Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեւորգն առաջիններից էր, որ երբ խնդիրներ առաջացան, գնաց Շուշի, թեեւ գիտեր, որ ողջ մնալու հավանականությունը մեծ չէր». Անահիտ Հովսեփյան

Նոյեմբեր 12,2020 23:25

Շուշին պաշտպանելիս կյանքը զոհած Գեւորգ Արշակյանը այսօր դարձավ 24 տարեկան: Հանուն հայկական երկրորդ պետության ազատության զոհված կամավորական զինվորի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները խորհրդանշական մոմավառությամբ այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ ի հիշատակ Գեւորգի եւ պատերազմում իրենց կյանքի գնով մեզ պաշտպանած բոլոր հերոսների:

Գեւորգի մանկության ընկերուհի Գայանեն (լուսանկարում) նրան հիշում է որպես հրաշալի մարդու եւ ընկերոջ, որի հետ դեռ մանուկ հասակից միասին սովորել են, վայելել պատանեկության բերկրանքը: «Գեւորգի հետ մենք սովորել ենք նույն դպրոցում, ընդունվել նույն համալսարանը: Նա եղել է իմ լավ եւ վատ օրերի ընկերը: Երբ ինձ ասում են Գեւորգը չկա, ես ընկալում եմ, որ չկա քաղաքացին, այդ քաղաքացու դիմագիծը, որը Գեւորգն իր հետ տարավ, այն դիմագիծը, որի կարիքը մենք ունեինք: Ասում են՝ Գեւորգը հերոսացավ: Որպես կանոն, մարդիկ հերոսանում են մահվանից հետո, իսկ Գեւորգը ապրում էր որպես հերոս: Նա լիքը օրինակ ուներ եկող սերունդներին տալու, թե ոնց է պետք ապրել եւ ոնց է պետք սիրել հայրենիքը»,-Aravot.am-ին պատմեց նա:

Գայանեն դժվարանում է պատկերացնել, թե ինչպես հնարավոր եղավ, որ Գեւորգը եւ նրա նման շատ-շատերը Շուշիում չպարտվեցին, սակայն այսօր Արցախի հոգեւոր մայրաքաղաքը անցավ թշնամուն: «Ես չեմ ուզում հավատալ, որ այնտեղ, որտեղ ես կորցրեցի իմ ընկերոջը, այնտեղ, որտեղ ես իմ մանկության ընկերոջ հետ ջերմ հիշողություններ ունեմ, այդ տեղն այլեւս իմը չէ: Ես չեմ ուզում հավատալ դրան: Ես պատկերացնում եմ, թե Գեւորգն այս պահին ինչ կասեր: Նա կասեր, որ պետք է ձիգ մնա, պետք է ծառայել հայրենիքին ինչպես ինքը ծառայեց: Ես չեմ կորցրել Շուշին: Շուշին մնացել է իմ մեջ»,-ասաց Գայանեն:

Իսկ Գեւորգի մորաքույրը՝ Անահիտ Հովսեփյանը նշեց, որ չնայած ծնողները սովորեցրել են, որ միմյանց չգովեն՝ դա թողնելով ուրիշներին, այս անգամ կխախտի այդ կանոնը: «Գեւորգը սովորական մարդկանց թվին չէր պատկանում: Նա զբաղվել է ամեն ինչով. հիանալի դաշնամուր էր նվագում, գնացել է ֆուտբոլի, նկարչության: Սակայն որոշել էր, որ պիտի փիլիսոփա դառնա: Նրա մտածողությունն էր այդպիսին: Զուգահեռ սովորում էր նաեւ իրավաբանական ֆակուլտետում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որպեսզի բանակում ինչ-որ բան փոխի:

Գեւորգը ծառայությունն անցկացրել էր Մատաղիսում: Օգոստոսին էր վերադարձել ու ասում էր, թե պետք է գնա եւ շենացնի Մատաղիսը: Այս պատերազմն Արցախի դեմ սկսվելու նույն օրը գնաց ու կամավորագրվեց: Սակայն ասել էին, որ սպասի: Տեղը չէր գտնում, չէր համակերպվում սպասելու հետ: Համալսարանի իր ընկերների հետ մի խումբ կազմեց ու այդպես գնաց: Սկզբում Մատաղիսում էր, իր իսկ խոսքերով ասած՝ Մատաղիսի դրախտում: Թոքաբորբով տուն եկավ, սակայն բուժվելուց հետո վերադարձավ առաջնագիծ: Իսկ երբ առաջացավ Շուշիի խնդիրը, առաջիններից մեկն էր, որ մեկնեց, թեեւ գիտեր, որ ողջ մնալու հավանականությունը արդեն մեծ չէր… ու անմահացավ ամսի 7-ին: Վիրավորվել էր ոտքից, բայց չէր համաձայնել, որ տեղափոխեն հոսպիտալ: Այդպես արնաքամ էր եղել:

Ես Գեւորգից կարող եմ ներողություն խնդրել, որ չեմ հավատացել, որ հայոց փրկությունը կարող է լինել միայն զենքով: Իսկ հիմա մեր փրկության կարեւոր միջոցը պետք է լինի շատ երեխաներ ունենալը, երկիրը հզորացնելը, չհամաձայնելը առաջարկվող ամեն մի ծրագրի եւ պայքարելը: Նկատի ունեմ այն քարտեզը, որ պատերազմն ավարտելու դիմաց հիմա դրվել է մեր սեղանին: Եթե քաղաքականությունը շուկա է, միշտ կարող ես սակարկել: Եվ քանի որ վարչապետն ասում էր, թե Արցախի հետ կապված լուծման տարբերակները նախ պետք է քննարկի ժողովրդի հետ, որ իր որոշումը պետք է լինի տարբեր պահանջներ ունեցող Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի սրտով, դա պիտի հիշեցնել եւ պիտի փորձել բանակցել: Ինձ թվում է, որ ամեն ինչ դեռ կորած չէ: Ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը երբեւէ չի ստորագրի իր մահվան դատավճիռը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութի հեղինակ՝ Մագա Ավդալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30