Լրահոս
Օրվա լրահոսը

«18 տարեկան երեխեն ձեռքերիս մեջ մահացավ, դու ասում ես՝ հերո՞ս ես, ի՞նչ հերոս…»

Հոկտեմբեր 26,2020 23:50

Պարտադիր ժամկետային զինծառայող, հետախույզ 19 ամյա Նոյ Թեւանյանի անունը նրա ծնողները մինչեւ այսօր չեն գտել մահացածների ցուցակում: Հոկտեմբերի 7-ին Նոյի հարազատները նրա ձայնը վերջին անգամ լսեցին, հետո օրեր անց նրա մահվան մասին տեղեկացան Արտաշատի զինկոմիսարիատից. մահացել էր բեկորային վնասվածքից:

19 ամյա զինծառայողի քույրը՝ Սաթենիկ Թեւանյանը, Aravot.am-ին պատմեց, որ եղբայրը ՌԴ քաղաքացիություն ու ՌԴ-ում ծառայելու հնարավորություն ուներ, բայց նախընտրեց ծառայել հայրենիքում. 2019 թվականի սեպտեմբերին եկավ Հայաստան, ընդունվեց Ագրարային համալսարան, իսկ այս տարվա հունվարից զորակոչվեց:

«Ահավոր կապված էր մեր երկրին, ինքը կյանքի իր բոլոր ծրագրերը Հայաստանի հետ էր կապում: Դեռ մանկուց, երբ նույնիսկ դեռ վարժ խոսել չէր կարողանում, բոլորիս ասում էր, որ ինքը, երբ մեծանա ոստիկան է դառնալու, ինչպես հայրս, որ պաշտպանի մարդկանց»:

Սաթենիկ Թեւանյանի խոսքով, պատերազմական գործողությունների առաջին իսկ օրից գրեթե ամեն օր եղբոր հետ խոսել են, վերջին անգամ հոկտեմբերի 7-ին զանգեց, երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան: Պատմեց, որ «բանակ ինֆոյից» իրենց նկարել են, ասում էր նկարները նայեք, տեսեք՝ սիրուն են, երեկոյան էլ զանգեց, պատմեց, որ ընկերներից մեկին է տեսել, ով հեռախոս չունի, խնդրել է ընկերների միջոցով կապվենք ծնողներին, զգուշացնենք, որ իրենց տղան լավ է»,- պատմեց Սաթենիկ Թեւանյանը:

Նրա խոսքով՝ եղբայրը հասցրեց մահվան հետ առերեսվել նաեւ կենդանության օրոք. «Մի օր շատ հուզված զանգել էր, պատմեց, որ ռազմամթերքով լիքը այրվող մեքենայից փորձել է փրկել մեքենայի մեջ գտնվող 18 ամյա զինվորին, սակայն, չի հասցրել, զինվորը իր ձեռքերում է մահացել: Ես էլ փորձեցի ինչ-որ ձեւով թեւ տալ, ասացի՝ դու հերոս ես, ինքն էլ պատասխանեց՝ 18 տարեկան երեխեն ձեռքերիս մեջ մահացավ, դու ասում ես՝ հերո՞ս ես, ի՞նչ հերոս, ինքը 19 տարեկան ու ազդվել էր, որ 18 տարեկան զինվորին չկարողացավ փրկել… երեւի Աստված վերեւից տեսավ ու սա էր նաեւ պատճառը, որ գոնե իր մարմինը ամբողջական մեզ հասավ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031