում մարդու իրավունքների խախտումներ են եղել․ «Ես անտարբեր չեմ ոչ մի երեւույթի նկատմամբ, եւ կրում եմ այնպիսի արժեքներ, որ եթե մարդու իրավունքներ են խախտվում, բռնություններ են տեղի ունենում, կապ չունի Ադրբեջանում, Թուրքիայում, Եվրոպայի կենտրոնում, դրա մասին պետք է խոսեմ, պետք է սոլիդարություն հայտնեմ այն ժողովուրդներին, որոնք դժվարությունների միջով են անցնում, լինի Ուկրաինան, Բելառուսը, թե մեկ այլ երկիր։ Ես կարող էի անտարբեր լինել, չխոսել, բայց ես հասկանում էի, որ լոկալ խնդիր չէր, դա տարածաշրջանային խնդիր էր։ Երբ մենք Ուկրաինայի դեսպանատան մոտ ցույց էինք անում, հասկանում էինք, որ հակառուսական ցույց է, իսկ մեր երկիրը լավ հարաբերություններ ունի այդ երկրի հետ, մենք մեզ դնում էինք որոշակի վտանգի տակ: Կամ երբ ՌԴ նախագահն այցելում էր ՀՀ՝ մեր դիրքորոշումը բռնապետի նկատմամբ հայտնեցինք, ինչը մեր երկրում չէր քաջալերվում: Երբ ՀՀ վարչապետը շնորհավորել էր Լուկաշենկոյին՝ ես բողոքի ցույցի արեցի դեսպանատան մոտ՝ ցույց տալով իմ սոլիդարությունն այդ երկրի ժողովրդի նկատմամբ ու նրանց՝ բռնապետի դեմ պայքարի, թեեւ իշխող թիմից եմ։ Ու հիմա ես տեսնում եմ լռություն այդ երկրների քաղհասարակությունից։ Իմ վրդովմունքն ու զայրույթը գալիս է նրանից, որ միջազգային հանրություն կոչվածը, որը միշտ ինչ-որ պահանջներ է ունեցել Հայաստանի նկատմամբ եւ մեր քաղհասարակության նկատմամբ, այսօր այդ բոլոր արժեքներն ու պահանջները՝ ժողովրդավարություն, խաղաղություն, մարդու իրավունքների պաշտպանություն, մի կողմ է դրել եւ լռում է։ Իսկ այսօր մարդիկ են սպանվում, իրավունքներ են խախտվում։ Նրանք լռում են, որովհետեւ որոշակի շահեր ունեն, ԵՄ-ն, մասնավորապես Գերմանիան, որը փորձում է Թուրքիայի հետ վարել բավականին մեղմ քաղաքականություն, երբ օրինակ Հունաստանը պատժամիջոց է կիրառում։ Բայց նաեւ հասկանում եմ, որ եթե շահով չառաջնորդվեն, ինչ հետեւանքներ կլինեն իրենց համար։ Ուստի իմ վրդովմունքը կառավարություններին կամ ԵՄ հանձնաժողովին չի ուղղված, ավելի շատ ՀԿ-ներին, քաղաքացիներին։

Մյուս կողմից էլ Արեւելյան գործընկերության անդամ պետությունների քաղհասարակության ներկայացուցիչների հետ շփվել եմ երկար ժամանակ, եւ կարող եմ ասել, որ դրանք այն կառույցներն են, որոնք կարող են պետության գծին դեմ գնալ եւ խոսել այն մասին, ինչը ճիշտ է։ Իսկ մենք պայքարում ենք համամարդկային արժեքների համար, ինչին իրենք էլ, ըստ իրենց մանդատի պայքարում եմ, մենք պայքարում ենք մարդկանց՝ դարերով իրենց տարածքում ապրելու իրավունքի համար, մենք տարածք չենք գրավում, մենք տարածքն ենք պաշտպանում, գոյությունը»։

Հիմա այդ միջազգային կառույցները, ինչպես Գրիգոր Երիցյանն ասաց, ինչ-որ կոչեր են անում, անհանգստանում են եւ դրանով սահմանափակվում․«Ու դրանով իմ վստահությունն իրենց նկատմամբ ընկնում է։ Եթե Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ կար 71% վստահություն, հիմա այդ վարկանիշն ընկնում է, հասարակությունը հասկանում է, որ մենք մեր ուժերի վրա պետք է հույս դնենք, եւ ինչպես հարյուր տարի առաջ էր, ոչ ոք մեզ համար չի պայքարի, բոլորն իրենց շահի համար են պայքարում։ Ասենք՝ այս պահին իրենց ձեռնտու է չեզոք դիրքորոշում ունենալ, չփչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, որովհետեւ ասենք՝ ՆԱՏՕ-ի անդամ է եւ այլն։ Միեւնույն ժամանակ, ՌԴ-ի նկատմամբ էլ մեր վստահությունը շատ բարձր չէ։ Բայց նաեւ գիտենք, որ ՌԴ-ն դերակատարում կարող է ունենալ ռազմաքաղաքական ոլորտում՝ ՀԱՊԿ-ի միջոցով։ Բայց, միեւնույն է, մենք մեր հույսը մեր վրա պետք է դնենք»։

Գրիգոր Երիցյանը հիշեցնում է՝ ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպություններ կան, որոնք հիմա եւս լռում են, օրինակ՝ փախստականների հարցով․ «Միլիոնավոր դոլարներ ունեն փախստականների խնդիրները լուծելու համար, իսկ հիմա ո՞ւր են այդ մարդասիրական կազմակերպությունները, կամ մյուսները, որ տարբեր երկրներում սովի դեմ են պայքարում։ Այս ամենը միասին ինձ վրդովեցնում է, այս կազմակերպություններն իրենց հռչակած արժեքներին չեն դավանում եւ արժեզրկում են Հայաստանի հետ հարաբերությունները»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    7.1% էլ մնայ գոհ կը լինեմ: Հայերը խորապէս պէտք է վերանայեն ապագայի ռազմավարութիւնը: 40-50 տարի անց Արեւմտեան Եւրոպայում այլեւս քրիստոնեաներ չեն լինելու (շատերդ հիմա ծիծաղեցիք վրէս, չէ՞), իսկ հաւատացեալների շարքում առաջին տեղում մահմեդականներն են լինելու: Մեր պատկերացրած Արեւմտեան Եւրոպան եւ հետեւաբար նաեւ Եւրոպական Միութիւնը շատ շուտով չեն լինելու: Պէտք չէ նրանց հետ ռազմավարական յոյսեր կապել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031