Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այն, որ վարչապետի հրաժարականի պահանջն օդում կախված է, կարծես ոչ ոք չի կասկածում։ Դրա մասին խոսում են թե՛ ընդդիմադիրները, թե՛ իշխանության համակիրները, թե՛ փորձագետները։
Հիմնական խնդիրը դրա ժամանակային բաղադրիչն է, որը խանգարում է հրաժարականին կողմ, միևնույն ժամանակ, նախկինների վերադարձի ֆոբիաներ ունեցողներին՝ այս պահին աջակցել հրաժարականի գործընթացին։
Կարծում եմ, որ մենք պետք է թոթափենք այդ վախը, քանի որ ամեն ժամը կարող է լինել ճակատագրական։ Հավատացե՛ք, ես ինքս, ինչպես նախկինում, ամեն ինչ անելու եմ, որ նախկիններն ու նրանց գործելաոճը չլինեն ապագա Հայաստանում։
Կարդացեք նաև
Իշխանության համակիրների վախերին ու Արցախը հանձնելու ընթացքը «կառավարելու» այս հնարավորությանը դեռ կանդրադառնանք։ Հիմա շատ կարևոր է իշխանության մաս կազմող ու հատկապես Ազգային ժողովի պատգամավորների պահվածքը։
Հարգելի՛ պատգամավորներ, պարզ է արդեն, որ արտահերթ ընտրություններն առջևում են ու, ամենայն հավանականությամբ, եթե նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցի, ապա մասնակցելու է առանց Նիկոլ Փաշինյանի, ինչը նշանակում է շատ փոքր շանս, որ նրանք կամ հենց դուք նորից հայտնվելու եք խորհրդարանում։
Այսօր մենք ունենք մի քանի օր, որպեսզի կարողանանք արտահերթ նիստերի և այլ գործիքների միջոցով ձևավորել նոր իրավիճակ (նոր վարչապետ կամ նոր կառավարություն և այլ տարբերակներ), որպեսզի կարողանանք բանակցել կապիտուլյացիայի այս համաձայնագրում կամ դրա տեխնիկական փուլերում մասնակիորեն ուղղել մեր մեջքը։
Հարգելի՛ իմքայլականներ, դուք ունեք պատմական հնարավորություն մասնակցելու ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի՝ արտահերթ նիստին, եթե կուզեք՝ նաև խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացնելուն զուգահեռ։ Միայն այդ դեպքում դուք պարզ ճակատով կարողանալու եք ապագայում քայլել ձեր քաղաքի փողոցներում։ Հակառակ դեպքում, շատ հնարավոր է, որ հայտնվեք այն զազրելի վիճակում, ինչ ժամանակին արեցին ձեր համակիրները Շարմազանովի և մյուսների հետ։
Խնդրում ու քաջալերում եմ ձեզ՝ մաս չկազմել հայ ժողովրդի վերջին հարյուրամյակի ամենախայտառակ կապիտուլյացիային ու դրա իրագործմանը։ Մենք (այդ թվում՝ ես) հավատացել ենք 2018-ի փոփոխություններին և ունենք բարոյական իրավունք՝ փորձելու ճիշտ ուղու վրա դնել մեր «շեղված» քաղաքական գործընկերներին։
Չեմ ուզում ձեզ տեսնել «թավշյա» փլատակներում. դա ցավոտ է լինելու..․ անկեղծորեն չեմ ուզում։


















































