Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմաճակատում զոհված «Արջ» մականունով Արշակ Տոնոյանը չհասցրեց տեսնել առաջնեկին

Հոկտեմբեր 22,2020 23:30

Ռազմաճակատում 10 օր շարունակ կռիվ տալուց հետո զոհվել է նաեւ Շիրակի մարզի Անուշավան գյուղում հայտնի «Արջ» մականունով 30 ամյա Արշակ Տոնոյանը: Նրա մանկության ընկերը՝ Ղեւոնդ Դավթյանը, Aravot.am-ին պատմեց, որ Արշակը կամավորագրվել էր պատերազմի հենց առաջին օրվանից:

«Սեպտեմբերի 27-ին, երբ կռիվները սկսել էին, ինքը աշխատում էր Մեղրի քաղաքում, հենց 28-ի առավոտյան այնտեղից էլ Մեղրիում կամավորագրվել ու գնացել է Հադրութ: Սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը կռիվ է տվել առաջնագծում, շատ ուժեղ կռիվ են տվել, հինգ հոգով են գնացել, այնտեղ բաժանվել են, երկուսը՝ մի պոստում, երեքը՝ այլ պոստում են եղել, ինքը երեքի մեջ է եղել ու երեքից միայն ինքն է զոհվել: Ականապայթունային վնասվածք է ստացել, բեկորը թափանցել է ներքին օրգաններ ու հենց տեղում՝ առաջնագծում մահացել է»,- պատմեց Ղեւոնդ Դավթյանը:

Արշակ Տոնոյանը, ինչպես շատ կամավորներ, տնեցիներին չէր հայտնել սահման գնալու իր որոշման մասին, միայն ուղեւորվելու ճանապարհին է նրանց հայտնել լուրը: Արշակ Տոնոյանը չհասցրեց տեսնել նաեւ իր առաջնեկին. նրա մահվանից ուղիղ 15 օր հետո՝ երեկ, ծնվեց նրա դուստրը՝ Անգելինան:

«Մանկության ընկերներ ենք եղել, իր մարդ տեսակը շատ լավն է եղել, ընկերասեր, շատ դուխով, շրջապատով »,- Արշակին այսպես է հիշում Ղեւոնդ Դավթյանը:

Ըստ նրա՝ ընկերոջ հետ մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել: Մեր զրուցակցի խոսքով՝ Արշակն ամեն անգամ իրեն, թե հարազատներին զանգելիս ոգեպնդել է նրանց. «Ասում էր՝ ամեն ինչ լավ է, մենք հաղթելու ենք, առաջ ենք թշնամուց: 10 օրն էլ շատ ուժեղ բոյ է տվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031